Հայաստանն այն երկրների շարքում է, ուր ռուսաստանցի զբոսաշրջիկները կուզենային այցելել սահմանները բացվելուց անմիջապես հետո։ Այս մասին են վկայում ռուսական OneTwoTrip զբոսաշրջային հարթակի անցկացրած հարցման արդյունքները։
Ռուսաստանցիների 23,4% -ը նշել է, որ կցանկանար մեկնել մերձավոր արտասահմանի երկրներ. խոսքը Բալթյան երկրների, Հայաստանի, Բուլղարիայի մասին է։ Ռուսաստանցիներին գրավում են նաև Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի քաղաքները, որոնց հաջորդում են Աֆրիկայի, Ասիայի երկրները, ԱՄՆ-ն ու Ավստրալիան։
Զբոսաշրջությունը Ռուսաստանում կվերսկսվի հուլիսի 1-ից։
Նշենք՝ Հայաստանը միշտ էլ գրավիչ է եղել Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների համար։ Նրանց հմայում են ոչ միայն մեր երկրի տարեկան 300 արևոտ օրերը, այլև մաքուր օդը, Արարատ լեռան անկրկնելի տեսարանը, կապուտաչյա Սևանն ու համեղ ուտեստները։
Այդ մասին են վկայում ոչ միայն զբոսաշրջիկների բազմաթիվ պատմությունները, այլև վիճակագրական տվյալները։
Օրինակ՝ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների հոսքն ավելացել է 14,4%-ով։ Ինն ամիսների ընթացքում 1,46 միլիոն զբոսաշրջիկ է եկել Հայաստան, նրանցից 646 հազարը ռուսաստանցիներ են եղել:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 18,5%-ով, Ֆրանսիայից ժամանածներինը՝ 21%-ով, Լիբանանից 29%-ով ավելի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել, Նիդեռլանդներից՝ 23%-ով, Հարավային Կորեայից՝ 37,6%-ով, Չինաստանից՝ 41,7%-ով, Ճապոնիայից՝18,1%-ով: