Ինքնադրսևորման 5 նոր թրենդ. հակաթրենդ հայ աղջիկներից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինքնադրսևորման 5 նոր թրենդ. հակաթրենդ հայ աղջիկներից

Վստահաբար դուք արդեն կարդացել եք «7 բյութի-սխալ հայ աղջիկներից» հոդվածը։ Այսօր կփորձենք անդրադառնալ սոց. ցանցերում  իրական կյանքում մեր վարվելակերպին ու ինքնադրսևորման մեթոդներին. դրանցից որո՞նք են այլևս ժամանակավրեպ, որո՞նք ենք աչք ծակում, իսկ որո՞նք նյարդայնացնում՝ ստորև։

Սկսենք սկզբից`

թարգմանչուհի և համատեղելության կարգով՝Food Photographer

Փորձե՞լ եք հաշվել, թե օրական քանի անգամ ենք մենք ուզած-չուզած տեսնում ծանոթ-անծանոթների նախաճաշերն ու ընթրիքները։ Իսկ երբևէ փորձե՞լ եք պատկերացնել այդ ողջ գործընթացը. լավագույն դեպքում աղջիկը ժամերով ստեղծագործել է խոհանոցում, հետո գտել տան ամենասիրուն սպասքը, լավագույնս ձևավորել սնունդը, ժամերով հարմար ռակուրս ընտրել, որպեսզի ավոկադոն թարմ տեսք ունենա, իսկ ձվածեղը՝ տեղը-տեղին դեղին։ Վատագույն դեպքում ընտրել է ռեստորանի ամենաէլիտար ուտեստը ու այնքան չխկչխկացրել, մինչև ուտեստը սառել է, ախորժակն էլ՝ կորել։ Երկու դեպքում էլ մենք ստիպված ենք անդադար բախվել համովությունների և իմանալ, թե ով ինչ է կերել այսօր։ Վախենամ, մի օր այդ մասին սկսենք լսել երեկոյան լուրերով՝ «Ինստագրամյան օգտատեր Լիլի456-ը այսօր կերել է բրոկոլիով աղցան և սպագետտի կարբոնարա. գործի մանրամասները քննության փուլում են»…

Արվեստը հորդում է… հաճախ՝ գուլպաներից

Դե իհարկե, ոչ ոք չի կարող ոտնահարել ձեր՝ գեղեցիկ գուլպաներ կրելու իրավունը, սակայն արդյո՞ք Վան Գոգն իր հայտնի «Աստղազարդ գիշեր»-ը ստեղծագործել է հենց միայն նրա համար, որ օրերից մի օր այն հայտնվի ձեր պայուսակների, բլուզների, գուլպաների կամ, Աստված չանի, վարտիքների վրա. դժվար թե։ Խորապես հարգելով ձեր մեծ սերն ու նվիրումը արվեստի հանդեպ՝ խնդրում եմ գեղագիտական գլուխգործոցները թողնել թանգարաններում և սեփական անձից սյուռելիզմի, կուբիզմի ու իմպրեսիոնիզմի քայլող մարմնացում չստեղծել. մեկ էլ տեսաք՝ մեկը շփոթվեց ու տարավ մոտակա թանգարան, որպես ցուցանմուշ։

Քայլող «Ազատության արձաններ»

Մի՞թե չեք հանդիպել այնպիսի աղջիկների, որոնք կարծես քայլող Ազատության արձաններ լինեն։ Թվում է՝ նրանք բարձրախոսն առել ու այնքան են խոսում սեփական իրավունքների ոտնահարումներից, որ նրանց իրավունքներն այլևս ժամանակ էլ չունեն՝ ոտնահարվելու։ Նրանք գերզգայուն են. անմիջապես արձագանքում են ցանկացած տեղեկատվության, որտեղ ուղիղ կամ անուղղակի ձևով ոտնահարվել է որևէ կնոջ իրավունք։ Անմիջապես սկսում են մեղադրել բոլորին՝ ԱԺ տղամարդ պատգամավորներից մինչև կողքի հարևան, քրոնիկ հարբեցող պարոն Սամվելին։ Բոլորը մեղավոր են։ Բոլորը խախտում են նրա ու նրա հոգևոր քույրերի իրավունքները։

Չէ՞ որ ես մայր եմ

Եվ ահա, վրա է հասնում մեկ այլ ծայրահեղություն։ «Զիջեք ինձ ձեր տեղը հասարակական տրանսպորտում», «զիջեք ինձ ձեր տեղը հերթի մեջ», «մի մեղադրեք ինձ, որ գոռգռում եմ հասարակական վայրերում», «ես չեմ պատրաստվում աշխատել, պահե’ք ինձ» և այս բոլոր պահանջներին ի արդարացում ու պատճառաբանություն միայն մեկ, ամենակարող արտահայտություն՝ «ՉԷ՞ ՈՐ ԵՍ ՄԱՅՐ ԵՄ»։ Սիրելիներս, մայր լինելը հիասքանչ է, բայց համաձայնեք, որ մենք բոլորս էլ երբեմն հանդիպում ենք մայրիկների, որոնք փորձում են իրենց երեխայի առկայության շնորհիվ «իրենց գործերն առաջ գցել»։ Արդա՞ր է. չեմ կարծում։ Դե այս ամենին ի լրացում էլ՝ «Կմեծացնե՞ք ու լայքեք բալիկիս նկարը. մրցույթի ենք մասնակցում», մնում է միայն պատասխանել՝ «Կլինի՞ դուք մեծացնեք, ես հետո կլայքեմ»…

«Կապույտի մասին»…

Ա՜խ, եթե Չարենցը ժամանակին իմանար, որ կարելի է ընդամենը մի լուսանկար տեղադրել ու դրանով պատմել ամեն ինչ, օրինակ, կապույտի մասին, երևի թե հանճարեղ «Ծիածան»-ը այդպես էլ չէր ծնվի։ Խոստովանեք, որ մենք բոլորս տեսել ենք պարմանուհիների խորհրդավոր և արվեստոտ լուսանկարների, որոնց նկարագրության բաժնում հակիրճ և խորիմաստ գրված է՝ «աղջկա, արևածագի և ոսկեգույնի մասին…»։ Այո, կրկին արվեստը հորդում է, իսկ պոեզիան այլևս չի տեղավորվում մեր աղջիկների փոքրիկ մարմիններում… Ավելին, մենք բոլորս գոնե մեկ անգամ երևի այդպես վարվել ենք, կամ գոնե մտածել ենք այդ մասին. այդտեղ որևէ կրիմինալ բան չկա, սակայն այս «թրենդն» արդեն վաղուց ժամանակվրեպ է։

vnews.am