Կոմպրոմատը՝ ներքին քաղաքականության հիմնաքար
Advertisement 1000 x 90

Կոմպրոմատը՝ ներքին քաղաքականության հիմնաքար

Որպես նախաբան

 Դոնալդ Թրամփի ընտրությունների ժամանակ, շնորհիվ այն սկանդալային, բայց փաստերով չհիմնավորված հրապարակումների, թե Մոսկվան Թրամփին վարկաբեկող որոշակի տեղեկություն ունի, համաշխարհային լեքսիկոնը հարստացավ նոր բառով՝ «kompromat»։ Կոմպրոմատը հնարավոր չէ մեկ բառով հայերեն թարգմանել, լավագույն տարբերակը Վիքիբառարանն է առաջարկում՝ հեղինակության, վարկանիշի անկման բերող տեղեկություններ։ Բայց դե սա թարգմանություն չես կարող անվանել։  Ու չնայած բառի համարժեքը հայերենում չկա, սակայն հասկացությունն ամենաակտիվ դերերից մեկն է խաղում մեր ներքին կյանքում, համենայնդեպս՝ անկախացումից հետո։

Կոմպրոմատի արմատները

Աշխարհի հավանաբար բոլոր երկրները ձգտում են վարկաբեկիչ տեղեկություններ հավաքել իրենց իրական կամ հավանական հակառակորդների վերաբերյալ։ Այդ տեղեկությունների միջոցով անվտանգության ծառայությունները միշտ էլ փորձել են հավաքագրել այլ երկրների դիվանագետներին, պետական, քաղաքական գործիչներին ու նրանցից ռազմական ու քաղաքական բնույթի գաղտնի տեղեկատվություններ ստանալ։ Բազմաթիվ քաղաքական ու տնտեսական խնդիրներ են լուծվել, պայմանագրեր են կնքվել ու լուծվել՝ համապատասխան մարդկանց կոմպրոմատներով (ասենք՝ ֆինանսական կասկածելի գործարքների տվյալներ, ոչ ավանդական սեքսի լուսանկարներ ու ձայնագրություններ, և այլն) ահաբեկելով ու շանտաժի ենթարկելով։ Ասում են՝ այդ գործում անվիճելի առաջատարը КГБ-ն էր։

Կոմպրոմատի զարգացումը նոր անկախ պետություններում

ԽՍՀՄ փլուզումից հետո, նոր անկախ պետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Հայաստանում, կոմպրոմատը մուտք գործեց նաև ներքին քաղաքական ու տնտեսական կյանք։ Այն սկսեց օգտագործվել քաղաքական ու, ոչ միայն, հակառակորդներին ոչնչացնելու, բիզնես հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Կարծում եմ՝ դրան օգնեց նաև, այսպես կոչված, ազատ մամուլի ստեղծումը, որտեղ հարմար տեղավորվեցին հաճույքով իրենց վաճառքի հանող որոշ լրագրողներ։ Նրանք պատրաստ էին համապատասխան վճարի դիմաց անվարան փորփրել կեղտոտ սպիտակեղենը, ամեն տեսակի վարկաբեկիչ տեղեկություններ հավաքել, եթե հնարավոր չէ, ապա դրանք ստեղծել՝ քողարկվելով «օդում պտտվող լուրերի» հովանու տակ։

Այսինքն՝ առաջ էլ դա արվում էր, բայց անհատական մակարդակով, ասենք ՝ մի բիզնեսմեն փորձում է մեկ ուրիշին վարկաբեկել ու գործը խլել, ղեկավարի տակը փորել ու նրա աթոռին տիրանալ։ Տարբերությունն այն էր, որ դա սկսեց արվել համակարգված, պետական մասշտաբով, և ոչ թե ինչ-որ մեկին տվյալ պահին պատժելու կամ վարկաբեկելու համար, այլ բոլորին, մի տեսակ՝ պատանդ, պահելու նպատակով։

Կոմպրոմատի հիմնական նպատակը

Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա՝ կոմպրոմատի հիմնական նպատակը ձեռք բերած նյութերը հանրայնացնելը չէ։ Կոմպրոմատը հասարակությանը ներկայացնելով, ճիշտ է, կարելի է վարկաբեկել, նույնիսկ՝ կարճաժամկետ չեզոքացնել մրցակցին ու հակառակորդին, բայց դրանով  իսկ նրան ազատություն ես տալիս, և նա կարող է արդեն, կորցնելու ոչինչ չունենալով,  անվախ կենաց-մահու պայքարի դուրս գալ։ Մեր ղեկավարները սա լավ էին հասկանում, և անտեղի կոմպրոմատները չէին մասսայականացնում։ Պարզապես ակնարկում էին, որ այս կամ այն փաստերն ունեն ձեռքի տակ ու ցանկացած պահի կարող են օգտագործել։ Սա, անկասկած, ամենասարսափելին է։ Իսկ եթե, այնուամենայնիվ, նյութը հրապարակվում էր (Արշալույս գյուղի հայտնի խնջույքի տեսագրությունը, հայտնի լրագրողներից մեկի սիրային արկածները և այլն), ապա դա արվում էր, ավելի շուտ, զոհերին ու պոտենցիալ զոհերին զգուշացնելու և ահաբեկելու համար։

Կոմպրոմատը 2000-ականներին

2000-ականների կոմպրոմատը դարձավ էլ ավելի համակարգված ու համընդհանուր։ Երկրում քաղաքական ու տնտեսական այնպիսի իրավիճակ էր, երբ բնակչության գերիշխող մասը կամա թե ակամա թաթախվել էր կոռուպցիայում։ Առկա էին կոռուպցիայի բոլոր տեսակները՝ վարից վեր, վերից վար, անհատական ու խմբային։ Գրեթե բոլորը խախտում էին օրենքը, ու դրա համար ոչ ոք ոչինչ չէր ասում։ Լուռ գրանցում էին կոմպրոմատը ու պահում համապատասխան պահոցում։ Իսկ եթե հանկարծ փորձ էին անում քննադատել իշխող ռեժիմը, կոմպրամատն անմիջապես երևան էր գալիս, «պարզվում է՝ հարկերը թաքցրել է, փող լվացել, պարզվում է՝ զենքի գործածմամբ կռիվ է սարքել, գնումների կարգն է խախտել», և այլն։

Հիշում եք նախկին Նախագահի խոսքը «Բարգավաճ Հայաստանի» իր գործընկերոջը, որը մի քիչ ոգևորվել էր ընդդիմություն խաղալիս։ Փաստացի ասաց, որ նրա հանցանքների մասին բազմաթիվ փաստեր ունեն ու անմիջապես դրանք մեջտեղ կբերեն, ավելացնելով, թե մինչ այդ ինքն անձամբ չի թողել, որ նրան պատժեն։ Բնականաբար, «ընդդիմադիրն» ապաշխարեց, ու կոմպրոմատները նորից զբաղեցրին իրենց տեղը համապատասխան պահոցում։

Ցավոք, ամբողջ ժողովուրդն էր դարձել պատանդ։ Եթե անգամ կային փոքրաթիվ մարդիկ, որ բացարձակ ազնիվ էին, նույնիսկ ավտոտեսուչին կաշառք չէին տվել, միևնույն է, հո մենակ չե՞ն ապրում։ Ի վերջո, ամուսին ունեն կամ կին, երեխա, քույր ու եղբայր, քավոր ու հարևան։ Թույլ տեղը գտնում էին։ Մի քանիսը, այնուամենայնիվ, անգամ այս պարագայում, նույնիսկ քաջ գիտակցելով հետևանքները՝ շանտաժի չէին ենթարկվում։ Բայց դե, չի կարելի պահանջել, որ ողջ ազգը հերոս լինի։

Կոմպրոմատն այսօր

Այսօր համակարգային կոռուպցիան կարծես վերացել է, եթե անգամ չի վերացել, համենայնդեպս՝ նկատելի նվազել է։ Այսօր կարելի է հանգիստ աշխատել՝ առանց կոռուպցիայի ոստայնում հայտնվելու։ Եթե անգամ ինչ-ինչ դեպքում քեզ դեպի կոռուպցիա են մղում, կարելի է հայտնել այդ մասին ուր որ հարկն է… Մի բան էլ շնորհակալություն կասեն։ Այսինքն՝ կարծես թե կարելի է ապրել ազատ ու անկախ, առանց վախենալու շանտաժի ենթարկվելուց ու կոմպրոմատից։

Ցավոք, դա այդպես չէ։ Չէ՞ որ դեռ մնում են նախկինների հավաքած լայնածավալ թղթապանակները, որ իշխանության հետ ժառանգեցին նոր ղեկավարները։ Պահպանվել է նաև նախկին գործելաոճը։

Խնդրեմ, տեսչական մարմնի նախկին ղեկավարը համարձակվում է քննադատել վարչապետին Ամուլսարի հարցում, անմիջապես հետևում է պատասխանը՝ այս մարդուն գործից ազատել ենք ոչ կոմպետենտության համար։ Բա որ այդպես էր, ազատելիս ինչո՞ւ այդ մասին չէիք ասում։ Իսկ ինչո՞ւ ասեին, մանր կոմպրոմատ է, թող մնա, պետք կգա, ու պետք եկավ։ Մյուսը՝ պարզվում է՝ աղիողորմ աշխատանք է խնդրել, մերժում ստացել և դրա համար է բողոքում։ Երրորդն իր գիտական թեզում բառացի թարգմանություն է գործածել, կարծես այլ թեզերում այդպես չէ։ Սակայն այս մեկին պատժում են։

Բայց կոմպրոմատի գործածման փորձի լավագույն օրինակը ճնշումն է Սահմանադրական դատարանի նախագահի վրա։ Անցանկալի անձից ազատվելու համար նախ հորդորեցին ինքնակամ դուրս գալ, հետո՝ փաստացի կաշառք առաջարկեցին՝ աշխատավարձի պահպանում, վաղաժամ կենսաթոշակ, անձեռնմխելիություն և այլն, եթե որոշակի ժամկետում հրաժարական տա։ Երբ դա էլ չանցավ, մեջտեղ հանեցին կոմպրոմատը, թե իբր տարիներ առաջ պաշտոնական դիրքն է չարաշահել… Ու քանի որ մեղադրանքը բավականին հեղհեղուկ է, ապացուցելն էլ երկարատև և դժվար պրոցես է, ձեռքի հետ էլ, մեկ մարդու պատժելու համար, օրենսդրական փոփոխություն են նախապատրաստում։

Իսկ «Սիթիի» գործից ձայն չկա, երբ հարկերի վճարումից մասսայական խուսափելը փաստացի ապացուցվել էր, ՊԵԿ-ի նախկին պետն էլ մոռացվեց, 50-50-ն էլ, մյուսներն էլ… նույնիսկ «մերժիր Սերժինը» տվյալ պահին արդիական չէ, որոշ բարեկամների «կպնելով»՝ հասկացրին, թե ինչ կարող են անել։ Նրանք էլ ընդունեցին խաղի կանոնները։ Էլ ինչո՞ւ անիմաստ վատնեն կոմպրոմատը։ Թող մնա, երբ պետք լինի ներքաղաքական ինչ-ինչ հարցեր լուծել, ջրի երես դուրս կհանեն։

Վստահ եմ, որ դրա համար էլ քաղաքական գնահատական չի տրվում նախորդներին, լյուստրացիա չի արվում։ Եթե ամբողջ կոմպրոմատը մի օրում բացեն, բա հետո ո՞նց են մրցակիցներին ու հակառակորդներին շանտաժի ենթարկելու։ Չէ՞ որ դեռ իշխանությունն ամրապնդելու խնդիր կա, ընտրություններ կան։

ՏԻԳՐԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ