Ինչո՞ւ ավելորդ քաշ ունեցող որոշ մարդիկ գրեթե առողջ են, իսկ մյուսները տառապում են դիաբետից եւ սրտի հիվանդություններից
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ ավելորդ քաշ ունեցող որոշ մարդիկ գրեթե առողջ են, իսկ մյուսները տառապում են դիաբետից եւ սրտի հիվանդություններից

Ինչո՞ւ ավելորդ քաշ ունեցող որոշ մարդիկ գրեթե առողջ են, իսկ մյուսները տառապում են դիաբետից եւ սրտի հիվանդություններից։ Բրիտանացի գիտնականները պարզել են, որ գոյություն ունեն հատուկ գեներ, որոնք պատասխանատու են ճարպային զանգվածի բաշխման համար։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, ճարպակալումից տառապում է մարմնի զագվածի 30-ից բարձր ինդեքս (ՄԶԻ) ունեցող մարդը։ Բայց նույն ՄԶԻ ունեցող երկու մարդիկ կարող են ունենալ ճարպի ոչ նույն քանակություն եւ մարմնում դրա բաշխման տարբեր բնույթ։ Եվ օրգանիզմի շատ տարբեր վիճակ. նրանցից ոմանք տառապում են լուրջ հիվանդություններից, իսկ մյուսները համեմատաբար առողջ են թվում։

Կարծիք կա, որ ենթամաշկային ճարպը պակաս վնասակար է, քան ներքին օրգանների, օրինակ՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի կամ սրտի շուրջ գտնվող ճարպը։ Երկրորդ դեպքում մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում երկրորդ տեսակի դիաբետով եւ տառապում են սրտի հիվանդություններից։

Բրիտանացի գիտնականները համոզվել են, որ հենց գեներն են որոշում, թե ինչպես եւ որտեղ այդ ճարպը կպահպանվի։ Այսինքն՝ մարդը կունենա «նպաստավո՞ր», թե՞ «անբարենպաստ» ճարպակալում. ամեն բան կախված է բացառապես ժառանգականությունից։

Հետազոտությունում, որն անցկացվել է Վինչեսթերի համալսարանի հետ համագործակցությամբ, օգտագործվել են ֆիննական FinnGen նախագծի եւ բրիտանական բիոբանկի տվյալները։ Գիտնականները հավաքել են տեղեկություններ 37-73 տարեկան 500 000 մարդուց 2006-2010թթ.։

Գիտնականները հայտնաբերել են, որ իրենց ուսումնասիրած 37 հիվանդություններից 12-ը, ներառյալ սրտի իշեմիկ հիվանդությունը, կաթվածը եւ երկրորդ տեսակի դիաբետը, ուղղակիորեն կապված են այն գեների հետ, որոնք որոշում են ճարպակալման տեսակը՝ «բարենպա՞ստ» է այն, թե՞ ոչ։ Բայց հետազոտողները նախազգուշացնում են, որ անկախ ճարպակալման տեսակից՝ ավելորդ քաշն ինքնին վտանգավոր է առողջության համար։

Անգամ «հաջող» ժառանգականություն ունեցող մարդիկ ճարպի բաշխման առումով, որոնք դրա հետ մեկտեղ նաեւ ճարպակալում ունեն, ենթակա են լեղապարկում քարերի, ասթմայի եւ փսորիազի առաջացման ռիսկերին։

«Մեր արդյունքները նաեւ վկայում են այն մասին, որ բոլոր մարդկանց համար օգտակար է ազատվել ավելորդ ճարպից, անգամ եթե նրանք մետաբոլիկ առումով առողջ են»,- ասել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Թիմոթի Ֆրեյլինգը։

news.am