Արկածային տուրիզմ, հրաշալի խոհանոց, պատմամշակութային վայրեր. ՀՀ-ն ռուս զբոսաշրջիկների համար գրավիչ կլինի
Advertisement 1000 x 90

Արկածային տուրիզմ, հրաշալի խոհանոց, պատմամշակութային վայրեր. ՀՀ-ն ռուս զբոսաշրջիկների համար գրավիչ կլինի

Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր զբոսաշրջային շուկա է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը` ողջունելով կառավարության քայլերն` ուղղված ռուս զբոսաշրջիկներին Հայաստան բերելուն:

«Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասը հենց Ռուսաստանի քաղաքացիներ են: Այսինքն` ռուս զբոսաշրջիկների կողմից կա հետաքրքրություն, բայց այն մեծ շուկա է և շատ ճիշտ է այդ ուղղությամբ աշխատանք տանելը: Մասնավորապես, որոշում կայացվեց, որ Ռուսաստանի քաղաքացիներն առանց արտասահմանյան անձնագրի կարողանան մուտք գործել Հայաստան: Դա կնպաստի դեպի Հայաստան ռուս զբոսաշրջիկերի թվի ավելացմանը: Մանավանդ, որ երկու երկրների բնակիչները լեզվի արգելք չունեն, իսկ դա կարևոր է յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար»,-ասաց Կարինե Դավոյանը` նշելով, որ ռուս զբոսաշրջիկներին ներգրավելու աշխատանքը պետք է Մոսկվայից բացի կատարել նաև այլ ռուսական քաղաքներում:

Կարինե Դավոյանը նշեց, որ Հայաստանը ռուս զբոսաշրջիկներին շատ բան ունի առաջարկելու` պատմամշակութային, զվարճանքի վայրեր, արկածային տուրիզմ, հրաշալի խոհանոց, բնության հուշարձաններ: Նրա խոսքով, հնարավորությունները շատ են, պարզապես այդ ուղղությունները զարգացնելու համար անհրաժեշտ է պետության աջակցությունը: Կարինե Դավոյանը նկատեց, որ նորաստեղծ Զբոսաշրջության կոմիտեն բավական ակտիվ է և իրենց կողմից բարձրացրած հարցերին ընթացք է տալիս:

Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` Կարինե Դավոյանը առաջնահերթ համարեց գնագոյացման դաշտում մրցակից լինելը:

«Քանի որ շատ երկրներից ուղիղ չվերթներ չկան դեպի Հայաստան, հետևաբար դա խնդիր է բազմաթիվ զբոսաշջիկների համար: Մի քանի կանգառով թռիչքը թե ժամանակի, թե գումարի առումով ձեռնտու չէ: Ցանկալի կլիներ, որ ուղիղ չվերթների հարցում դրական տեղաշարժ լիներ»,-ասաց Կարինե Դավոյանը:

Նա անդրադարձավ մեկ այլ խնդրի, մասնավորապես այն, որ Վրաստանից տուրիստական ընկերությունները զբոսաշրջիկների խմբեր են բերում Հայաստան` հարկային որևէ գործընթաց չիրականացնելով: Այդ դեպքում մրցակցությունից դուրս են մնում Հայաստանի ավտոբուսային, տուրիստական ընկերությունները: Ի դեպ, Կարինե Դավոյանը նշեց, որ այդ դեպքերում զբոսաշրջիկներին Հայաստանի պատմությունը ներկայացնում են վրացի գիդերը, որը նա ճիշտ չի համարում: Կարիե Դավոյանի խոսքով, այս հարցերը ևս բարձրացվել են համապատասխան կառույցերի մոտ:

Հունվարի 26-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հանձնարարականներով: Նա նշել է, որ հունվարի 24-ին Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում որոշում է կայացվել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար ՀՀ մուտք գործելը հնարավոր լինի ապահովել առանց արտասահմանյան անձնագրի: Նա հանձնարարել է Զբոսաշրջության պետական կոմիտեին, այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով, ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ: