Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, որ բջջային խաղերով տարվելը բացասաբար է ազդում երեխաների եւ դեռահասների աչքերի առողջության վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Eye գիտական ամսագրում։
Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ էկրանին երկար ժամանակ նայելը կապված է երեխաների եւ դեռահասների կարճատեսության արագ զարգացման հետ։ Բացի այդ, աչքերի հոգնածության եւ լարվածության առաջացման հավանականությունն ավելանում է սմարթֆոններն ավելի քան երկու ժամ օգտագործելուց հետո։ Թվային սարքերի դիսփլեյների առջեւ շատ երկար ժամանակ անցկացնելը կապված է բացասական հետեւանքների հետ երիտասարդների ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար։
Հետազոտությանը մասնակցել են մինչեւ 15 տարեկան 36 երեխա եւ դեռահաս։ Նրանց խնդրել են Despicable Me: Minion Rush եւ Racing Penguin բջջային խաղեր խաղալ iPhone-ով մեկ ժամ անընդհատ։
Արդյունքները ցույց են տվել, որ աչքի արցունքաթաղանթի ֆունկցիան 60 րոպեի ընթացքում չի փոխվել, բայց թարթելու հաճախակիությունը զգալիորեն նվազել է՝ րոպեում 21-ից հասնելով 9-ի։ Ժամանակային միջակայքը ավելացել է մոտ եռակի՝ երեքից ինը վայրկյանի խաղի առաջին րոպեի ընթացքում։
«Սմարթֆոնների օգտագործումը երեխաների մոտ հանգեցնում է աչքերի չորության եւ թարթելու կայուն դանդաղման, ընդ որում՝ ոչ մի փոփոխություն արցունքի ֆունկցիայում չի նկատվում մեկ ժամվա ընթացքում։ Հաշվի առնելով սմարթֆոնների համատարած օգտագործումը երեխաների կողմից՝ ապագա աշխատանքը պետք է պարզի՝ պահպանվո՞ւմ են արդյոք այստեղ նկարագրված էֆեկտները, թե՞ վատանում են հետագայում՝ առաջ բերելով աչքերի մակերեսի կումուլյատիվ վնասվածք»,- ամփոփել են հետազոտության հեղինակները։