2017 թվականին զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաէժան քաղաքը ճանաչվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան: Այդ մասին հաղորդում է Նորրա ընկերության կայքը, որն օդանավակայաններում զբաղվում է տրանսֆերով:
Ֆիրմայի փորձագետները պարզել են, որ հանգստի մեկ օրը Սոֆիայում մեկ ճանապարհորդի վրա նստում է 47,8 դոլար: Այդ գումարի մեջ մտնում է հյուրանոցի համարի վճարը, ուտելը, խմիչքները, տաքսիով ուղևորությունները և ժամանցը:
Զբոսաշրջիկների համար էժանությամբ երկրորդ քաղաքը Կահիրեն է (Եգիպտոս): Այստեղ հանգստացողը մեկ օրում կծախսի միջին հաշվով 48,9 դոլար: Եռյակը եզրափակում է Իսպանիայի Կարտահենա բնակավայրը (49,7 դոլար):
Չորրորդ տեղը բաժին է հասել Բուխարեստին: Ռումինիայի մայրաքաղաքում հանգիստը գնահատել են մոտավորապես 55 դոլար: Հինգերորդ հորիզոնականը 55,03 դոլար արդյունքով բաժին է ընկել Անթալիային (Թուրքիա): Վարկանիշի առաջին տասնյակում նվազման կարգով նաև ընդգրկվել են Կամբոջայի Սիեմրեալ քաղաքը, Կիևը, Մանիլան (Ֆիլիպիններ), Մեխիկոն և Սլիման (Մալթա):
Էժան տուրիստական ուղղությունների ցուցակում, որը բաղկացած է 84 ուղղություններից, նաև տեղ է գտել Մոսկվան: Զբոսաշրջիկը Ռուսաստանի մայրաքաղաքում կարող է հաճելի ժամանակ անցկացնել մոտավորապես 83,6 դոլարով: Այս ցուցանիշով քաղաքն զբաղեցրել է 34-րդ տեղը:
Նորրայի մասնագետները 2016 թվականին ճանապարհորդների համար առավել բյուջետային քաղաքը էին ճանաչել Բուդապեշտը: Առաջատարների եռյակում նաև հայտնվել էին Բանգկոկը և պորտուգալական Ֆարուն: