10 կանոն լավ հայր լինելու համար
Advertisement 1000 x 90

10 կանոն լավ հայր լինելու համար

Ընտանեկան հոգեբանություն

Հայր. պատասխանատվություն, պաշտպանվածություն, քնքշանք, ապահովություն, ուժ, վստահություն, ներշնչանք, աջակցություն, թիկունք, հանգստություն, երջանկություն: Ահա այն զգացողությունները, որոնք հոր ներկայության դեպքում պետք է ապրի և զգա յուրաքանչյուր երեխա: Միշտ չէ, որ նման ցանկալի պատկեր կա ընտանիքում, սակայն միշտ կա ճանապարհ դրան հասնելու: Ձեզ կներկայացնենք մի քանի կանոն կամ ուղիներ՝ երեխայի համար իրապես լավ հայր լինելու համար:

Միանշանակ ընդունում

Այս արտահայտությունը պատկանում է մանկական հոգեբան Յուլյա Գիպենրեյտերին: Նա իր գրքում գրում էր, որ երեխային պետք է սիրել ոչ թե ինչ-որ բանի համար, այլ ուղղակի, սիրել նրա գոյությունը: Նա կարող է ձեզ բարկացնել կամ տխրեցնել, սակայն հիմնական, ֆունդամենտալ սիրո զգացումը նման զգացողություններից չպետք է կախված լինի: Եվ առհասարակ, պետք չէ երեխային ակնարկել, որ նրան կսիրեն որոշակի վարքի դրսևորման համար: Երեխան պետք է վստահ լինի, որ ինքն ուրախություն է, որ սիրված է՝ անկախ իրավիճակներից:

Երբեք երեխայի հետ անցկացրած ժամանակը չհամարեք զուր վատնում

Երեխայի հետ անցկացրած ժամանակը հաճախ մեծահասակի համար ժամանակի զուր վատնում է ընկալվում: Սակայն դա այդպես չէ, քանի որ երեխայի հետ անցկացրած յուրաքանչյուր ժամը ներդրում է երջանիկ մանկության ստեղծման մեջ: Երջանիկ մանկությունը ենթադրում է, նախ և առաջ, ապահովության և պաշտպանվածության զգացում: Հետևաբար՝ երեխայի հետ պետք է խաղալ, զարգացնել, ժամանակ տրամադրել, լսել, սիրել, փայփայել և քայլել նրա հետ հավասար՝ հանուն երջանիկ մանկության և հոգեբանորեն առողջ հասունության:

Թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ

Հասկանալի է, որ առանց արգելքների հնարավոր չէ, հակառակ դեպքում՝ երեխան կարող է կյանքին սպառնացող քայլերի գնալ՝ չունենալով զգուշավորության և վտանգի զգացողություն: Սակայն միշտ կա գայթակղիչ ճանապարհ՝ արգելել ամեն ինչ, բացառապես շատ քիչ երևույթների, որոնց իրականացումն այդքան էլ չի վնասում մեծահասակի համբերությանը և ժամանակին: Ընդունելի և զարգացմանը նպաստող ճիշտ ճանապարհն ամենաթողությունն է՝ բացառապես ֆիզիկական և կյանքին վնասող արարքների: Եթե Ձեր փոքրիկը որոշել է պատռել թերթը կամ խորանարդիկները գցել պահարանի վրա, ապա բղավելուց առաջ մի պահ մտածեք՝ արժե՞ արդյոք Ձեզ համար անհասկանալի, սակայն Ձեր փոքրիկի համար հետաքրքիր այդ արարքն ընդհատել՝ զուտ արգելելու համար:

Երեխաներն անում են ոչ թե այն, ինչ իրենց ասում են, այլ այն՝ ինչ անում են ծնողները

Այս սկզբունքն առանձնակի բացատրություն չի պահանջում: Եթե դուք ինքներդ հաճախ թափթփված իրեր եք թողնում, մշտական կարգապահություն չեք ապահովում տանը, ապա երեխայից պահանջել միշտ հավաք պահել խաղալիքները՝ ուղղակի անմիտ է: Երեխաները միշտ կրկնօրինակում են ծնողներին: Ձեր վարքն առավել արդյունավետ դաստիարակչական լծակ է, քան խոսքերը:

Շտկեք Ձեր  պատկերացումները երեխաների արժեքային համակարգի վերաբերյալ  

Երեխայի վարքը մեծահասակի կողմից կարող է հաճախ դիտվել՝ որպես խենթություն: Նրանք կարող են իրենք իրենց հետ խոսել, առանց հոգնելու՝ զբոսայգում ակտիվ խաղալ: Նրանք ունեն իրենց աշխարհը, ընկալումները, տարիքային պահանջները միջավայրից: Պետք չէ մեծահասակի սահմանային և սոցիալական հոգսերով ծանրաբեռնված աշխարհընկալումը դնել երեխայի ուսերին՝ պահանջելով իրեն զուսպ պահել: Փորձեք հասկանալ երեխայի ներաշխարհը:

Հարգեք երեխայի անձը

Լրջորեն ընդունեք Ձեր երեխային: Հազվադեպ նրան փաստի առաջ կանգնեցրեք և առավել շատ խորհրդակցեք, ի՞նչը լավ կլինի՝ իր կարծիքով, ինչը՝ վատ: Նրա կարծիքը կարևորեք այնպես, կարծես նա լիիրավ անդամ է և ունակ է խորհուրդ տալու: Դժվար թե այդ տարիքում երեխան ինչ-որ խնդիր լուծող առաջարկ անի, սակայն պատկերացումը, որ նա ինչ-որ բան ասեց, և դա ընդունվեց՝ նպաստում է նրա անձի առողջ ձևավորմանը:

Մի զլացեք բացատրել ամեն մի պահանջ, ցանկություն, հրահանգ

Ամենակործանիչ պատասխանը, որ կարող եք տալ երեխայի հարցին, այն է՝ §Դու դեռ փոքր ես, չես հասկանա¦: Ավելի հեշտ է ասել, որ նա հիմարիկ է, քանի որ երեխան հենց այդպես էլ ընկալում է այդ արտահայտությունը: Պետք չէ երեխային ներշնչել անինքնավստահություն սեփական ուժերի և հասկանալու կարողության հանդեպ: Բացատրեք ամեն բան, եթե նույնիսկ նա գլխով համաձայնության նշան անի, սակայն չհասկանա, թե ինչ էիք իրականում ասում, միևնույն է, նա իրեն հասուն և Ձեզ համար կարևոր է զգում: Իսկ դա ամենակարևորն է իր համար:

Մի վախեցեք մեղմ լինելուց

Գոյություն ունի թերապևտիկ գրկախառնության գաղափար, ըստ որի՝ յուրաքանչյուր մարդ կարիք ունի քնքշանքի և հոգատարության: Լավագույն դեպքում մարդն օրվա կտրվածքով պետք է չորս անգամ գրկախառնվի՝ իրեն լավ զգալու համար: Դա՝ մեծահասակների համար: Պատկերացրեք, թե երեխաների համար որքան կենսական նշանակություն ունի՝ իրեն զգալ Ձեր մի մասը, զգալ ապահովություն Ձեր գրկում: Հետևաբար՝ մի վախեցեք մեղմ լինելուց, գրկեք և թույլ տվեք,որ այդ ապահովության մթնոլորտում ծաղկի Ձեր ամենանուրբ ծաղիկը:

Մի՛ քննարկեք երեխային իր ներկայությամբ

Պետք չէ քննարկել երեխայի արարքներն այլ մարդու ներկայությամբ, նույնիսկ, եթե այդ մարդը մյուս ծնողն է: Այն ամենը, ինչ վերաբերում է երեխայի խիստ անձնական վարքին, գործողություններին, նրա հուզական ապրմանը՝ քննարկումը չի խրախուսվում: Դուք այդ քայլով կոտրում եք այն պաշտպանական պատնեշը, որն իրեն ապահովություն էր տալիս: Նա իրեն անպաշտպան է զգում և դառնում է հոգեբանորեն խոցելի:

Ջանացեք երեխային տալ ոչ թե ամենալավ բանն աշխարհում, այլ ամենալավը Ձեր ներսից

Վերջին կանոնը. դուք երբեք չեք կարող բոլորին գերազանցել երեխայի դաստիարակման մեջ՝ ապահովել նյութական բավարարվածություն: Միշտ կգտնվի մեկ ուրիշը, ով առավել մեծ հնարավորություններ կունենա: Թող Ձեր հարևանը երեխային ամենաթանկ խաղալիքը գնած լինի, միևնույն է, այն չի փոխարինի միասին թղթի վրա սոսնձած արևին, որն իր մեջ այնքան մեծ հոգեբանական բավարարվածություն է պարունակում, քան նյութական ակնթարթային ուրախությունը:

Մի՛ համեմատեք և մի՛ զլացեք իրապես սիրել սեփական երեխաներին:

Կամիլա Խաչատրյան

Հոգեբան