Առաջին հայ լրագրողն, ում հաջողվել է անձամբ զրուցել Դալայ Լամայի հետ, Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ է խորհուրդ տվել բուդդայականների առաջնորդը`հայերի և թուրքերի հաշտեցման համար:
Վերջերս Կոմերսանտին տված հարցազրույցում, Դալայ Լաման խոստովանել է՝ երազում է, որ ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակը տեղափոխեն Մոսկվա: Նրա խոսքերով՝ դրանից բոլորը կշահեն:
Հովհաննես Հակոբյանին բախտ է վիճակվել մոտիկից ծանոթանալ Դալայ Լամայի հետ և հաղորդակից դառնալ այն արժեքներին, որը տիբեթցիների հոգևոր առաջնորդը քարոզում է 2006 թվից:
Լրագրողների փոքր պատվիրակության կազմում Հովհաննես Հակոբյանը 2006-ին ուղևորվեց Դալայ Լամայի հետ հանդիպման: Մոսկվայից նա մեկնեց Դելի, հետո ավտոբուսով հասավ Հիմաչալ Պռադեշ նահանգի Դխարամսալա քաղաք, որտեղ գտնվում է Դալայ Լամայի նստավայրը:
Հակոբյանին և նրա երկու գործընկերներին հաջողվել է 2 ժամ լսել Դալայ Լամային:
«2 ժամ 40 րոպե նա խոսել է հայերի մասին: Քանի որ առաջին հարցի հնարավորությունն ինձ բաժին հասավ, ես հարցրի Հայոց Ցեղասպանության և արցախյան հիմնախնդրի մասին», — պատմել է Հակոբյանը:
Բուդդաների առաջնորդը երկար խոսել է Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի զանգվածային կոտորածի մասին և ասելիքը եզրափակել է հետևյալ խոսքերով՝ հայերը պետք է ներեն թուրքերին:
Հակոբյանն ասել է, որ հայերը պատրաստ են ներել, եթե թուրքերը ներողություն խնդրեն:
«Նրանք պետք է ներողություն խնդրեն, իսկ դուք պետք է ներեք. դա է միակ ճանապարհը», — ասել է Դալայ Լաման:
Ինչպես նշում է Հակոբյանը` Արցախի հիմնախնդրի մասին նա խոսել է ոչ երկար:
Արցախի հիմնախնդիրը նման է տիբեթականին: Միայն մեկ տարբերությամբ՝ տիբեթցիները համաձայն են ինքնավարության, իսկ հայերը ձգտում են անկախության:
Խոսելով բուդդայականների առաջնորդի հոգևոր որակների մասին` Հակոբյանը նշել է, որ վերադարձից մի քանի ամիս անց էլ նա դեռ տպավորության տակ էր: «Նա աներևակայելի վառ անձնավորություն է, աներևակայելի: Աշխատանքի բնույթից ելնելով՝ ես հանդիպել եմ շատերի հետ, այդ թվում բարձրաստիճան անձանց, բայց նման անձնավորություն ես կյանքում չէի տեսել: Ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ իմ կյանքը բաժանվում է Դալայ Լամայի հետ հանդիպումից առաջ և հետո հատվածների», — ասել է Հակոբյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դալայ Լաման հաճախ ծիծաղում էր, շատ կենսուրախ էր, և թողել է շատ հետաքրքիր մարդու տպավորություն:
Բուդդայականների առաջնորդը տիբեթական աստվածաբանության դոկտոր է: Դա նշանակում է, որ նա պատասխանել է 20 հազար հարցի՝ սկսած աշխարհաստեղծումից մինչև ապագայի կանխատեսում:
Հակոբյանի խոսքով` նա շատ լավատես մարդ է, չնայած իր դժվար կյանքին:
«Նա շատ գլոբալ է մտածում, գիտի ամեն ինչի մասին, շատ դրական է տրամադրված, շատ կենսուրախ է: Մի քանի տարի առաջ նա հայտարարել է, որ աշխարհին պետք չեն կրոններ, կա միայն մեկ կրոն՝ սերն ու բարությունը: Եվ միայն դա է պակասում մարդկանց` աշխարհում ամեն ինչ լավ լինելու համար», — պատմել է Հակոբյանը:
Բուդդայականությունը ավելի շատ փիլիսոփայական ուղղություն, քան կրոն համարող լրագրողը միանգամայն համամիտ է նրա հետ: Հակոբյանը կատակում է` ասելով, որ Աստված ինքն էլ է բուդդայական եղել:
Նրա խոսքով, Դալայ Լամային կարելի է անվանել համամարդկային առաջնորդ:
«Առաջին հերթին նա շատ հոգևոր անձնավորություն է: Կարծում եմ` նա ոչ միայն տիբեթցիների առաջնորդն է: Նա համայն մարդկության առաջնորդն է, քանի որ նրա քարոզչությունը վերաբերվում է համայն մարդկությանը: Նա համամարդկային առաջնորդ է, շատ պարզ անձնավորություն», — ասել է Հակոբյանը:
Դալայ Լամային լսելու համար մարդիկ գալիս են աշխարհի տարբեր ծայրերից՝ Ամերիկայից, Ավստրալիայից, Եվրոպայից: Նրա դավանած արժեքները հետաքրքիր են բոլորին՝ աֆրիկացիներին, եվրոպացիններին, ասիացիներին, ամերիկացիններին, կովկասցիներին:
Զարմանալի է, բայց Հակոբյանին բախտ է վիճակվել չորս տարի անց կրկին հանդիպել Դալայ Լամային:
«Ես զարմացած էի։ Երբ հանդիպեցի նրան երկրորդ անգամ, նա հիշեց ինձ, չնայած հազարավոր մարդկանց է հանդիպում: Երբ դիմեցի նրան առաջին շարքից, նա հարցրեց ինձ` դու Հայաստանից ես, չ՞է: Ես փշաքաղվեցի և ասացի`այո»՚, — ծիծաղում է Հակոբյանը:
Հետդարձ ճանապարհին, երբ խումբը մեկնում էր Դելի, լրագրողներից մեկը գիշերով ավտոբուսից իջնելուց ընկել է խորը փոսի մեջ, բայց ողջ է մնացել:
«Նա ողնաշարի երկու կոտրվածք ուներ, բայց հիմա աշխատում է: Ես չեմ հավատում հեքիաթներին, բայց այն, որ Դալայ Լաման դրական, լուսավոր էներգիա ունի, որն օգնում է մարդկանց` հաստատ է» — ասել է Հակոբյանը: