Մեր չճանաչած Հայաստանը․ ռուս լրագրողի անդրադարձը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մեր չճանաչած Հայաստանը․ ռուս լրագրողի անդրադարձը. armeniasputnik.am

Ինչպե՞ս է ստացվել, որ Վրաստանը, որի հետ Ռուսաստանը մինչև հիմա դիվանագիտական հարաբերություններ չունի, ռուսաստանցիների համար տարածված զբոսաշրջային ուղղություն է դարձել, իսկ Հայաստանը, որը հարևան երկրից պակաս գեղեցիկ չէ, ընդ որում՝ Մոսկվայի քաղաքական դաշնակիցը, ռուսաստանցի զբոսաշրջիկների համար մեծ մասամբ շարունակում է «անծանոթ» տարածք մնալ։ Այս հարցի հեղինակը «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի հեղինակ Սեմյոն Միխայլովն է, որը խոստովանում է` Հայաստան կատարած հնգօրյա ճանապարհորդությունից հետո վերջապես գտել է պատասխանը։

«Բանն այն է, որ մենք շատ լավ գիտենք ու միաժամանակ բոլորովին չգիտենք Հայաստանի Հանրապետությունը։ Մենք գիտենք, որ 1988 թվականին Հայաստանում սարսափելի երկրաշարժ է եղել։ Մենք գիտենք, որ արդեն գրեթե 40 տարի է` Հայաստանը հարևան Ադրբեջանի հետ սուր հակամարտության մեջ է։ Մենք գիտենք, որ Հայաստանը սարսափելի տնտեսական ճգնաժամ է ապրել ու հիմա մասամբ տրանսպորտային շրջափակման մեջ է։ Բայց մենք չգիտենք, որ Հայաստանը ցնցող բնություն ունեցող երկիր է ու ոչ պակաս ցնցող հին հուշարձանների երկիր։ Մենք չգիտենք, որ այստեղ ռուսներին առանձնահատուկ են վերաբերվում», — գրում է Միխայլովը։

Նա նշում է, ու Երևանում կարելի է առանց որևէ բանից վախենալու զբոսնել օրվա ցանկացած ժամի։

«Արժե՞ արդյոք զարմանալ, որ այդքան հավանել եմ Հայաստանի մայրաքաղաքի մթնոլորտը», — նշում է հեղինակը՝ պատմելով Երևանի պատմության ու այսօրվա մասին։

Լրագրողը եղել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահում և տեսել Այվազովսկու, Ռուբենսի, Վան Դեյքի, Նեստորովի, Ռեպինի, Սերովի կտավները։

Քրրիստոնեությունը պետական կրոն ընդունած Հայաստանի պատմությունից խոսելուց հետո Միխայլովը նշում է, որ «զարմանալիորեն գեղեցիկ» արտահայտությունը կարելի է կիրառել հին հայկական ցանկացած վանքի դեպքում։

«Հայկական վանական ճարտարապետությունն ուղղակի ապշեցուցիչ է, միանգամից դիպչում է սրտին։ Բոլոր հին հայկական տաճարները շատ խիստ ու շատ հասարակ ոճով են կառուցված, նվազագույն զարդարանքներով։ Բայց այդ խստության ու պարզության մեջ այնքան արժանապատվություն, ներքին ուժ ու էներգետիկա կա, որ դա զգում է նույնիսկ այն մարդը, որն իրեն կրոնին այդքան էլ մոտ չի համարում», — ասված է հրապարակման մեջ։

Հեղինակը պնդում է, որ հինգ օրը չափազանց քիչ է Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի բնությունը ոչ միայն հիասքանչ է, այլ նաև շատ բազմազան։ Սակայն բացի բնությունից ու հին վանական հուշարձաններից Հայաստանի հմայքն ունի նաև երրորդ բաղադրիչը՝ մարդիկ։

«Երևան գալուց առաջ ուղեցույցում կարդացել էի․ «Հայերը հաճախ կատակում են, որ միայն երեք ազգություն գիտեն՝ հայեր, ռուսներ ու ոչ ռուսներ»։ Անեկդոտը առավելագույնս դիպուկ է նկարագրում ռուսաստանցիների նկատմամբ վերաբերմունքը։ Հայերից հաճախ կարելի է լսել նաև, որ «բոլոր երկրներից Հայաստան են գալիս զբոսաշրջիկներ, իսկ Ռուսաստանից՝ հյուրեր», — գրում է հեղինակը։

armeniasputnik.am