«National Geographic-Ռուսաստանը» սեպտեմբերին ավարտել է հերթական ֆոտոտուրը և ներկայացրել շրջագայության մասնակիցների վառ տպավորությունները:
Հայաստանի տարածքով երկար շրջագայություն, համեղ ընթրիք հրաշալի մարդկանց շրջապատում, հետաքրքիր դեմքեր և զրուցակիցներ. «National Geographic»-ի թղթակիցը տպավորված է Հայաստան այցելությամբ և նշում է, որ մթնոլորտը նպաստավոր էր հետաքրքիր լուսանկարներ ստանալու համար: Եղանակային պայմանները բարենպաստ էին, մարդիկ ստեղծագործաբար էին տրամադրված:
«Ծով չունեցող երկրից ստացանք ծով տպավորություններ: Ճանապարհորդություն կատարելու որոշումը դժվար չէր կայացնելը, որովհետև մեկնում էինք հրաշալի թիմով` պրոֆեսիոնալ ճանապարհորդներ, լուսանկարիչներ: Ուղևորությունը շատ գրավիչ թվաց, որոշեցի գնալ, մանավանդ, որ Հայաստան մեկնելու այլ առիթ մոտ ապագայում դժվար թե լիներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է հեղինակը:
Արդյունքները գերազանցել են սպասումները: Ճանապարհորդության մասնակիցներն ընդգծել են, թե Հայաստանը որքան հետաքրքիր երկիր է. մշակութային, բանահյուսության բնագավառում, կենցաղում` գունեղ անհատականություն, երբեմն՝ զվարճալի: