Ճգնավորներ. ովքե՞ր էին նրանք, ինչո՞ւ էին ապրում անապատներում
Advertisement 1000 x 90

Ճգնավորներ. ովքե՞ր էին նրանք, ինչո՞ւ էին ապրում անապատներում

Բարեկեցիկ, ապահով կյանքով ապրել ցանկանում են բոլորը: Ժամանակակից չափանիշներով բարեկեցիկ է այն կյանքը, երբ դու ապրում ես մեծ, հարմարավետ ու գեղեցիկ կահավորված բնակարանում, ամռանը հանգստանում ես եվրոպական որևէ երկրում, երբ ուտում ես վիտամիններով հարուստ և գեղեցիկ ձևավորված ճաշատեսակներ, հագուստդ գնված է ամենևին ոչ տոնավաճառից և այլն, և այլն: Բարեկեցիկ ապրելու ատրիբուտները շատ-շատ են: Սակայն երջանիկ զգալու համար վերոնշյալ պարագաներն այնքան էլ էական չեն: Եվ այդ մասին վկայում են այն մարդիկ, ովքեր ժամանակին հեռացել են մարդկությունից, աշխարհիկ հրապույրներից և գնացել են ապրելու և ճգնելու անապատներում: Ճգնավորների «ինստիտուտը» մեր օրերում իրեն, իր նախնական իմաստով, սպառել է, թեև ուղղափառ եկեղեցին մինչ մեր օրերն էլ պահպանում է «ստարեցների» և կուսանոցների ավանդույթը: Հայաստանում թեև չկան անապատականներ, ճգնավորներ, սակայն Ս. Գայանե եկեղեցում այսօր ապրում են երեք կույսեր:

Թե որքան դժվարություններ են պատրաստ եղել կրել ճգնավորները հազարավոր տարիներ առաջ, ենթադրում ենք, հետաքրքրությամբ կընթերցեք: Եվ այսպես, ճգնակյացներից առաջինը ս.Պողոս Թեբայիդացին էր (235-343 թթ.), որն 97 տարի ապրել է լիակատար մենության մեջ` դնելով միայնական ճգնակեցության հիմքը: Ս. Պողոս Թեբայիդացին ճգնում էր անհայտության մեջ մի ապառաժ լեռան քարայրում: Այրի մեջ մի բարեհամ և հստակ աղբյուր հագեցնում էր նրա ծարավը, այրի մոտ աճող արմավենիները մատակարարում էին նրան հագուստ և սնունդ: Նրա ճգնության վերջին վաթսուն տարին օրական մի կտոր հաց էր հասցնում նրան մի ագռավ:

Անապատականության մյուս խոշորագույն դեմքը ս. Անտոն Անապատականն է (251-356 թթ.), որը, ի տարբերություն ս. Պողոս Թեբայիդացու, բոլորովին կտրված չի եղել մարդկանցից, ունեցել է աշակերտներ և, դրա շնորհիվ, անհամեմատ մեծ հռչակ վայելել: Նա դեռ 20 տարեկան չկար, երբ ծնողները մահացան` նրան թողնելով մեծ ժառանգություն: Սակայն մի անգամ եկեղեցում, երիտասարդ հարուստի մասին ավետարանական ընթերցումը լսելով` նա իր հողերը բաժանում է համագյուղացիներին, գույքն ու կայքը վաճառում` գումարի մի մասը տալով քրոջը, մյուս մասը բաժանում աղքատներին և հեռանում անապատ` ճգնավորական կյանք վարելու:

Ավելի ուշ, երբ վանականները, ճգնավորները սկսեցին ապրել միասին, այսինքն` մենաստաններում, ըստ պատմական վկայությունների, յուրաքանչյուր խցում բնակվում էին երեք հոգով: Ամեն բան ընդհանուր էր, և կարգի խախտում էր համարվում ասել.«Սա իմ վերարկուն է», կամ՝ գիրքը, կամ՝ գրիչը: Վանականները զբաղվում էին երկրագործությամբ, կողովներ կամ պարաններ հյուսելով և նման այլ արհեստներով: Ապա արտադրանքը նավակով տանում էին Ալեքսանդրիա, վաճառում, որից գոյացած գումարով հոգում էին ոչ միայն վանքի պետքերը, այլև մի մասն էլ տնտեսում էին և բարեգործություն անում: Ճգնակյացներն ու անապատականները հագնում էին մազեղեն, կոշտ հագուստ, ուտում էին խիստ չափավոր, այնքան, որ քաղցից չմահանային: Նրանք խույս էին տալիս աշխարհից ու նրա գայթակղություններից, և անապատների խաղաղ անդորրության մեջ նվիրվում էին խստակեցությանը և աղոթքներին:

Նրանք միասին էին ճաշում, և սեղանը սկսվում ու ավարտվում էր աղոթքով ու սաղմոսերգությամբ: Լռությամբ ու դեմքերը ծածկած էին ճաշում, և բացի իրենց առջև դրված կերակուրից, ուրիշ ոչինչ, անգամ իրենց սեղանակիցներին, չէին տեսնում: Կանոնը չէր սահմանափակում կերակրի քանակությունը: Ամեն մեկը ընդհանուր սեղանից ուտում էր իր աշխատանքի վաստակը: Մեծ հոգածությամբ խնամում էին հիվանդներին: Վանական կրոնավորները ինքնատիպ զգեստ էին հագնում, որոնց մեջ հիմնական տեղը զբաղեցնում էր այծի մորթին: Նրանք պետք է միշտ գոտին ամուր ձգած լինեին, և միայն Ս. Հաղորդության ժամանակ էր թույլատրվում գոտին արձակել: Քնում էին հագուստով և այնպիսի աթոռների վրա, որոնք այնպես էին կառուցված, որ անգամ քնած ժամանակ վանականները կանգնած դիրք ունենան: Կրոնավորների առաջին պարտքն էր աղոթքն ու պահեցողությունը: Կային կրոնավորներ, որոնց բերանը ամբողջ Մեծ պասին ոչ հաց և ոչ ջուր էր մտնում: Միայն կիրակիից կիրակի կաղամբի կոթ էին ուտում և աշխատելիս էլ աղոթում էին:

Սակայն անապատականների կենցաղի խստությունները դրանք կատարելու մեծ կամք էին պահանջում, որին հաճախ չէին կարողանում ենթարկվել ճգնավորները: Ըստ գիտական վկայությունների` անապատականների մեջ կային կրոնավորներ, որոնց դեպքում սերը դեպի աշխարհիկը, երկրայինը, վերակենդանանում էր նոր, ավելի գծուծ կերպով: Պատմում են, որ շատերը հարստությունից ու ճոխությունից հրաժարված լինելով` հասարակ մի դանակի, ասեղի կամ գրիչի համար դողդողում էին ու չափազանց ժլատություն ցույց տալիս` ոչ ոքի չթողնելով մոտենալ անգամ իրենց գրքերին, և այդ տեսակ դատարկ բաների համար անգամ խիստ վրդովվում էին: Ժամանակի ընթացքում, մոռանալով իրենց ուխտի բուն նպատակը, որոշ կրոնավորներ սկսեցին անգամ թափառել քաղաքներում` նվեր հանգանակելու պատրվակով:

Չորրորդ դարում Միջագետքում, ապա և՝ Պաղեստինում, տարածում գտավ անապատականության խոտաճարակ տեսակը: Խոտաճարակ անապատականներն ապրում էին լեռներում, բացօթյա, համարյա լրիվ մերկ էին թե՛ ամռան շոգին, թե՛ ձմռան սառնամանիքին: Կերակրվում էին խոտերով ու արմատներով, և նման կյանքից կերպարանափոխվում էին այն աստիճան, որ կորցնում էին մարդկային կերպարը: Խոտաճարակների տիպ կարելի է համարել Մարիամ Եգիպտացուն, որը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից մի պոռնիկ կին էր: Ս. Խաչի տոնի առիթով նա ուխտավորների հետ գնում է Երուսաղեմ` բազմության մեջ իր մասնագիտությամբ փող վաստակելու նպատակով, բայց տոնի պաշտամունքի առարկան` խաչը տեսնելով` զղջում է, քաշվում անապատ և 47 տարի ճգնում Հորդանանի մյուս կողմում` խորին անհայտության մեջ: Նա իր ճգնավորական կյանքում միայն դալար խոտ էր ուտում: Չոսիմոս ճգնավորն այդ անապատում մարդ գտնելու նպատակով քսան օր թափառելուց հետո նկատում է ստվերի պես մի մարդկային կերպարանք` արևից և ձմռան սառնամանիքից բոլորովին սևացած և ծածկված երկար ու սպիտակ մազերով: Դա Մարիամ Եգիպտացին էր:

5-րդ դարի սկզբին ի հայտ եկան նոր տեսակի ճգնավորներ` սյունակյացներ: Սյունակյացներից առաջինը Սիմեոնն էր, որը Կիլիկիայի Սիսան գյուղաքաղաքից էր: Երեխա ժամանակ նա արածեցնում էր հոր ոչխարները: Հաճախելով եկեղեցի և հրապուրվելով կրոնավորությամբ, նա 14 տարեկանում մտավ խստակրոն կրոնավորների մի վանք: Սիմեոնն իր համբերությամբ և սեփական անձը խոշտանգելու արտակարգ միջոցներով զարմացրեց և հիացրեց վանականներին: Մի անգամ ջրի ուղարկվելով` առավ արմավենու կոշտ պարանը, որով ջուր էին քաշում հորից, պինդ փաթաթեց իրեն, իսկ կրոնավորներին հայտնեց, թե այն կորցրել է: Երկու շաբաթից հետո, սակայն, «կորուստը» բացահայտվեց. կոշտ պարանը մտել էր Սիմեոնի մարմնի մեջ, և սկսել էր արնահոսել: Քննությունից երևաց, որ պարանն այնպես է մտել նրա մարմինը, որ հազիվ է նկատվում: Պարանը դուրս կորզելու ժամանակ Սիմեոնը ամենևին ցույց չտվեց, թե ցավ է զգում, և թույլ չտվեց վերքի վրա դեղ դնել: Վանահայրը հարկադրված էր նրան հեռացնել վանքից, որպեսզի նրա խստակեցությունը չառաջացնի ավելի թույլ կամք ունեցող վանականների նախանձը: Գետնի երեսին տքնությունները բավական չհամարելով` Սիմեոնը սյուներ է սարքում և նրանցից ամենաբարձրի վրա տքնում ամառ թե ձմեռ, գիշեր թե ցերեկ: Սյուները հետզհետե բարձրացնում էին: Սիմեոնը պարանոցին կրում էր ծանր շղթա և անդադար ծունր էր դնում: Նա մարգարեություններ էր անում և հրաշքներ գործում: Նրա հետ հարաբերություններ էին պահում շատ կայսրեր, թագավորներ, եպիսկոպոսներ և նշանավոր շատ մարդիկ: Սիմեոնը վախճանվեց 460 թվականին, 72 տարեկանում` 47 տարի սյան վրա ճգնելուց հետո: Եթե կային սյան վրա ճգնողներ, կային նաև գբի, այսինքն` խոր փոսերի մեջ ճգնողներ: Նրանցից ամենաճանաչվածը Հովհան Գբնեցին է: Նա Փյունիկի Կեսարիա քաղաքից էր, քրիստոնյա բարեպաշտ մի այրու զավակ: 15 տարեկանում Հովհանը պարբերաբար հաճախում էր եկեղեցի, և մի օր էլ, պատանու ջերմեռանդությունը տեսնելով, նրան խորհուրդ տվեցին հեռանալ անապատ` ճգնելու: Անսալով խորհրդին` Հովհանն առավ մոր օրհնությունը, հրաժեշտ տվեց քրոջն ու գնաց անապատ: Մի օր քայլելուց հետո նա մի գուբ գտավ, աղոթեց և ընկավ մեջը: Նա խնդրեց Աստծուն, որ իրեն այնտեղ կերակրի, և ուխտեց` մինչև մահ այնտեղից դուրս չգալ: 10 տարի փոսի մեջ մնաց, վախճանվեց 25 տարեկանում և թաղվեց Կիսիոս անապատականի ձեռքով: Ի դեպ, Մ. Ավգերյանն իր աշխատություններից մեկում ասում էր, որ Հովհան Գբնեցին ազգությամբ հայ էր, Փոքր Հայքի Կատաոնիա քաղաքից:

Այս տեսակ ճգնավորների կյանքը երկար չշարունակվեց և չէր էլ քաջալերվում եկեղեցու ողջամիտ հայրերի կողմից: Վերջիններս թեև դատապարտում էին եպիսկոպոսների և աշխարհիկ հոգևորականների պճնասիրությունը, սնափառությունը, ցուցամոլությունն ու աշխարհիկ ձևերը, սակայն նույնքան քննադատորեն էին մոտենում գծուծ մուրացկանի կերպ առած կեղծավոր հոգևորականներին:

 

Հայ ճգնավորությունն ու վանականությունը

Անապատականության դրսևորումներ Հայաստանում ի հայտ են եկել դեռևս 1-ին և 2-րդ դարերում: Հայ առաջին անապատականներից էր Գրիգոր Ա Լուսավորիչը, որը կյանքի վերջում տրվել է ճգնությունների` սուրբ օրինակ հանդիսանալով հետագա հայ անապատականների ու ճգնավորների համար: Գրիգոր Լուսավորիչը ամենաշատ չարչարանքներ կրած սրբակյաց անձն է: Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունում» ներկայացվում են այն չարչարանքները, որոնց ենթարկվել է Գրիգոր Լուսավորիչը Տրդատի հրամանով` մոխրով լի պարկը քաշել են նրա գլխին, ներբաններն այրել են շիկացած երկաթով, գլխիվայր կախել են, քիթը քացախ լցրել, և այլն, և այլն: Իր ծերության տարիներին Գրիգոր Լուսավորիչը հրաժարվեց կաթողիկոսական գավազանից և դիմեց առանձնական և ճգնավորական կյանքին:

Հայաստանի կրոնավորները` մինչև Ներսես Մեծը, ապրում էին առանց որոշակի կանոնի, այսինքն` նրանք բնակվում էին կա՛մ ասորի խոտաճարակների պես ցաքուցրիվ, կա՛մ կրոնավորների սքեմներով շրջում էին գյուղից գյուղ, քաղաքից քաղաք` մոռանալով կրոնավորի մաքուր կենցաղը և տրվելով ցոփ կյանքին: Ս. Ներսես Մեծը, որ 364 թվականին բարձրացավ հայրապետական գահ, 365 թվին, Արշակ թագավորի համաձայնությամբ, գումարեց Աշտիշատի ժողովը: Այս ժողովը շատ նշանավոր էր իր սահմանած կանոններով:

Ժողովի առաջին կանոնն արգելում էր մերձավոր ազգականների միջև ամուսնությունը, որին դիմում էին հատկապես նախարարական տները` իրենց ժառանգությունն իրենց տոհմի մեջ պահպանելու համար: Երկրորդ կանոնով արգելվում էր ննջեցյալների վրա հեթանոսաբար կոծ անելը: Հաջորդ կանոնը սահմանում էր բորոտների, աղքատ հիվանդների համար հիվանդանոցներ կառուցել, որովհետև վարակիչ հիվանդներին այդ ժամանակ քաղաքից ու գյուղերից դուրս էին անում: Նույն կանոնը նախատեսում էր անկելանոցներ կառուցել կույրերի, շարժողական խնդիրներ ունեցողների համար:

Իմանալով և ճանաչելով կրոնավորների, ճգնավորների և միանձնուհիների առաքելությունը, միևնույն է, դարձյալ առաջանում է հարցը` մի՞թե ավելի բարդ չէ գայթակղություններով հարուստ աշխարհիկ կյանքում մնալով` փորձել աստվածահաճո կյանք վարել, մի՞թե առավել աստվածահաճո չէ անմիջականորեն օգնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, և ոչ թե հեռավոր անապատներում կամ եկեղեցիներում աղոթել: Այս հարցի պատասխանը կա ճգնավոր հայր Պաիսի Սվյատոգորեցի «Նամակներում»: Ըստ այդմ` «Վանականն աշխարհից հեռանում է ոչ թե այն պատճառով, որ ատում է աշխարհը, այլ՝ որովհետև սիրում է աշխարհը և այդ կերպ կարող է ավելի օգնել նրան իր աղոթքներով հատկապես այն գործերում, որոնք չեն կարող իրագործվել միայն մարդկանց ջանքերի շնորհիվ, այլ միմիայն աստվածային միջամտությամբ: (…) Նրա համար հիմնական գործն աղոթքն է: Այսինքն` ճգնավորի նպատակը չէ ջանասիրաբար աշխատելը կամ շատ փող հավաքելը` աղքատներին օգնելու նպատակով, քանի որ նրա համար դա հոգևոր անկում է: Ճգնավորները չեն թողնում անապատը, որպեսզի գնան աշխարհ և այնտեղ օգնեն որևէ աղքատի կամ այցելեն հիվանդանոցում գտնվող որևէ հիվանդի և տանեն նրան նարինջներ կամ այլ մխիթարանք: Ճգնավորներն աղոթում են բոլոր հիվանդների համար, որպեսզի նրանք առողջանան կրկնակի, և Բարեգութ Աստված գթում է Իր կողմից արարվածներին և օգնում է նրանց ապաքինվել, որպեսզի նրանք իրենք էլ օգնեն մյուսներին` որպես բարի քրիստոնյաներ»:

Պատրաստեց Լիլիթ Ավագյանը

«3 Միլիոն»