Առաջիկա հեռանկարում «Արմենիա» ավիաընկերությունը չի պատրաստվում թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա` անկախ հանգամանքից, որ այն հայերի կողմից ամենապահանջված ուղղությունն է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը: «Դեպի Մոսկվա ձմռանն օրական 14 թռիչք է իրականացվում, իսկ ամռանը` 17: Այդ բոլոր ուղևորափոխադրումներն իրականացնում են ռուսական ավիաընկերությունները: Մենք նախորդ տարի փորձել ենք մտնել այդ շուկա, բայց հետո ստիպված դադարացրեցինք: Այդ ուղղությամբ ոչ հավասար պայմաններ են, Ռուսաստանում գործում են օրենքներ, որով ոչ ազգային, փոխադրողը մի քանի անգամ թանկ է վճարում, քան ռուսականը»,- ասել է «Արմենիա» ավիաընկերության ղեկավարը:
Նրա խոսքով` յուրաքանչյուր 100 կիլոմետրի համար հայ փոխադրողի ծախսերը կազմում են 100 դոլար, այն դեպքում, երբ ռուսականների համար այն արժենում է 27 դոլար: Դրա մեջ են մտնում օդանավակայանի վճարները, վառելիքի սակագինը, նավիգացիոն ծախսերը: «Այս շուկայում մրցակցությանը մենք դեռ դիմանալ չենք կարող»,-հավելեց Ռոբերտ Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանն այս հարցով ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, և հաջորդ տարիներին ավելի հավասար պայմաններ կստեղծվեն նաև հայկական ընկերությունների համար: Դրանից հետո իրենք կդիտարկեն դեպի Մոսկվա թռիչքների հնարավորությունը: