Դիետոլոգ. Հայաստանում ամանորյա սննդային հիստերիայով առավել մեծ չափով անապահով ընտանիքներն են տառապում
Advertisement 1000 x 90

Դիետոլոգ. Հայաստանում ամանորյա սննդային հիստերիայով առավել մեծ չափով անապահով ընտանիքներն են տառապում

Հայաստանում ամանորյա սննդային հիստերիայով առավել մեծ չափով անապահով ընտանիքներն են տառապում: Հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Նա նշեց, որ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքներն են պատրաստ ամբողջ տարին զրկանքներ կրել՝ միայն թե ամանորյա տոներին ճոխ սեղաններ բացեն, որից հետո իրենք էլ են հոգնում և հուսալքության մեջ ընկնում: Մինչդեռ ունևոր մարդիկ ավելի ու ավելի շատ են նախընտրում Ամանորը եվրոպական ձևով նշել. նրանք հրաժարվում են ստամոքսի տոնից և կազմակերպում են իրենց համար հետաքրքիր միջոցառումներ, օրինակ՝ ճանապարհորդության են մեկնում:

Դիետոլոգը Հայաստանի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Ամանորին չափի զգացումը չկորցնել, որպեսզի հետտոնական դեպրեսիայով չտառապեն, որը պայմանավորված է սնվելու ռեժիմի խախտմամբ: Եթե ռեժիմն, այնուամենայնիվ, խախտվել է, չարժի կտրուկ անցում կատարել էստրեմալ դիետայի, իրեն սովով տանջել և օրգանիզմի մաքրում կատարել:

«Բավական է դադարեցնել դժվարամարս յուղոտ կերակուրի օգտագործումը և անցնել ավելի առողջ սննդի՝ մեծ քանակությամբ ջուր խմել, կոպիտ բջջանյութ օգտագործել՝ բանջարեղենի, մրգերի տեսքով»,- նշեց Հասմիկ Աբովյանը:

Ըստ որում, շարունակեց նա, անհրաժեշտ է օրական մի քանի անգամ սնվել՝ փոքր չափաբաժիններով, հրաժարվել տապակած կերակուրներից և խմորեղենից, ինչպես նաև ուտելիքից հետո քաղցր ըմպելիքներ խմելուց, կապ չունի ինչպիսի՝  գազավորված կամ բնական:

«Հավատացեք ավելորդ կիլոգրամները նվազագույն չարիքն է, որը կարող են հասցնել ամանորյա ճաշկերույթները, դրանք նույնքան արագ են անհետանում, որքան արագ հայտնվել են: Անհրաժեշտ է զգուշանալ աղեստամոքսային համակարգի հիվանդություններից և թունավորումից»,- ասաց Հասմիկ Աբովյանը:

Նյարդաբան-սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանն իր հերթին խորհուրդ տվեց ամանորյա տոներին, ինչպես նաև ցանկացած հանգստյան օրերին և արձակուրդներին մշակել արթնանալու ու քնելու ժամանակացույց և դրան հետևել: «Դա օգնում է արագ վերադառնալ քնի սովորական ժամանակացույցին»,- նշեց նա՝ հավելելով, որ մեծահասակ մարդը պետք է օրական 7 ժամից պակաս չքնի:

med.news.am