Աշխարհը լի է անբուժելի հիվանդություններով և համաճարակներով, որոնք էականորեն կրճատում են մարդկային պոպուլյացիան: Սակայն, բացի ֆիզիկական և օրգանական համակարգին վնաս հասցնող համաճարակներից, գոյություն ունեն նաև հոգեբանական բնույթ կրող համաճարակներ, ինչպիսին է ժամանակակից հասարակության անվստահությունը՝ ուղղված ամենքին և ամեն ինչին: Կփորձեմ նկարագրել նման հոգեբանական, սակայն, արդեն կոլեկտիվ անգիտակցական ներխուժած կասկածամտության ու անվստահության ենթադրելի հետևանքները:
Նման երևույթը շատ մարդկանց ծանոթ կթվա, քանի որ յուրաքանչյուրս էլ, անձնային փորձից ելնելով, գոնե մեկ անգամ բախվել ենք այդ զգացողության հետ: Անվստահության համաճարակը տարածվել է հասարակության բոլոր ոլորտներում՝ ինքնին ստեղծելով հոգեբանական խնդիրներ և խախտելով մարդկային Ես-ի ամբողջականությունը: Անվստահությունը թափանցում է ոչ միայն անձի քաղաքական, այլ նաև միջանձնային հարաբերություններ: Այս խնդիրն ունի շատ լուրջ և մասշտաբային բնույթ, որը լուծում է պահանջում: Ըստ իս՝ ներկա հասարակության խնդիրը նա է, որ յուրաքանչյուր ոք կարող է դիմացինին հրահրել, խաբել և միաժամանակ հաճույք ստանալ սեփական վարքից: Ցավն այն է, որ ներկա ժամանակահատվածում նույնիսկ գրականությունն է մարդկանց սովորեցնում շինծու պատկերացումներ կազմել երջանկության, գումար վաստակելու, հաջողակ լինելու մասին: Իսկ ինձ համար, որպես հոգեբանի, ամենամեծ ցավն այն է, որ յուրաքանչյուր գրախանութում, հատկապես՝ հոգեբանության բաժնում, կարելի է գտնել անթիվ գրքեր, որոնք սովորեցնում են լինել հաջողակ, լինել երջանիկ, լինել առաջինը, ինչպես վաստակել շատ գումար, և հենց նմանատիպ արժեհամակարգի մակարդակի իջեցման միջոցով իջնում են նաև շարքային քաղաքացու պատկերացումները կյանքի կայունության, իրական բնույթի և միմյանց վստահելու վերաբերյալ: Հենց այս միջոցներով էլ ամենուր պրոպագանդվում է խաբեությունը:
Իրական վստահելի մթնոլորտ կարելի է զգալ հարազատների և շատ մոտ մարդկանց շրջանակում, սակայն դա էլ կարող է անսպասելի փոխվել, և կարող է դավաճանություն լինել հենց բարեկամի կողմից: Այն մարդիկ, որոնք ունակ չեն վստահելու շրջապատին, հիմնականում ունենում են բարու և չարի ընկալման մարգինալություն, այսինքն՝ այդ երկու երևույթների միջև հստակ սահմանը չի գիտակցվում: Նրանք սկսում են չհավատալ բարի մարդկանց գոյությանը: Հույսը միշտ հենված է լինում սեփական անձի վրա՝ դրանով իսկ հեռանալով հասարակությունից: Նրանք վերածվում են ստվերի և կողմնակից են դառնում ավելի շատ բացասական և վարկաբեկիչ տեղեկատվությանը զարկ տալու, քան դրական իրադարձություններին:
Սակայն պետք է նշել մի փոքր նկատառում, որ վստահությունն ունի մի անմեղ սերմ, հատիկ. դա դյուրահավատությունն է: Դյուրահավատ մարդիկ, իրենց հերթին՝ վախենում են խաբված լինել, զսպում են հույզերը, որպեսզի խոցելի չլինեն, և դրանով հանդերձ՝ կրկին ստեղծում շփման անջրպետ, ինչը կրկին տանում է հասարակական հիմքի մաս-մաս քայքայմանը:
Նման իրավիճակներում կարևոր է գտնել նույնիսկ շատ փոքր առիթ՝ մարդկանց միջև ամուր փոխհարաբերություններ ստեղծելու: Սակայն բնականոն երևույթ է, որ լինում են անհատներ, որոնք չեն կարողանում հարմարվել իրար և ունակ չեն վստահելու միմյանց: Եթե առկա է աշխարհայացքների բևեռային տարբերություն, ապա դժվար կլինի պատկերացնել նրանց սիմբիոզը: Ինչպես նաև կարևոր հանգամանք է, որպեսզի մարդը դեռ մանկուց դաստիարակվի դրական մթնոլորտում, որտեղ կգերիշխի բարությունը, սերը և փոխհասկացվածությունը: Այդ դեպքում երեխաները կմեծանան լիարժեք՝ առանց թերարժեքությունների և թերությունների: Սակայն, կախված այն հանգամանքից, որ ծնողներն իրենք չեն կարողանում հասնել փոխհասկացվածության, նրանք հաճախ երեխային դաստիարակում են կասկածամտության և քննադատության մթնոլորտում: Նման երեխան մեծանում է չվստահող, նա դժվարանում է կիսվել դիմացինի հետ: Ապագայում նման երեխան դժվարությամբ կկարողանա ստեղծել ամուր ընտանիք, քանի որ նա ուղղակիորեն ունակ չէ հուզականության և անկեղծության:
Շատ հաճախ հասարակությանն անվստահություն ներշնչում է քաղաքականությունը, մարդիկ համակերպվում են այն մտքի հետ, որ պետք չէ վստահել հասարակությանը և պետությանը, որում նրանք ապրում են: Ոչ ոք ցանկություն չի հայտնում ընդառաջ գալ, մարդիկ դառնում են նյութապաշտ և տենչում են այլ մարդկանց հաշվին ունենալ ձեռքբերումներ: Եվ սա վերածվում է մի մեծ խնդրի, քանի որ այն համընդհանուր վարքաձև է դառնում և հանդիպում է յուրաքանչյուր երկրում: Մարդիկ դադարում են լինել մի ամբողջություն, դադարում են լինել պետական համակարգի մի մասնիկ, ամեն ոք ապրում է իր համար և իր սահմաններում: Իսկ մարդկային ուժը, առհասարակ, հասարակությունն է:
Տվյալ խնդիրը՝ հասարակության հանդեպ անվստահությունը, վստահաբար կարելի է անվանել համաճարակ, քանի որ այն տարածվում և զետեղվում է մարդկանց գիտակցության մեջ շատ արագ և նպատակաուղղված: Հուսահատեցնողն այն է, որ տվյալ համաճարակը բնույթով մտածողության ոլորտի խաթարումն է, ինչը չի բուժվում ոչ մի հաբով: Այն կարելի է շտկել միայն ընտրության սկզբունքով, այն ընտրության, որն իրականացվում է մարդկային տեսակի, արժեհամակարգի, աշխարհայացքի հիման վրա: Այն կարելի է շտկել՝ սովորելով դիմացինին վստահել և սեփական օրինակով հրամցնել նրան, որ կարելի է նաև վստահել, կարելի է նաև առանց կասկածի աջակցել, խրախուսել, սիրել, մտածել դրական: Խնդիր է այն հանգամանքը, որ նույնիսկ մեկ սպասման չիրականացումը միանգամից գործի է գցում անվստահության մեխանիզմը, և մարդիկ մեկ օրինակի հիման վրա փոփոխության են ենթարկում մի ամբողջ հոգեկան համակարգ: Նման խնդրի թաքնված հիմնաքարն այն է, որ յուրաքանչյուր մարդ սպասում է օգնություն դիմացինից, սակայն նպատակաուղված չէ օգնել այլոց, նույնիսկ, եթե նրանք դրա կարիքն ունեն: Եվ նման վարքային մոդելը մարդկային տեսակը վերածում է ինքնակենտրոն, շահամոլ, չաջակցող և անտարբեր կենդանի մտածող օրգանիզմի, որը գնում է դեպի կործանում:
Հոգեբանական ամենամեծ, հզոր, զարգացման տանող ներքին զգացողությունն ապահովության զգացումն է, որը ձևավորվում է վստահության հիման վրա: Սկսեք վստահել մարդկանց, բայց մի եղեք դյուրահավատ: Սկսեք տեսնել դիմացինի կարիքն ու ցանկությունները, բայց օգնեք իրական կարիքավորին: Սկսեք վերանայել արժեհամակարգը՝ թղթին հանձնելով մարդկային այն որակները, որոնք ձեզ համար ամենաընդունելին են: Եվ դուք կզգաք այն առաջընթացը, որը կտանի հոգեկան ներդաշնակության՝ բացառելով կասկածամտությունը և անվստահությունը:
Կամիլա Խաչատրյան