Պարույր Սևակի ստեղծագործություններին ու կյանքին առնչվող շատ ու շատ էջեր դեռ սպասում են իրենց բացահայտմանը: Այսօր ուզում ենք ներկայացնել երեք նորահայտ վավերագրեր, որոնք ոչ միայն գրված են Սևակի ձեռքով, այլև հնարավորություն են ստեղծում մի շարք էական շտկումներ ու լրացումներ կատարել հատկապես բանաստեղծի կենսագրության վաղ շրջանին վերաբերող տեղեկություններում, առավել ևս, որ այդ ժամանակահատվածն անհամեմատ քիչ է ուսումնասիրված: Մյուս կողմից` այս անտիպ փաստաթղթերը թույլ կտան լրացուցիչ պատկերացում ձևավորել Սևակի գրական ճաշակի և սկզբունքների կազմավորման նախնական փուլի մասին` տրամաբանական կապ ստեղծելով հետագա տարիների հետ:
Եվ այսպես, 1952 թ. հուլիսի 20-ին Պարույր Սևակը Գրողների միությանն է ներկայացնում իր 1949-1951 թթ. ստեղծագործական հաշվետվությունը, ինչպես նաև ինքնակենսագրականն ու անձնական թերթիկը: Դրանք երեքն էլ ստանդարտ ձևաթղթեր էին, և հեղինակից պահանջվում էր պատասխանել ներկայացված հարցերին: Հաշվետվության մեջ Սևակը գրում է, որ նշված ժամանակահատվածում աշխատել է «բանաստեղծությունների ժողովածուի և հայկական սոցիալիստական գյուղի հետպատերազմյան շրջանի մարդկանց մասին պատմող պոեմի վրա»:
Նշում է, որ 1949-51 թթ. ստեղծագործական գործուղման է մեկնել Ստեփանավանի շրջան: «1949-51 թթ. հրապարակված գործեր» տողի դիմաց լրացնում է. «Անմահները հրամայում են» բանաստեղծությունների ժողովածուն 1949 թ., թարգմանել եմ ռուս, ուկրաինական, վրացական, ադրբեջանական պոեզիայի ժողովածուներում»: «Ներկա պահին ինչի՞ վրա եք աշխատում» հարցին Սևակը պատասխանում է.
«Բանաստեղծությունների նոր ժողովածուի: Աշխատանքը կավարտեմ հավանաբար ընթացիկ տարվա վերջին»:
«Հետագայում ենթադրում եմ աշխատել» տողի դիմաց լրացված է. «Լենինի մասին պոեմի վրա, համալրել Մոսկվայի մասին բանաստեղծությունների շարքը, ինչպես նաև ուժերս փորձել արձակում»:
Հաշվետվության վերջում Սևակը գրում է. «Աշխատանքը հաջող ավարտելու համար ինձ առաջին հերթին անհրաժեշտ է լինել Մոսկվայում և հետևողականորեն ժողովել անհրաժեշտ նյութերը»:
Նույն օրը Սևակը մեկ այլ ձևաթղթի վրա գրում է իր ինքնակենսագրությունը, ռուսերենով:
«Ծնվել եմ 1924 թ. հունվարի 26-ին, Հայկական ՍՍՀ Վեդիի (նախկին Ղարաբաղլարի) շրջանի Սովետաշեն (նախկին Չանախչի) գյուղում: Ծնողներս հողագործությամբ են զբաղվել ինչպես Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո: Մտել են կոլտնտեսություն:
Նախնական և միջնակարգ կրթություն ստացել եմ 1929-1939 թթ., տեղի լրիվ միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի Վ. Մ. Մոլոտովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և ավարտել եմ 1945 թվին: 1946 թվից սովորել եմ Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: Ասպիրանտուրան ավարտել եմ 1948 թվի վերջին:
Բանաստեղծություններ գրել եմ դեռ աշակերտ եղած ժամանակ: Սկսել եմ տպագրվել 1942 թ, հանրապետական մամուլում ու «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում:
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1949 թվին, «Անմահները հրամայում են» խորագրի ներքո:
Վերջին տարիներին աշխատել եմ հետպատերազմյան շրջանի հայկական կոլտնտեսային գյուղի մարդկանց ու առօրյայի մասին պոեմի վրա: Այդ պոեմը` «Անհաշտ մտերմություն» խորագրի ներքո, տպագրվել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում և առանձին գրքույկով ինչպես Հայպետհրատի, այնպես էլ «Սովետսկի պիսատել» մոսկովյան հրատարակչության կողմից:
Հովիկ Չարխչյան
«3 Միլիոն»