«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը 2018թ. մարտի 20-ին հանդիպել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հետ։ Հանդիպման ժամանակ Ռուբեն Վարդանյանը առաջին անգամ ներկայացրել է IdeA-ի ապագա նոր կարգախոսը՝ «Մտածիր և կապիր, մտածիր և ստեղծիր, մտածիր և գործիր» (Think to connect, think to create, think to act): «Աշխարհը դառնում է փոխկապակցված և մենք ապրում ենք յուրահատուկ ժամանակներում: Մտածիր և կապիր (think to connect). սա խելացի, կրթված մարդկանց նույն արժեքի շուրջ համախմբելու լավագույն ուղին է»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Եռանկյունու կարևոր կողմերը
Կրթությունը, կայուն զարգացումը և միգրացիան եռանկյունու կողմերն են, որոնք ի մի բերելը և զարգացնելն ավելի ու ավելի կարևոր է դառնում: Սա երկրի հաջողության կամ անհաջողության կարևոր տարր է: Կան միգրացիայի տարբեր տեսակներ և դրանք շատ մեծ ազդեցություն են թողնում տնտեսական աճի վրա: Ես հավատում եմ, որ աշխարհի ապագայի կարևոր շարժիչը կրթությունն է:
Կրթության առաջ կանգնած մարտահրավերները
Այսօրվա ամենակարևոր ճգնաժամն այն է, որ շատ երկրներում ուսուցիչները պատշաճ հարգանքի չեն արժանանում հասարակության կողմից: Լավ օրինակ է Ֆինլանդիան, որի բանաձևը շատ պարզ է՝ 10 լավագույն ուսանողներից 7-ն ուզում է ուսուցիչ դառնալ: Ամերիկայում, օրինակ, 10 լավագույն աշակերտից միայն 2-ն ունեն այդ ցանկությունը, Ռուսաստանում՝ միայն 1-ը 30-ից:
Կեղծ իրականությունն ու փողի անկարևորությունը
Կեղծ նորությունները նոր իրականության մի մասն են: Այսօր իրականությունների միջև տարբերություններն անկառավարելի են դարձել: Ոչ ոք չի կարող տարբերակել: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ փողը գնալով քիչ կարևոր է դառնում, և առաջնային է դառնում տաղանդավոր մարդը:
Լեզուների իմացության կարևորությունը
Ես ուզում եմ հարցնել՝ քանի՞ մարդ կա այստեղ, որ գիտի չորս և ավելի լեզու: Ձեզանից քանի՞սն է խոսում պարսկերեն: Ինչո՞ւ եք կարծում, որ պարսկերենը կարևոր չէ, ինչու եք միայն հայերենի, անգլերենի և ռուսերենի մասին մտածում:
Մեծ երազանքը
Մեծ երազանք ունենալու համար հարկավոր է շատ քաջ լինել, քանի որ երազանքը ենթադրում է նաև ձախողումներին պատրաստ լինել: Մենք «իդեալական փոթորիկի» իրավիճակում ենք, այնքան բաներ են փոխվում քաղաքական, սոցիալական, մարդկային արժեքների տիրույթում: Մենք կարող ենք ոչ միայն լավը լինել մեզ համար, այլև որևէ լավ բան անել աշխարհի համար: Իմ մեծ երազանքն է՝ նպաստել, որպեսզի աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով դառնա:
Մարի Թարյան
Լուսանկարը՝ «Մեդիամաքս»-ի
Ամբողջությամբ՝ mediamax.am