ՌԴ Մոսկվայի մարզի Վիդնոյե քաղաքում բնակվող դպրոցական Վալյա Բենեսյերը, ցանկանալով ստուգել անգլերենի իմացությունը, նամակ է գրել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին ու անսպասելիորեն պատասխան ստացել: Աղջիկը խոստովանել է, որ Բուքինգհեմյան պալատ ուղարկված նամակի պատասխանը ստանալու ակնկալիք չի ունեցել: Թագուհուն հղած նամակում աշակերտուհին պատմել է հարազատ քաղաքի մասին, ինչպես նաև բազմաթիվ հաճոյախոսություններ գրել միապետին՝ գովելով նրա հագնվելու ոճը:Իհարկե, պատասխան նամակն անձամբ թագուհին չի գրել, սակայն նրա կարգադրությամբ դա արել էր պալատի աշխատակիցներից մեկը:«Նորին Գերազանցությունը բարձր է գնահատել Ձեր բարեսրտությունն իր նկատմամբ»,-ասվում է պատասխան նամակում:
«Երկրի ժամը»
2007թվականից ի վեր աշխարհում նշվող «Երկրի ժամ» ակցիան՝ բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնելու, դրանց լուծման տարբերակներ գտնելու, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում մարդկանց համախմբելու փորձ է: Ակցիայի մասնակիցներին կոչ է արվում մեկ ժամով անջատել լույսերը:Այս տարի ևս աշխարհի 180-ից ավելի երկրներում ակցիային մասնակցել են տասնյակ միլիոնավոր մարդիկ: Մեկ ժամով խորհրդանշական մթության մեջ են ընկղմվել աշխարհի ամենահայտնի հուշարձաններից ու շինություններից մի քանիսը՝ Լոնդոնի Թաուերի կամուրջը, Էյֆելյան աշտարակը, Կոլիզեումը, Բրանդենբուրգյան դարպասները, Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը, Բուկինգհեմյան պալատը, Բիգ Բենը, Սիդնեյի օպերայի շենքը:
Տասնյակ հազարավոր ամերիկացիներ՝ երկրի տարբեր քաղաքներում իշխանություններից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել զենքի ազատ կրման իրավունքի խստացման ուղղությամբ: Բողոքի ակցիաներն անցկացվում են «Երթ՝ հանուն մեր կյանքի» ընդհանուր կարգախոսի ներքո: Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում ցուցարարների դեմ դուրս են եկել հարյուրավոր զինված մարդիկ՝ հայտարարելով, որ զենքի ազատ կրման իրավունքը չպետք է խստացվի: Նրանցից ոմանց մոտ եղել են ինքնաձիգներ: Վաշինգտոնում, Նյու Յորքում, Օքլենդում, Ատլանտայում, Փարքլենդում, Լոս Անջելեսում, Չիկագոյում և ԱՄՆ այլ քաղաքներում անցկացվել է 800-ից ավելի ցույց։
«World Airport Awards». Աշխարհի լավագույն օդանավակայանները
Ամեն տարի հանձնվող «World Airport Awards» անկախ մրցանակը սահմանվում է՝ աշխարհի 100 երկրի 14 մլն ուղևորներից ստացված գնահատականների հիման վրա։ Հարցմանը մասնակցել են աշխարհի շուրջ 550 օդանավակայաններից օգտված ուղևորները ։ Օդանավակայանները ճանապարհորդների կողմից գնահատվել է մի քանի ցուցանիշով՝ ներառյալ անվտանգությունը, մաքսային ու անձնագրային ստուգումը, գրանցման ժամանակ հարմարավետության մակարդակը, անգամ զուգարանների մաքրությունը և այլն։ Վարկանիշային ցանկի առաջին հորիզոնականը 6-րդ անգամ զբաղեցրել է տարեկան 60-63 մլն ուղևորահոսք ունեցող Սինգապուրի «Չանգի» օդանավակայանը։ Այն համարվում է ամենամեծ, ամենագեղեցիկ և հարմարավետ օդանավակայաններից մեկն աշխարհում։ Երկրորդ տեղում է հարավկորեական «Ինչհոնի» միջազգային օդանավակայանը, երրորդում՝ Տոկիոյի միջազգային օդանավակայանը։Ցանկի առաջատար հնգյակում են նաև Տոկիոյում «Հանեդա», Հոնկոնգի «Համադ» և Քաթարի միջազգային օդանավակայանները։
Ամբողջությամբ՝ champord.am