Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը շատ քիչ է խոսում իր հարստության և հաջողության մասին: Նրա հարցազրույցները կարելի է հաշվել մատների վրա: Վերջերս, սակայն, Բեզոսը խոսել է TechCrunch-ի հետ և բացահայտել է հաջողության մի քանի գաղտնիքներ:
Հունվարի 10-ին CNN-ը հայտնեց, որ հարստությամբ Բեզոսը շրջանցել է Բիլ Գեյթսին: Ըստ BBI-ի ՝ Բեզոսի հարստությունը գնահատվում է 106 միլիարդ դոլար:
Բեզոսն իր գործունեությունը ծավալում է ամենատարբեր ոլորտներում:
- Ուշադիր ընտրեք կնոջը կամ ամուսնուն
Ջեֆ և Մակենզի Բեզոսներն ամուսնացած են արդեն 24 տարի: Մակենզիին հանդիպելուց աաջ Բեզոսը մեկ անգամ չէ, որ փորձել է կարգավորել անձնական կյանքը, անգամ գնացել է կույր ժամադրությունների: Միայն ավելի ուշ նա հասկացավ, որ կնոջ մեջ փնտրում է ստեղծարարություն և մուսա լինելու հատկություն:
«Ինձ պետք էր կին, որը կօգներ ինձ դուրս գալ երկրորդ մարդկանց շարքից, որ կտար ինձ գաղափար և կօգներ իրականացնել այն,- ասել է Ջեֆը,- Մեկենզիի հետ ինձ պետք էր մի քանի րոպե՝ հասկանալու համար, որ ես հենց նրան եմ փնտրում, որ նա ստեղծարար է և հենց ինձ համար է»:
- Առանձին ժամանակ տրամադրեք բոլոր գործերին
«Ես աշխատում եմ հերթով զբաղվել իմ գործերով: Եթե ես ընթրում եմ ընկերներիս կամ ընտանիքիս հետ, ուրեմն ես ընթրում եմ: Եթե ես կարդում եմ էլեկտրոնային փոստը, ուրեմն ես կարդում եմ: Ես չեմ շեղվում մեկ այլ գործով: Ինձ դուր է գալիս իմ արածի վրա ամբողջությամբ կենտրոնանալը»,- պատմել է միլիարդատերը:
- Հարմարավետ անգործությունից գերադասեք ռիսկն ու արկածները
Բեզոսն ասում է, որ յուրաքանչյուրս կյանքն ապրելու երկու տարբերակ ունենք: Առաջին տարբերակում մեր կյանքը շատ հարմարավետ է և հանգիստ, երկրորդում՝ ռիսկային է, լի էքսպերիմենտներով և անկումներով: Ջեֆ Բեզոսն ապրում է երկրորդ տարբերակով:
1994 թվականին Բեզոսն աշխատում էր փոքրիկ ընկերությունում, որը նրան ապահովում էր օրվա հացով: Նա կարող էր չմտածել ապագայի մասին: Երբ Բեզոսն իր տնօրենին ասաց, որ հեռանում է աշխատանքից, որպեսզի բացի սեփական օնլայն-խանութը, տնօրենն ասաց, որ Ջեֆը պատրաստ չէ լքել ամեն ինչ՝ իր գաղափարի համար: Նկարագրելով Amazon-ը ստեղծելու ճանապարհը՝ Բեզոսը նշում է.
«Ես գիտեի, որ, երբ ես դառնամ 80 տարեկան, ես չեմ զղջա նրա համար, որ ռիսկի եմ դիմել: Միայն հասկանալուց հետո, թե ինչ է համացանցը, ես հասկացա, որ սա այն է, որ կարող է փոխել իմ կյանքը: Անգամ, եթե ես ձախողվեի, ես ինձ ավելի քիչ կանիծեի, քան չփորձելու համար»:
«Բիզնեսում հաճախ են հարցնում՝ «Ինչո՞ւ»: Սա լավ հարց է, բայց պատասխանն ավելի լավն է՝ «Ինչո՞ւ ոչ»»,- ասում է Բեզոսը:
- Միշտ ունեցեք այլընտրանքային տարբերակներ
Եթե Բեզոսը չլիներ Amazon-ի հիմնադիրը, ապա կլիներ կա՛մ շատ երջանիկ ծրագրավորող, կա՛մ բարմեն: Սրանք այն տարբերակներն են, որ միշտ պատկերացրել է Բեզոսը: Նա նշում է, որ իր համար սովորական է դարձել 0-ից սկսելը:
- Պարտությունները պարտադիր են՝ դրանց վրա սովորելու համար
Երեխաներին դաստիարակելու գործում Բեզոսն ու կինը նախընտրում են վիճելի, բայց ըստ իրենց՝ աշխատող տարբերակ: Բեզոսները երեխաներին թույլատրել են 4 տարեկանից օգտագործել սուր դանակներ, մի փոքր ավելի ուշ նրանք իրավունք են ունեցել օգտագործել էլեկտրական սարքեր:
«Ով չի սխալվում, չի զգում իր սխալների ցավը, նա զրկվում է իր սխալների վրա սովորելու հնարավորությունից: Ես կնախընտրեի լինել 9 մատով երեխայի հայր, քան ունենալ մի երեխա, ով չունի իրական աշխարհը ճանաչելու հնարավորություն»,- ասել է Բեզոսը։
- Պահպանեք աշխատանքի և կյանքի բալանսը
Բեզոսը նշում է, որ ինքն ավելի սիրում է «հարմոնիա» բառը: Ըստ միլիարդատերի՝ աշխատանքն ու կյանքը չպետք է համատեղվեն, բայց դրանք չեն կարող լինել առանձին, ինչպես ին-ը և յան-ը:
Բեզոսը նշում է, որ, եթե ինքը երջանիկ է տանը, ապա լավ աշխատող է ընկերությունում, եթե պրոդուկտիվ է աշխատում ընկերությունում, ապա պոզիտիվ հայր և ամուսին է:
Սա է պատճառը, որ Բեզոսն աշխատանքի ժամին հրաժարվել է անձնական և ընտանեկան զանգերից:
- Պահպանեք մանկական հետաքրքրասիրությունը
«Աշխարհն այնքան բարդ է, որ որոշ հարցեր լուծելու համար պետք է դառնալ փորձագետ,- կարծում է Բեզոսը,- ցավոք, երբ դուք դառնում եք փորձագետ, դուք ինֆորմացիոն դոգմաների թիրախում հայտնվելու ռիսկի տակ եք: Այս թիրախից դուրս գալը բարդ է: Այդտեղ չհայտնվելու համար պետք է պահպանեք մանկական հետաքրքրասիրությունը: Կրկին ու կրկին փորձեք հարցնել ձեզ՝ «Կարելի՞ է անել այսպես, իսկ այսպե՞ս, իսկ ի՞նչ կլինի, եթե…»:
Երբ դուք ինչ-որ հետաքրքիր բան եք անում, ապա հաստատ կունենաք քննադատներ: Եթե դուք չեք կարողանում ընդունել քննդատությունը, ապա մի արեք ոչ մի նոր կամ հետաքրքիր բան»: