«Ձեր աշխատողին դրեք առաջին տեղում, հաճախորդին՝ երկրորդ, իսկ բաժնետիրոջը՝ երրորդ տեղում». Ռիչարդ Բրենսոն
Advertisement 1000 x 90

«Ձեր աշխատողին դրեք առաջին տեղում, հաճախորդին՝ երկրորդ, իսկ բաժնետիրոջը՝ երրորդ տեղում». Ռիչարդ Բրենսոն

Երբ ընկերությունների մոտեցումը ձգտում է դեպի հաճախորդակենտրոն կողմնորոշում, պնդումն այն մասին, որ հաճախորդը պետք է լինի 2-րդ տեղում, հնչում է՝ որպես պարադոքս: Այս նյութն այն մասին է, թե ինչպես այս մոտեցումը դավանող Ռիչարդ Բրենսոնին հաջողվեց ձևավորել բացառիկ կորպորատիվ մշակույթ, որը դարձավ Virgin Group  կոնգլոմերատի աճի գրավականը: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են մեկանգամյա գործարքները, հյուրանոցային բիզնեսը, կապի և օդափոխադրումների ծառայությունները: Ռիչարդ Բրենսոնը հիմնականում ստեղծում էր 21-րդ դարի ընկերություններ: Փորձենք հասկանալ, թե ինչ է դա, և ինչպես դա նրան հաջողվեց:

Ռիչարդ Բրենսոնի կորպորատիվ փիլիսոփայության հիմքում ընկած է գաղափարն այն մասին, որ մարդն է ընկերության  ամենամեծ ու արժեքավոր կապիտալը: Նա համարում է, որ աշխատակիցներին պետք է հատկացնել առաջնահերթ ուշադրություն: Դրա համար նա ստեղծեց մշակույթ, ուր չկար հիերարխիա, բոլորը հավասար են, և ուր տիրում է ընտանեկան մթնոլորտ, երբ մարդկանց համար հարմարավետ է աշխատելը, և նրանք աշխատանքի հաճույքով են գնում:

Virgin Group կոնգլոմերատի կորպորատիվ մշակույթի հիմքը լիակատար ձեռնարկատիրական ծանրաբեռնվածությունն է: Բրենսոնի կարծիքով՝ դա միայն խնդիրների ի հայտ բերումը և դրանց ժամանակին կատարումը չէ: Դա նախ և առաջ՝ սեփական թիմը մոտիվացնելու կարողությունն է: Նա ասում էր. «Եթե դուք չեք կարողանում մոտիվացնել ձեր մարդկանց, ապա դուք չեք կարողանա հաղթահարել վատ ժամանակները»: Իսկ եթե աշխատակիցները երջանիկ են և վայելում են իրենց աշխատանքը, նրանք կշարունակեն արդյունավետ մնալ: Հետևաբար, հաճախորդներին հաճելի կլինի ընկերության հետ փոխհամագործակցությունը:

Երևակայությունը

Ցանկացած առաջնորդի դերը թիմին իր տեսլականի ստեղծմանն ու հեռարձակմանը հաղորդակից դարձնելն է: Իսկ ինչո՞ւ է այդքան անհրաժեշտ ցանկացած փոփոխությունների լավ մտածված տեսլական ստեղծելը կոմունիկացիոն ռազմավարության և սկզբունքների տեսակետից: Ամենահայտնի առաջնորդներն իրենց տեսլականը փոխանցող և կենսունակ այլընտրանք ներկայացնող քաղաքական գործիչներն են: Դա կատարվում է լեզվի, փոխակերպումների, համեմատությունների և պատկերների միօջոցով, որոնք հենց իրենք են ստեղծում մարդկանց ոգեշնչելու և այդ տեսլականն իրականություն դարձնելու համար:

Հենրի Ֆորդի նպատակը զանգվածային շուկայի համար մատչելի ավտոմեքենայի ստեղծումն էր: Նրա հայրը ֆերմեր էր, և նա ցանկանում էր օգնել ֆերմերներին: IKEA ընկերության հիմնադիր Ինգմար Կամպրադի անկյունաքարային գաղափարը զանգվածների համար մատչելի կահույքի ստեղծումն էր, իսկ Բիլ Գեյթսն ուզում էր փոխել մարդկանց մոտեցումներն աշխատանքի նկատմամբ:

Երբ մարդիկ մոտիվացված են, նրանք իրենց վրա կազմակերպության առաքելության և տեսլականի վերաբերյալ պարտավորություն են վերցնում: Ձեր տեսլականը պետք է խաղա երևակայության վրա և խթանի ձեր աշխատակիցների ստեղծագործական հմտությունները: Այն պետք է ոգեշնչող լինի, որպեսզի մարդիկ հպարտանան, որ աշխատում են հենց ձեր ընկերությունում: Այսպես է Ռիչարդ Բրենսոնը զարգացնում իր մարդկանց շրջանում ձեռնարկատիրական ոգին, և սա հենց Virgin-ի հաջողության գաղտնիքներից մեկն է: Նա աշխատանքի է ընդունում նորարարական գաղափարներ ու ձեռնարկատիրական պոտենցիալ ունեցող մարդկանց, մարդկանց, ովքեր ուզում են տարբերվել լայն զանգվածներից, կյանքին նայում են՝ որպես մրցման, որում իրենք ուզում են հաղթող լինել:

Լիազորությունների ընդլայնում

Հզոր առաջնորդներն արդյունավետ են այնպիսի պարտավորությունների և նպատակների ստեղծման գործում, որոնք ունակ են մարդկանց ներքաշել ու համախմբել ընդհանուր գաղափարի շուրջ: Նրանց այդ հմտություններն օգնում են աշխատակիցներին հասկանալ բիզնեսը և զարգացնել սեփականության զգացումը: Այդպիսի կազմակերպություններում աշխատող մարդիկ համոզված են, որ ռազմավարությունները չեն սահմանափակվում բարձրագույն ղեկավարությամբ: Առաջնորդները հաճախ են խոսում իրավունքների և հնարավորությունների ընդլայնման մասին, բայց իրենց սպասումներն արդյունավետության բարձրացման հետ շատ առնչություն չեն ունենում, որպես կանոն: Այնուամենայնիվ, կան բացառիկ առաջնորդներ, որոնք աշխատակիցներին տալիս են ավելի շատ լիազորություններ և բարձրացնում են վերջիններիս ինքնագնահատականը, որպեսզի նրանցից յուրաքանչյուրին օգնեն դուրս գալ սպասումների կաղապարից:

Հարմարավետություն և թաքնված պոտենցիալի արթնացում

Յուրաքանչյուր կազմակերպությունում կան մարդիկ, որոնք ոչ ամբողջովին են օգտագործում իրենց հնարավորություններն ու ունակությունները: Գոյություն ունի հսկայական քանակությամբ չիրացված էներգիա, որն առաջնորդը պետք է ուղղի դեպի ճիշտ հուն: Առաջնորդը նման է սոցիալական աշխատողի, ով ապահովում է անվտանգության զգացումը, հավատ է ներշնչում ու ստեղծում հարմարավետ միջավայր: Այստեղ էմոցիոնալ ինտելեկտն անբաժանելի բաղկացուցիչ է, որն էլ հենց արդյունավետ առաջնորդին տարբերում է միջին հարաբերական միջակությունից: Ռիչարդ Բրենսոնը հետևյալ պատմությունն է պատմում. «Մի անգամ մեր ավիաընկերության թռիչքներից մեկի ժամանակ ես նկատեցի, որ բորտուղեկցորդուհու ոտքին լեյկոպլաստ է կպցրած: Ըստ երևույթին, նա նոր կոշիկ էր գնել, և դրանք, նեղ լինելով, տրորել էին վերջինիս ոտքը: Բայց եթե նրա համար քայլելը ցավոտ է, ինչպե՞ս կարող է անկեղծորեն ժպտալ ուղևորներին և օգնել նրանց: Պետք էր օգնել նախ և առաջ աղջկան: Մենք նրա համար հարմար կոշիկ գտանք, որպեսզի նա հանգիստ կարողանար աշխատել»:

Առավել արդյունավետ առաջնորդները հասկանում են, որ թիմին ղեկավարելու էությունն այն է, որ կարողանան ստեղծել այնպիսի հարմարավետ միջավայր, որում մարդիկ կարողանան բացահայտել իրենց ստեղծագործական պոտենցիալը և ամբողջովին մտնեն այն բանի մեջ, ինչ անում են: Բրենսոնը ստեղծել էր կազմակերպչական կառույց, ուր մարդկանց բնորոշ է սեփականության զգացումը: Սա իմ ընկերությունն է, իմ նախագիծը, մենք. ահա նրանց բնորոշ արտահայտությունները: Խարիզմատիկ առաջնորդի 3 գծերը՝ շրջահայացությունը, իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը և էներգիայով լեցուն լինելը, անհրաժեշտ են թաքնված տաղանդների բացահայտման, նրանց այս աշխարհի համար լիովին բացահայտելու ու այն միասին ավելի լավը դարձնելու համար: Ռիչարդ Բրենսոնն իր փիլիսոփայությանը հետևում է գրեթե կրոնական ֆանատիկոսի պես:  Virgin Group կոնգլոմերատի կազմում գոյություն ունեցող ընկերությունները գոյություն ունեն՝ որպես ոչ մեծ ինքնավար միավորումներ, որոնք զարգանում են՝ որպես ինքնակառավարվող միավորներ: Այդպիսի կազմակերպություններում մարդիկ աշխատանքի իրենց սեփական ստանդարտներն են ստեղծում, զբաղվում են համակարգերով ու շարունակական ինքնուսուցմամբ: Նրանք շատ բանի են գնում մարդկանց մտածողությունը փոխելու, ընդհանուր նպատակներին հասնելու համար: Virgin Atlantic-ն այդպիսի մոտեցման հիանալի օրինակ է: Այստեղ յուրաքանչյուր ջանք գործադրվում է այն բանի համար, որ հաճախորդին զարմացնեն անսովոր եղանակով՝ գերազանցելով պահանջմունքները: Օրինակ՝ 1-ին կարգի ուղևորներին թռիչքի ընթացքում թուլացնող մերսում են անում, նրանց մեկնման կետից մինչև ժամանման կետ անվճար տրանսֆեր է տրվում: Ինչպես հայտնի է, ինքը՝ Ռիչարդ Բրենսոնն է դիմավորում այն թռիչքները, որոնք ուշ են ժամանում կամ ուշանում են: Այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին Virgin Atlantic-ն է, բոլոր գործընթացներն ուղղված են հաճախորդի հետ շփվելու լավագույն փորձ ապահովելուն և մշտական հետադարձ կապի շնորհիվ իմպրովիզացիաների դիմելու հնարավորության բարձրացմանը:

Virgin Atlantic-ում յուրաքանչյուր աշխատակից ծանոթ է իր կազմակերպության կորպորատիվ մշակույթի հետ: Ընկերության արժեքներն անդադար պրոպագանդվում են վորքշոփերի, խորհրդակցությունների ու սեմինարների միջոցով: Այլ կերպ ասած՝ Virgin Atlantic-ը միշտ գիտակցում է մարդկային կապիտալի արժեքը, բոլոր աշխատակիցներին վերաբերվում է ուշադրությամբ, և որպես հետադարձ ռեակցիա՝ ընկերությունը ստանում է աշխատանքի բարձր արդյունքներ:

Բիզնեսի աշխարհում, ուր բաժնետերը վերահսկում են ամեն ինչ, Virgin-ը շարունակում է աճել իրենց աշխատակիցների ու հաճախորդների համար առաջնայնությունները հաշվի առնելու շնորհիվ: Աշխատակիցները միշտ առաջին տեղում են, իսկ հաճախորդները՝ 2-րդ: Եվ այս ամենը ներդրել է Ռիչարդ Բրենսոնը: Հնարավոր է՝  նա առաջնորդության մասին գրքեր չի գրել, սակայն ստեղծել է հաջողակ ընկերություններ՝ աշխատակիցներին դնելով առաջին տեղում: Նրա ընկերությունների հմայքը ղեկավարման ոճի և այն գիտակցության մեջ է, որ երջանիկ աշխատողներն ավելի շատ օգուտ են տալիս:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը