Նոթատետրը լրագրողի անբաժան գործիքներից է: Ինչպես և ձայնագրիչը, գրիչը՝ նոթատետրը պրոֆեսիոնալ լրագրողի զենքն է: Եվ չնայած թվային դարաշրջանում շատերն ավելի առնչվում են համակարգչի հետ, այնուամենայնիվ, նոթատետրը մնում և մնացել է հետաքրքիր գաղափարների, մտքերի կրողը: «Արմենպրես»-ի «Նոթատետր» նոր նախագծի հերոսները հայաստանյան ժամանակակից լրագրության երևելի ներկայացուցիչներն են: Մարդիկ, ովքեր նոթատետրն իրենց ձեռքին տարիներ շարունակ կատարում են կարևորագույն առաքելություն՝ հաղորդում են ճշմարիտ, կարևոր, արդիական տեղեկատվություն, հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են առաջ քաշում, լուծումներ փնտրում:
Hellman/Hammett լրագրողական ամենամյա մրցանակի դափնեկիր, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն լրագրող Մարկ Գրիգորյանը շատ հետաքրքիր կերպով մուտք գործեց լրագրության ասպարեզ: Աշխատանք Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում, այնուհետև մանկավարժական գործունեություն: 1993 թվականը որոշիչ տարի էր ապագա պրոֆեսիոնալի համար, մասնագետ, ով կարճ ժամանակ անց դարձավ երկրի լավագույն լրագրողներից մեկը: «Արմենպրես»-ն իր նոր նախագծի շրջանակում Մարկ Գրիգորյանի հետ զրուցել է լրագրողին ու լրագրությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ:
Մուտքը լրագրություն
1993 թվականի օգոստոսին հայրս եկավ մեր տուն և ասաց ինձ, որ իր կյանքի երազանքը կատարվեց: Ես ասացի» «Ուռա՜, ի՜նչ լավ է: Դու ընդամենը 65 տարեկան ես, և քո կյանքի երազանքը կատարվեց: Թե՞յ կխմես, թե սուրճ»: Ասաց. «Ա՛յ տղա, չե՞ս հասկանում, իմ կյանքի երազանքն է կատարվել»: Ես էլ պնդեցի. «Չե՜ս պատկերացնի՝ ի՜նչ ուրախ եմ քեզ համար: Թե՞յ ես ուզում, թե սուրճ»:
Եվ այդ խոսակցությունը շարունակվեց: Խոսակցության ընթացքում ես հասկացա՝ նա ցանկանում է, որ ես իրեն հարցնեմ՝ որն է իր կյանքի երազանքը: Բայց չէի հարցնում: Ի վերջո, իհարկե, հարցրեցի: Նա ասաց, որ դարձել է թերթի խմբագիր, բայց չի ընդունի խմբագիր լինելու առաջարկը, մինչև ես չդառնամ փոխխմբագիր: «Եթե չհամաձայնես, իմացի՛ր, որ քո պատճառով իմ կյանքի երազանքը չի իրականանա»,-ասաց հայրս:
Ես համաձայնեցի:
Ամբողջությամբ՝ armenpress.am