30 տարի առաջ, 1988-ին, Երևանում «Ղարաբաղ» կոմիտեի հյուրն էի, այն ժամանակ՝ ամենազոր: 100 հազարանոց հանրահավաքները սովորական էին, ամենօրյա, և բողոքը տոնից չէր տարբերվում: Կոմիտեի անդամները՝ ապագա վարչապետերն ու նախագահները, ինձ Հայաստանն էին ցույց տալիս: Նրանք բոլորը անկախություն էին ուզում: Ոչ մի բանից չէին վախենում, վստահ էին, որ Սփյուռքը երկիրը ներդրումներով կողողի, իսկ Թուրքերը կվերադարձնեն Արարատը, մեկ է, ի՞նչ են անելու: Ամեն մի խաչմերուկում այդ հրաշալի ինտելիգենտները՝ աստրոֆիզիկոսները, բանասերները, բանավիճում էին, բանավիճում… անփորձությունս թույլ չէր տալիս նկատել նրանց թերությունները: Սպիտակի երկրաշարժից շաբաթներ առաջ, անկախությունից ամիսներ առաջ… ովքեր ողջ մնացին, դարձան մարտիկներ, հաճախ՝ դիկտատորներ, ինչպես երեկ հեռացած վարչապետը:
Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանը՝ զինված տղամարդկանց ազգ-պետություն է, 30 տարի պատերազմի մեջ է: Ղարաբաղը քարոզչական փուչիկ չէ, ինչպես «Նովոռոսիան»:
Հայկական բողոքի տարբերությունը. կողմերն իմաստուն վարք են դրսևորում, ինչպես ուժեղ մարտիկները:
Նախկին նախագահ, վարչապետ և մարտիկ Սերժ Սարգսյանը իմաստուն քայլ արեց, բայց ոչ միանգամից:
Բողոք չէր լինի, եթե նա, հայտարարելով, որ չի դառնա վարչապետ, այդուհանդերձ՝ դարձավ, որոշեց դառնալ հայկական Պուտին: Միգուցե Մոսկվայի խորհրդո՞վ: Հին զինվորին ոչ վայել քայլ: Եվ երբ բողոքին միացան զինվորականները, հնչեցին «ես սխալվեցի», Ղարաբաղը ազատագրած իմաստունի խոսքերը:
Այն, ինչ տեսնում ենք Մայդան չէ, այլ՝ սահմանադրական հեղափոխություն, որի հենարանը քաղաքացին է: Սա էլիտաների ճեղք չէ, ինչպես 2004-ի Ուկրաինայում, հակառակը՝ ճեղքից խուսափելու սահմանադրական քայլ: Սարգսյանը և ընդդիմությունը բացառեցին ուժային միջամտությունը, ահա՝ արյունալի Մայդանից գլխավոր տարբերությունը: Հայաստանի քաղաքական մշակույթը տարբերվեց թե՛ կիևյանից, թե՛ մոսկովյանից: Այստեղ միշտ եղել են փոխադարձ հարգանքով ուղեկցվող քննարկումներ, բողոքի փողոցային ցույցեր: Ընդդիմության այժմյան առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բանտում է եղել, բայց հետո կարողացել է դառնալ խորհրդարանի անդամ: Բանակցությունները ընդհատվեցին, բայց դրանց ողջ երկիրն էր հետևում: Խորհրդարանի խոսնակը ճգնաժամի ժամանակ չի թաքնվել, այլ այցելել է ազատազրկվածներին, խորհրդակցել է: Հայաստանում աշխատեց սահմանադրական ողջ համակարգը, դրանցից ոչ մեկը հիմա Ռուսաստանում չի գործում:
Իհարկե, Հայստանի ոչ մի կառավարություն Մոսկվայից երես չի թեքի: Իրանի հարավային գիշատիչ հայացքի ներքո, Թուրքիայի և Ադրբեջանի արանքում հայտնված Հայաստանին ոչ մեկը չի օգնի: Սփյուռքի կապիտալը, ինչպես 30 տարի առաջ, չի մղվի Հայաստան (համարում են ռիսկային): Իսկ Ռուսաստանը՝ կուլ կտա երևանյան դասը, հակառակ դեպքում, կկորցնի Հայաստանը: Այդուհանդերձ, նրա ստրատեգիական մեկուսացումը խորանում է: Հետխորհրդային աշխարհում Մոսկվան միակ քաղաքական անտաշն է, որը դեռ չի սովորել սահմանադրական ճանապարհով ճգնաժամերից դուրս գալ: Մեր պետականությունը ցանկացած հարցին պատասխանում է ժանգոտած մանթրայով՝ «Պուտին», արարի վերջում սրբելով բոլոր կապերը, պայթեցնելով բոլոր կամուրջները, մոռանալով թիկունքում մնացած իր պարտիզաններին:
snob.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը