Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, բնորոշվում է քաղաքագիտական մեկ տերմինով՝ օխլոկրատիա: Ի՞նչ է դա:
Օխլոկրատիան այն է, երբ որոշումներ կայացվում է ամբոխի քմահաճույքներով՝ նրան առաջնորդող անձի կամ անձանց ուղղորդմամբ: Ինչպես, օրինակ, հրապարակում է որոշվում՝ տվյալ դեպքում վարչապետի թեկնածուն, որը պետք է պարտադրվի Ազգային ժողովին՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ ընդհանրապես չի լինի վարչապետ» վերջնագրով: Սա ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ, չխոսելով արդեն, որ ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը: Սակայն ամբոխի քմահաճույքը դա է, և բոլորը, այդ թվում՝ օրենսդիր իշխանությունը, պետք է դրան համաձայնեն:
Եթե ժողովրդավարության ժամանակ կարելի է հարկադրել գործող նախագահին կամ վարչապետին հրաժարական տալ, ապա միայն օխլոկրատիան կարող է պարտադրել, որ պատգամավորները քվեարկեն իրենց համոզմունքներին և մոտեցմանը հակառակ: Եթե դա տեղի չունենա, ապա հեղափոխական պատանեկան ջոկատները կանեն այն, ինչ արեցին ՀՀԿ պատգամավորների նկատմամբ՝ սգո ժապավաններից՝ մինչև նրանց բնակարանների մոտ հայհոյանքներ, անձնական վիրավորանքներ և այլանդակության այլ դրսևորումներ: Որպես դրա հետևանք՝ միայն օխլոկրատիայի դեպքում կարող է այնպես լինել, որ խորհրդարանն «ընտրի» վարչապետի, որը չունի խորհրդարանական մեծամասնություն, և որի թեկնածությունը պարտադրում է հրապարակը կամ փողոցը: Հակառակ դեպքում՝ ամբոխը կաթվածահար կանի մայրաքաղաքը և ամբողջ երկիրը՝ ընդհուպ՝ օդանավակայան, երկաթուղի, մաքսային սահմանակետերեր, չխոսելով արդեն փողոցների և ճանապարհների մասին: Ասել, որ այս ամենը ոչ միայն ժողովրդավարության հետ կապ չունի, այլև մարդկանց իրավունքների զանգվածային ոտնահարման դեպքեր են, նշանակում է՝ շատ քիչ բան ասել: Հայաստանի դեպքում այս ամենը նաև սեփական երկրի շրջափակման օղակի սեղմում է, որը, ի լրումն Թուրքիայի և Ադրբեջանի, իրականացնում է «թավշյա» կամ «սիրո» հեղափոխության ամբոխը՝ հանուն սեփական կուռքին իշխանության բերելու: Ընդ որում, շրջափակում էին անգամ զինվորական շարասյուները, որոնք մեկնում էին Արցախ կամ սահմանամերձ զորամաս, ինչպես նաև՝ հայկական ատոմակայանը սպասարկող ավտոմեքենաները: Սա ոչ այլ ինչ է, քան բանականությունը կորցրած ամբոխի քմահաճույք:
Այս ամենը նշանակում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, զավթել է իշխանությունը: Որքան էլ համընթաց քամին բռնած քաղաքական ուժերը, քաղաքագետները, շոու-բիզնեսի «աստղերը», տարբեր բնագավառների ներկայացուցիչները փորձեն շողոքորթել նոր իշխանությանը և չնկատելու տալ այս հանգամանքը, միևնույն է, նոր վարչապետն ընտրվել է ամբոխի կամ փողոցի ճնշմամբ: «Համաժողովրդական շարժում» հասկացություն օգտագործողները երբեք չեն կարող բացատրել, որ, եթե այդ շարժումն իսկապես համաժողովրդական էր ու ուներ բնակչության գերակշիռ մեծամասնության աջակցությունը, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չցանկացավ իր դիրքերն ամրապնդել նոր ընտրությունների միջոցով: Այսինքն, նա խուսափեց ժողովրդավարական տարբերակից՝ ընտրելով օխլոկրատիայի միջոցով իշխանության գալը, որի պատճառով նրան ուղեկցելու է լեգիտիմության ուրվականը:
«Սիրո» հեղափոխությունը նաև վտանգավոր նախադեպ է: Հայաստանում դեռևս չէր եղել լեգիտիմ իշխանությունը տապալելու երևույթ: Այսուհետ, իշխանություն տենչող ցանկացած անձ կամ քաղաքական ուժ, անգամ ընտրությունների արդյունքները ճանաչած լինելու դեպքում, որոշ ժամանակ անց, օգտագործելով գունավոր հեղափոխությունների նույն զինանոցը, կարող է տապալել այդ պահին գործող լեգիտիմ իշխանությունը՝ ասելով, որ քաղաքական իրավիճակ է փոխվել:
Մի խոսքով, բարի գալուստ ամբոխի ճնշման տակ գտնվող Հայաստան՝ դրանից բխող բոլոր վտանգներով…
Մարտին Սարգսյան