Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հրապարակումը.
Սահող տարիներս աննկատ բեռնաթափում են հիշողությունս: Ժամանակն իրար հետևից սրբում է ամեն տեսակ միջադեպերին և իրադարձություններին կապված համեմատաբար թույլ հուշերս և կարծես դրանք բյուրեղացնելով առայժմ խնայում է առավել հիշարժանները: Վերջինների թվում, ըստ իս կան այնպիսինները, որ թերևս արժեր գրի առնել, մանավանդ, որ զգում եմ, թե անցնող ժամանակը կամաց-կամաց խամրեցնում է նաև այն ամենն, ինչն այսօր դեռևս թարմ է թվում: Իհարկե, չեմ էլ բացառում, որ այն՝ ինչն ինձ արժեքավոր և հիշելի է թվում, ի վերջո գնահատվի, որպես անկարևոր: Հնարավոր է նաև, որ պարզվի, թե անտեղի են եղել հուշերիս մոռացումին առնչվող անհանգստություններս և հարկ էր առանց դրանց անդրադառնալուն և է՛լ առավել՝ գրի առնելուն հատկացրած ժամանակի ծախսին դրանց հանգիստ թողնել ու ընդամենն ապրել վերապահված կյանքի մնացորդը:
Առ ի փորձ կամ քննություն, այնուամենայնիվ, ցանկանում եմ համբերատար ընթերցողիս ներկայացնել հուշերիցս մեկը, որն առնչվում է Արճեշի Բերդաղ գյուղից սերող մեր տոհմի պատմությանը:
Ընդհանրապես, պապին տեսած և հետը զրուցած թոռներից շատերն են ափսոսում, որ իրենց ժամանակին շատ բաների մասին, որ կարելի էր և անհրաժեշտ էր խոսել պապի հետ՝ չի արել կամ արել է մասնակի: Ես էլ հենց այդպիսինների թվում եմ, ով տարիների հեռավորությունից անչափելի ափսոսանք է զգում, որ իր ժամանակին պապի հետ այնքան կարևոր բաների մասին չի զրուցել: Այս խնդրում, այնուամենայնիվ, մի մխիթարություն ունեմ և դա այն է, որ պապիս մահվանից (1983) մեկ, թե երկու տարի առաջ զրուցել էի մեր տոհմի մասին ու ըստ պապիս իմացածների կազմել էի Բերդաղից սերող մեր ազգի տոհմածառը:
Այդ օրերից ավելի քան երկու տասնամյակ անց՝ 2004-ին բախտ ունեցա ոտք դնել պապիս շուրթերից այնքան հաճախ արտաբերված ու նաև հորս բանաստեղծություններում բազմիցս հիշատակված մեր տոհմի օրրան՝ Արճեշ գավառի Բերդաղ գյուղը:
2004 թ. ձեռնարկած ճամփորդությունս առաջնեկն էր՝ դեպի Արևմտյան Հայաստան իրականացված մեր իրարահաջորդ բազմօրյա ճամփորդությունների շարքում և հենց այդ առաջին առիթից օգտվելով էլ մեծ ցանկություն ունեի Բերդաղում լինել:
Մեր փոքրիկ խումբն այժմ Էրջիշ կոչվող Արճեշ քաղաք հասավ հուլիսի 30-ին: Հիշում եմ քաղաքամիջում մայթով քայլող մի բնակչին ուղղած մեր հարցը, թե որտեղ կարող ենք մաքուր, բայց և ոչ թանկ հյուրանոց գտնել: Անցորդն անմիջապես հարցրեց մեր, ո՞ր երկրից լինելը և Հայաստանի անունը լսելով պատրաստակամ մատնանշեց մի հյուրանոց, որն ինչպես պարզվեց իրապես թե՝ հարմարավետ էր և թե մատչելի: Գիշերակացի խնդիրը լուծելուց հետո դեռ մինչև օրվա վերջ մի քանի ժամ լույս ունեինք և դեռ կհասցնեինք մի որևէ գյուղ այցելել: Ընտրությունն իհարկե պիտի կանգ առներ Բերդաղի վրա, որն, անշուշտ, կարելի էր այցելել նաև հաջորդ օրը, որով լույսով ավելի ժամ կհատկացնեինք գյուղին, բայց այդպես վարվելու համար համբերությունս չհերիքեց և րոպեներ անց մենք արդեն Բերդաղի ճանապարհին էինք: Ճիշտն ասած անպայման այդ օրը գյուղ հասնելու համար մեկ այլ դրդապատճառ էլ ունեի: Հուլիս 30-ը ծննդյանս օրն էր և կարծես ինքս ինձ ուզում էի նվեր անել՝ հատկապես այդ օրը պապերիս գյուղ ոտք դնելով:
Հազիվ կես ժամ անց հասանք ներկայումս Դինլենջե վերանվանված Բերդաղի մատույցներին: Գյուղեզրի առաջին կառույցը մի փոքրիկ խանութ էր, որի մուտքի առջև երկարած ծածկի ներքո խմբված քրդերը դիտում էին ընկերակից զույգի նարդու խաղը:
Թարգմանի միջոցով ներկայացրինք մեր այցի նպատակը: Խաղն ընդհատած քրդերից մեկն ասաց, թե մեր հարցումներին գյուղում միայն մեկ անձ կա, որ հնարավոր է կարողանա պատասխանել և ներկա երիտասարդներից մեկին հանձնարարեց շտապով հրավիրել բանիմաց համագյուղացուն: Հազիվ 10 րոպե անց երիտասարդը վերադարձավ միջահասակ և ոչ այնքան տարեց մի մարդու հետ: Մենք մեր հարցումները կրկնեցինք նաև այս մարդու համար, որում հատկապես շեշտեցինք, որ ինքս բերդաղցու ծոռ եմ և, որ իմ պապիս հայր՝ Գևորգն այս գյուղի ծնունդ էր ու նա էլ Հովհաննեսի (Ախանես աղա) որդին էր, իսկ վերջինս էլ Բերդաղի ռեիս Կարապետի որդին էր (ի դեպ, նրանից էլ առել ենք մեր ազգանունը): Ինձ շատ էր հետաքրքրում, թե այս անունները մի որևէ բան կհուշեն գյուղի ներկայիս բնակիչներին և ի մասնավորի այս մարդուն, ով հայտնի էր գյուղի հայերին վերաբերող պատմությունների իմացությամբ:
Մեր հարցումների ավարտին մարդն առանց մի խոսք արտաբերելու գլխի շարժումով իրեն հետևելու նշան արեց ու առաջ անցավ: Հինգ հոգուց բաղկացած մեր խումբն էլ իսկույն սկսեց հետևել այս ու այն տնամերձ հողակտորները հատող, դրանց ոչ բարձր պատնեշների, երբեմն նաև առուների վրայից պարբերաբար և նկատելի դյուրությամբ ցատկող մեր առաջնորդին: Ընդամենը մի քանի րոպե այսպես քայլելուց հետո մեր առաջնորդը կանգ առավ հերթական շրջափակ հողակտորի կենտրոնում և լուռ ու համբերատար սպասեց, որպեսզի պոչ-պոչի իրար հետևից քայլող մեր խմբի բոլոր անդամները տեղ հասնեն: Մեզանից բացի մոտիկ տնից անմիջապես այդտեղ էր եկել նաև տվյալ հողամասի տերը, ով հարցական հայացքով մերթ մեզ էր դիտում, մերթ էլ իր՝ ակնհայտորեն մեծ հարգանք վայելող համագյուղացուն, ով մի կարճ լռությունից հետո դեմքն իմ կողմն ուղելով, բայց խոսքը թարգմանին հասցեագրելով ասաց. –դու քո պապերի հողամասի վրա ես կանգնած: Նաև ավելացրեց. –առաջ այստեղ միայն խաղողի վազեր էին, որոնց վայրենացած մնացորդները տեղ-տեղ դեռ նշմարվում են հողամասի շրջապարսպի վրա: Մեր ժողովուրդը խաղողագործությամբ չի զբաղվում, ուստի տարածքն ազատվել է անասնակեր ցանելու համար:
Այս կարճ բացատրությունների ավարտին մեզ պես ունկնդիր դարձած հողամասի տերը գրեթե վազքով դեպի իր տունն ուղղվեց և մի խումբ կանանց ու աղջիկների հետ սփռոցը, մութաքիներն ու թեյի պարագաները ձեռքներին արագ վերադարձավ: Մեզ առաջարկեցին մեր պապերին պատկանած հողամասի մեջտեղում, հենց մեր կանգնած տեղում՝ թեյի նստել: Թեյախմության պահին տան տերն ասաց, թե՝ չի կարող նվիրել, բայց սովորականից շատ ավելի ցածր արժեքով կարող է իմ պապական հողամասն ինձ վաճառել, եթե իհարկե այն գնելու ցանկություն ունենամ:
Մեր առաջնորդ քուրդը նաև շեշտեց, որ հարևան Փանիկ գյուղում են բնակվում այս նույն հողատիրոջ շառավիղները, ովքեր փաստորեն իմ արյունակիցներն էին: Այս տեղեկությունը պարզապես ցնցեց ինձ, բայց արդեն օրվա վերջն էր, ուստի որոշեցի Փանիկի այցելությունս թողնել առավոտյան:
Թեյից հետո, քրդերը մեզ առաջնորդեցին նաև հարևանությամբ գտնվող աղբյուրը, շեշտելով, թե դա էլ է նույն հողատիրոջն, այսինքն՝ իմ պապերին պատկանել: Աղբյուրին կից երեսնիվայր մի խաչքար կար: Այն տեսնելու համար քրդերն օգնեցին շրջել:
Հասցրեցինք տեսնել նաև միակ պարզ խաչքարով հայոց գերեզմանոցատեղին և ձորամիջի ջրաղացի ավերակները:
Անսպասելի տպավորությունների ազդեցության ներքո վերադարձանք Արճեշ քաղաք, երբ արդեն բոլորովին մութ էր: Սակայն, այստեղ պարզվեց, որ Ջավախքից վարձակալած մեր մեքենան ինչ-որ խնդիր ուներ, ուստի այն վերացնելու համար անհրաժեշտ էր առավոտյան նախ արհեստանոց հասնել:
Առավոտյան ինքս անիմաստ համարեցի արհեստանոցում լինել, այլ որոշեցի սպասել հյուրանոցում: Մոտ երկու ժամ անց, նորոգության խնդիրը լուծած մեր մեքենան վերադարձավ, սակայն որոշ տհաճ լուրերի հետ մեկտեղ: Բանն այն էր, որ երբ նորոգող արհեստավորներն իմացել էին, թե մենք ո՞ր հյուրանոցում էինք իջևանել, զարմանքով նշել էին, թե դա քաղաքի 25 հյուրանոցների թվում միակն է, որի անձնակազմը թուրքեր էին և որը պարզապես լրտեսանոց էր և անկեղծ զարմացել էին, թե ինչպես ենք գտել հենց այդ հյուրանոցը:
Իրենց իմացած զանազան հնավայրերն առաջնորդելու պատրաստակամությամբ արդեն մեր մեքենայում գտնվող արհեստանոցի աշխատակից երկու քուրդ երիտասարդները հյուրանոցի աշխատակազմից նկատվելու մտավախությամբ նույնիսկ մեքենայից դուրս չէին եկել: Ինչևէ, գուցե նույնիսկ տեղի տալով ավելորդ զգուշավորությանը որոշեցինք Արճեշում այցելելիք մյուս վայրերը թողնել ապագային: Այդպիսով հուլիսի 31-ին միայն Զիլանի շրջանում մի քանի հնավայրեր այցելելուց հետո մենք հեռացանք Արճեշի սահմաններից և հարևան Թիմար գավառի զանազան գյուղերն ու հնավայրերն այցելելուց հետո մի քանի օրից հասանք Վան քաղաք: Այստեղ մի հյուրանոցում հանգրվանելով մոտ մեկ շաբաթ շարունակ շրջագայեցինք Վան-Տոսպ և Հայոց ձոր գավառների գյուղերում:
Երևի մի 10 օր էր անցել, ինչ մենք դուրս էինք եկել Արճեշի շրջանից, երբ հերթական երեկոյան հյուրանոցի հերթապահն իրազեկեց, թե ցերեկը երկու հոգի՝ հայր և որդի մեզ էին հարցրել և հեռախոսահամար թողնելով խնդրել, որ իրենց հետ կապվեինք: Զանգեցինք և ո՜վ զարմանք, փանիկաբնակ բերդաղցի արյունակիցներս էին, ովքեր մեր մասին Բերդաղից լուրն առնելուց հետո փաստորեն օրեր շարունակ հարց ու փորձով գավառից գավառ, գյուղից գյուղ մեզ էին փնտրել ու վերջապես գտել:
շարունակելի