Վահագն Թևոսյան. «Ես դեռ լավ չեմ պատկերացնում՝ ոնց ա պետք լուծել էդ հարցը…»
Advertisement 1000 x 90

Վահագն Թևոսյան. «Ես դեռ լավ չեմ պատկերացնում՝ ոնց ա պետք լուծել էդ հարցը…»

1999թ. ավարտին մանկավարժական պրակտիկայի էի նշանակվել Երևանի ամենահայտնի դպրոցներից մեկում: Երկուսով էինք՝ երկուսս էլ 20-21 տարեկան, ազատության հովերով տարված, գերոգևորված: Ըստ պլանի, ավագ դասարանում պիտի Հակոբ Պարոնյան դասավանդեինք՝ սկզբից մինչև վերջ:

Մանավանդ, որ աչքներիս առաջ ունեինք գրականության դասավանդման լավ օրինակ՝ Անուշ Սեդրակյանին, պլյուս անսահման էներգիա ու խփո գաղափարներ ունեինք, աշխատում էինք ամեն դասը վերածել տոնախմբության: Օրինակ մինի իմպրովիզ ներկայացումներ էինք դնում տեղում, կամ ասենք ես ինքս՝ Մեծապատիվ մուրացկանների մասին խոսելիս կանգնում էի սեղանին՝ պոետի մոնոլոգը ասելիս:

Երեխեքը ցնծում էին, բոլորը դասի էին գալիս պատրաստված, մի բան էլ ավելին անելու մղումով, ով արած չէր լինում՝ նենց թարս էին նայում վրան: Երկու-երեք հոգի էնքան դիսկոմֆորտ էր զգում, որ ավանդույթի համաձայն դաս չանելը արդեն ոչ թե լավ տղու, այլ վատ տղու քայլ ա դիտարկվում, որ երեք-չորս դաս հետո սկսեցին ներգրավվել:

Պրակտիկայի ավարտը նշանավորող մի բան մտածեցինք երեխեքի հետ՝ սարքել պատի թերթ, որտեղ որոշ ուսուցիչների կներկայացնենք սատիրայի ժանրում՝ շա՜տ թեթև, որպես անցած թեմաների գործնական աշխատանք: Նապառնիցաս հրաշալի էր նկարում: Վիզ դրեցինք՝ դասերից հետո երեխեքի հետ մնալով, մի երեք օրում էդ պատի թերթը գլուխ բերեցինք: Դա մի հպարտություն էր բոլորիս համար: Երեխեքի աչքերը փայլում էին, ոգևորությունը սահման չուներ: Իրենք մի մեծ ձեռքբերում էին ունեցել:

Հաջորդ օրը դասղեկն եկավ դասարան, ու ասեց, որ ինքն ու տնօրենը արգելում են էդ պատի թերթը կախել, այն պետք ա անհապաղ ոչնչացվի:

Մի ամիս, ընդամենը մի ամիս ենք եղել էդ դպրոցում: Մեր գնալուց երեխեքը լացում էին: Ոչ թե որ մենք լավն էինք (կարող ա և լավն էինք, հարցը դա չի), այլ որովհետև մեր հետ տանելու էինք էն մի կում օդը, որ տվել էինք իրենց: Մենք էլ էինք լացում, ոչ էնքան խղճահարությունից, այլ որովհետև էդքան միամտորեն ու դաժանաբար էդ մի կում օդը տվել ու ստիպված էինք եղել հետ վերցրել:

Էդ երեխեքից ոմանք, հույս ունեմ, պատռած դուրս եկած կլինեն էդ մռայլությունից, որտեղ անընդհատ կտրտում են իրենց թևիկները՝ շառից փորձանքից հեռու: Խնդիրը էդ թևիկներ կտրտողների մեջ ա: Ես դեռ լավ չեմ պատկերացնում՝ ոնց ա պետք լուծել էդ հարցը, բայց համոզված եմ, որ էդ հարցի լուծումը բոլոր հարցերի լուծումն ա:

Վահագն Թևոսյան



Նման նյութեր