Կհամաձայնեք, որ մենք շատ ենք սիրում ներկայացնել Արևմտյան Հայաստանի կորսված պատմական հուշարձանների նախկինում եղած պատկերները՝ զուգահեռաբար ցույց տալով այդ հուշարձանների ներկա ավերակ վիճակը: Բայց մոռանում ենք, որ վերջին տասնամյակներում նույնը կատարվեց նաև մեզ մոտ, մեր մայրաքաղաքի հենց սրտում:
Ահա խնդրեմ. ո՞վ է հիմա հիշում Երևանի այս գեղեցկագույն շենքերից մեկի մասին: Դա հանրահայտ «Աֆրիկյանների տունն» էր, որը քանդվեց 2014-ի ամռանը: Մոդեռն ճարտարապետական ոճով կառուցված և Տերյան 11 հասցեում գտնվող երկհարկանի այդ շինությունը իրավացիորեն Երևանի Փոքր Կենտրոնի զարդն էր համարվում: 20-րդ դարասկզբին այդ շենքը քաղաքային ակումբ էր, որտեղ հավաքվում էին ժամանակի հայտնի երևանցիները` արվեստի և քաղաքական գործիչներ, գործարարներ և հյուրեր: Վերակառուցելով` այն կարելի էր մի գեղեցիկ ու թանկագին պատմական արժեք դարձնել Երևանի համար, այսինքն այն, ինչ հիմա համատարած արվում է Թբիլիսիում՝ զբոսաշրջության համար հնարավորինս գրավիչ դարձնելով իրենց մայրաքաղաքը: Բայց ոչ մեզ մոտ` ինչպես տեսնում ենք, «Աֆրիկյանների տան» տեղում ներկայումս սկսել է վեր խոյանալ հերթական բազմահարկ բիզնես կենտրոն` օտարածին, անդեմ և անհոգի:
«Աֆրիկյանների տունը» բացառիկ շենք-հուշարձան էր՝ իր յուրօրինակ, կոկիկ ու սլացիկ ճարտարապետությամբ, որով բոլորս միշտ հիանում էինք և որի պահպանման համար այդքան համառ ու երկարատև պայքարեցին երևանցիները: Բայց ավաղ՝ այդ բողոքի ցույցերն ապարդյուն եղան, և շենքն ի վերջո քանդվեց, որովհետև այդ տարածքի ճակատագիրն արդեն իսկ կանխորոշված էր: Այդ շենքի հետ չքվեց ու անհետացավ նաև մեր հավաքական հիշողության ևս մի կարևոր մասնիկ, որն արդեն երբևիցե չես կարող փոխանցել ապագա սերունդներին, անգամ եթե այդ պատմական շինության ֆասադը հետագայում ինչ որ կերպ հայտնվի մեկ այլ տեղանքում՝ մեկ այլ շենքի առաջին երկու հարկերում: