Ռուսաստանում 1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Արեւմտյան Հայաստանից ու Այսրկովկասից ռուսական բանակն սկսեց հեռանալ՝ ճակատի պաշտպանության գործը թողնելով նոր կազմավորվող հայկական զորամասերին: Այդ օրերին գրեթե ամբողջ Արեւմտահայաստանը գրավված էր ցարական բանակի կողմից, իսկ թրքական ուժերը բոլոր ճակատներում գրանցելով անհաջողություններ՝ մոտեցնում էին օսմանյան կայսրության մայրամուտը: Նման պայմաններում թուրքերի համար երկնային հրաշքի նման մի բան էր լենինյան հեղաշրջումն ու շփման գծից ռուսների հեռանալը:
Արեւմտահայաստանի պաշտպանության գործի պատասխանատվությունն ընկավ հայության ուսերին եւ ազգի ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում էին հարեւան վրացիների ու թաթարների «ուշադրությունը բեւեռել» թուրքերի հնարավոր հարձակումներից երկրամասը համատեղ ուժերով պաշտպանելու անհրաժեշտության վրա:
Ահա թե ինչ էր թողել ցարական բանակն Արեւմտյան Հայաստանում՝ 1917թ. նահանջի ժամանակ. մոտ երեք հազար թնդանոթ, նույնքան գնդացիր, մոտ մեկ միլիոն արկ, մեկ միլիարդ փամփուշտ, 100 հազար հրացան՝ մոսին ու կարաբին, 100 հազար զինվորի համար նախատեսված ամառային ու ձմեռային հանդերձանք, նույնքան զորքի համար հատկացված երկու տարվա պարեն, մոտ 17 հազար ձի, մեծ թվով կառքեր, մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ: Մենք ի վիճակի չեղանք ինքնակազմակերպվելու, չկարողացանք տեր կանգնել ռուսների թողած այս հսկայական հարստությանը եւ այն, չնչին բացառությամբ, ընկավ հարձակման անցած, մեզ թվական առումով զիջող, բայց կամք ու համառություն ցուցաբերող թուրքերի ձեռքը:
Խախտելով Երզնկայի զինադադարը՝ 1918 թ. փետրվարի 10-ին թուրքերն անցան հարձակման եւ գրեթե առանց դիմադրության գրավեցին Տրապիզոնը: Անդրկովկասյան Սեյմում տիրող վրաց-թաթարական հակահայ համագործակցության պայմաններում դյուրին էր դառնում թշնամու կողմից Արեւմտահայաստանի նվաճումը: Հայ հասարակական-քաղաքական շրջանակները ինքնակազմակերպվելու փոխարեն էլ ավելի տարանջատվեցին՝ կազմաքանդելով հայրենիքի պաշտպանությունը:
Անդրանիկն այդ օրերին Էրզրումում էր եւ հետեւյալ տեղեկագիրն է ուղարկել Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին. «Քաո՜ս, բառին իմաստին բոլոր երկայնութեամբը, բոլոր լայնութեամբը: Օտիշելիձէ (ճակատի ընդհ. հրամանատարը, թրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշայի փեսան) կը հրամայէ, Ազգային խորհուրդը կը հրամայէ, Քաղաքներու միութեան լիազօր Աղամալեանը կը հրամայէ, առտուն կանուխ ելլողը կը հրամայէ: Չհրամայող մը չկայ, որպեսզի ես ալ անոր հրամայեմ: 4000 կանոնավոր, նոյնքան ալ անկանոն հետեւակ զօրք ունինք, 500 կանոնաւոր, նոյնքան անկանոն ձիաւոր, ունինք լաւ վիճակի մէջ տասնեակ մը թնդանօթներ… Թուրքը հիմա չունի բաւական զօրք, սպայ ու մասնագէտ: Անոր զէնքի պահեստը սահմանափակ է, պարենաւորումին պաշարը՝ զէրօ: Բայց թուրքը բան մը ունի, որ մենք չունինք,- կը շարունակէ Զօրավարը,- այդ բանը տիսիփլինն է (կարգապահութիւնը)»:
Գնդապետ Թորգոմի հրամանատարության տակ Քղիի ճակատը պաշտպանողներից Միհրան Թուրիկյանն իր հուշագրության («Քղիի ճակատի դեպքերը», Պէյրութ, 1926թ., էջ 68-69) մեջ, խոսելով Էրզրումում թրքական արշավանքի նախօրեին տիրող դրության մասին՝ գրում է. «Մութ էր, երբ քաղաք մտայ, եւ ինչ տեսնեմ, Աստուա՜ծ իմ. Կարնոյ փողոցները զինուորի հագուստով երիտասարդութիւն կը վխտար… Կը դժուարանայի հաւատալ, այդ բազմութիւնը անգլուխ, անղեկ ամբոխ մըն է կամ ըսենք՝ հայ դասալիք: Դա այն դեպքում, երբ քայլ մը անդին կը գոռան թշնամիին թնդանօթները, որոնց դեմ շատ քիչեր գացած են կուրծք տալու: Իրա՜վ, Կարնոյ մէջ չկայ ուժ մը, որ այս դասալիքները կարգի բերէ եւ ղրկէ ճակատ»:
Ա. Թէրզիպաշյանն իր «Անդրանիկ» գրքի մեջ անդրադառնալով նույն դեպքերին, գրում է. «Զինուորները կը պոռային, թե՝ հոս մեր երկիրը չէ՛. մենք մե՛ր երկիրը պիտի երթանք, թող թրքահայերը իրե՛նք պաշտպանեն իրենց սահմանները»: Անդրանիկ, քանիցս փորձեց իր անձին օրինակովը բարձրացնել հայ զինուորին մարտունակութեան ոգին: Մեկ անգամ սուրը ձեռքին զօրքին առջեւ ինկաւ, սակայն իրեն չհետեւեցան: Իսկ երբ ընկրկողներէն մէկուն վրայ խոյացաւ, այս զինուորը չքաշուեցաւ ձեռքը հրացանին տանելու… Ուրիշ առիթով մը, դասալիք զինուոր մը գնդակ պարպեց անոր վրա եւ բարեբախտաբար գնդակը վրիպեցաւ իր նպատակէն:
Էրզրումի անկումէն օր մը առաջ Անդրանիկ լաւ մշակուած ծրագրի հիման վրայ յարձակման անցաւ, բայց հազիւ գրոհ մը սկսած՝ լուր առաւ, որ փորձառու հայ գնդապետ Բէժանբէկով դաւաճանաբար կը նահանջէ, առանց լուր տալու աջ ու ձախ թեւերուն, եւ առանց գնդակ մը պարպելու: Անդրանիկ յաջողեցաւ նահանջողները ետ դարձնել՝ ատրճանակով կրակ բանալով անհնազանդնէրու ուղղութեամբ. «Եթէ հո՛ս չկռուիք, ուրի՛շ տեղ ալ պիտի չկռւիք»,- պոռաց հրամանատարը: Էրզրումի պատէրուն տակ կռուիլ չուզողները Ա եւ Դ գունդերու զինուորներն էին, որոնք ժամեր անց նորէն դասալիք եղան եւ տունդարձի ճանապարհին՝ Զապուղ կոչուած կիրճին մէջ, թաթարներուն կողմէ կրակի բռնուեցան ու կոտորուեցան»: «Պատմեցէք սերունդներուն, թե մինակ եմ, եւ ես ինկայ մինակ, Կարնոյ պարիսպներուն տակ»,- հառաչում էր 53-ամյա հերոսը:
Խոսելով Կարնո աղետի մասին՝ Սիմոն Վրացյանը գրում է. «1918 թ. փետրուարի 27-ին ամենախայտառակ ձեւով ընկաւ Էրզրումը: Այդ օրերուն, Թիֆլիսի մեջ, հատուկ տիպ էր ստեղծուել «մի բաժակ թէյ»-երով ռազմաճակատը պաշտպանողների: Կոչեր հրատարակողներ, ամեն տեսակ կօմիտէներ, խորհուրդներ, միութիւններ, խմբեր ու գումարտակներ Թիֆլիսում աւելի շատ էին, քան զօրամասեր ռազմաճակատում՝ Վանից մինչեւ Երզնկա»:
«Այս պայմաններու մէջ՝ Անդրանիկի տեղ Նափոլէոն Պօնափարթն անգամ ըլլար հայ բանակին գլուխ, հաւանականօրէն պիտի չկարենար փրկչի դեր խաղալ, պաշտպանել հայոց բերդաքաղաքը – ո՛չ Էրզրումը եւ ո՛չ ալ Կարսը»,- հետագայում պետք է հայտարարեր Միքայել Վարանդյանը:
Փետրվարի վերջին թուրքերը մտան Էրզրում, որի բերդի հարյուրավոր թնդանոթներից ընդամենը մեկ-երկուսից մի քանի արկ արձակվեց թշնամու ուղղությամբ: Թուրքերն եկան ու տեր դարձան մեր ռազմական պահեստներին: Զոր. Անդրանիկն իր հաւատարիմներով եւ մարտադաշտերում թրծված տասնյակ հայդուկապետներն իրենց փոքրաթիվ ջոկատներով՝ խուճապահար փախչող ժողովուրդի թիկունքն ու թեւերը պաշտպանելով բռնեցին Սարիղամիշի ու Կարսի ճամփան: Ռուսների թողած հսկայական հարստությունն ընկավ հարձակման անցած թուրքերի ձեռքը:
Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության հռչակումից (1918 թվականի ապրիլի 9/22) հետո էլ Թիֆլիսում ձեւավորված բազմազգ կառավարությունը լուրջ քայլեր չձեռնարկեց թուրքերի ճանապարհը դեպի Այսրկովկաս կասեցնելու համար: Վրացիները ձգտում էին հայկական տարածքները թուրքերին զիջելու ճանապարհով հագեցնել նրանց ախորժակը եւ Վրաստանը զերծ պահել նրանց արշավանքից, իսկ Կովկասի թաթարներն անթաքույց ուրախությամբ էին խոսում իրենց արյունակիցների հաջողությունների մասին: Մենակ էինք, բայց Թիֆլիսի հրամաններին ականջալուր՝ նախընտրում էինք նահանջել:
1918-ի ապրիլի 12 (25)-ին թշնամին առանց լուրջ դիմադրության մտավ Կարս, իսկ մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլ: Փաստորեն երեք ամսվա ընթացքում (փետրվար-ապրիլ) թուրքերին հաջողվեց գրավել ամբողջ Արեւմտահայաստանը: Այդ ընթացքում շուրջ 45.000-ի հասնող հայկական կանոնավոր ու անկանոն զորամասերը նահանջում էին՝ հալածվելով 30-35.000-ի հասնող թրքական կանոնավոր ուժերի ու քրդական հրոսակախմբերի կողմից:
Հայ զինվորների ու գաղթականների հոսքը ձգվում էր դեպի Ջավախք, Երեւան, Մեծ Ղարաքիլիսա: Այդ օրերին շատերն էին կարծում, որ կդրվի հայոց պատմության արյունոտ վերջակետը:
Թնդանոթների առաջին որոտը Սարդարապատում մեծ խուճապ առաջացրեց Երեւանի ու Արարատյան դաշտի հայության շրջանում: Նահանջի բոլոր ճանապարհները փակ էին: Թշնամին մոտենում էր Էջմիածնին ու Երեւանին…