Գրող, թարգմանիչ Վաչագան Սարգսյանի գրառումը:
(Այստեղ էլ տարօրինակությունը իրեն զգացնել տվեց: Ինձ թվացել է, թե 10 դեպքն էլ դրել եմ: Պարզվեց վերջին երեքը տեղ չեն հասել: Հիմա դնում եմ, կներեք:)
Երկուս ու կես տարեկանում գնացել եմ մահվան դուռը: Էնքան եմ մոտեցել, որ որոշել են հաջորդ օրը հանձնել մայր հողին: Բայց հաջորդ օրը մի ֆելդշեր է եկել հարևան գյուղից: Կանչել, ինձ ցույց են տվել: Ասել է՝ էսօր էլ թող մնա: Գիշերը պապս երազում մեր սրբին է տեսել: Սուրբն ասել է՝ էս էրեխու անունը փոխեք, դրեք Վաչագան, կապրի: Անունս Զորիկ է եղել: Փոխել են, ապրել եմ:
Ծննդականում գրված է Զորիկ, անձնագրում՝ Վաչագան: Ժառանգություն պետք է ձևակերպեին: Նոտարը ոչ մի կերպ չէր ձևակերպում: Գյուղից վկաների միջոցով, զանազան տեղեկանքների հիման վրա, ժողովրդական արդար դատարանը մի կերպ տեղեկանք տվեց, որ Վաչագանն ու Զորիկը նույն անձն են:
2.Հինգերորդ, թե վեցերորդ դասարանում գառնարած էի: Մթնշաղին գնում էի կորած հորթը որոնելու Գիլանոց կոչված հանդամասում: Ճանապարհն անցնում էր գերեզմանների միջով: Սկզբում չէի վախենում: Հետո, պարզ է, սկսեցի վախենալ ու շուրջս նայել: Երբ հերթական շիրմաքարին էի նայում, սա հանկարծ բարձրացավ, թեքվեց կողքի ու գերեզմանից սկսեց լույսի փունջ դուրս գալ: Փախա, սակայն մեկը հասավ ու փաթաթվեց ոտքերիս: Ուշաթափված ընկա: Հետո ուշքի գալով անընդհատ գոռալով վազեցի ոչ թե գյուղ, այլ՝ Գիլանոց: Ճանապարհին մի ճանբաժնի աշխատող կին կար բռնեց բերեց գյուղ:
3.Ուսանող տարիներին երկար մազեր էի պահում ու ռոլիկ քշում: Դա անցյալ դարի 60-ական թվականների վերջն էր և 70-ականների սկիզբը: Էնքան էլ ընդունված բաներ չէին: Անընդհատ կռիվների մեջ էի ընկնում, նաև ծեծվում:
4.Մի անգամ Սևան քաղաքում շուրջս մի հսկայական ամբոխ հավաքվեց ջահել-ջուհուլների: Երկար, մինչև ուսերս հասնող մազերով էի: Հնարավոր էր ամեն տեսակի , ինձ համար խիստ վատ վերջաբան: Մի տարեց մարդ տեսավ վիճակս ու մոտենալով ասաց, որ ինձ ճանաչում է ու ես ուխտ եմ արել, որ 7 տարի մազերս չպիտի կտրեմ: Փրկեց ինձ:
5. Մեր գյուղի դպրոցը յոթնամյա էր: Մնացած դասարանները սովորեցինք մեզնից 6 կմ հեռավորությամբ գյուղում: Ամեն օր ոտքով քայլում էինք էդ ճանապարհը:
6. Մի ամսագիր կար ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ: Երբ 9-րդ դասարանում էի, այդ ամսագրի համարներից մեկի շապիկին մի գեղեցիկ աղջկա նկար տպվեց: Շատ հավանեցի, պահեցի: Երբ ընդունվեցի համալսարան, էդ աղջիկը մեր խմբից էր: Սիրահարվեցի, բայց քիչ:
7, Ամուսնացա, տղաս արդեն 3 տարեկան էր ու … ինձ զորակոչեցին բանակ՝ Բելոռուսիա, լեյտենանտի կոչումով: Այնտեղից Ղազախստանի անապատներ՝ զորավարժությունների:
Քառասուն աստիճանի սառնամանիք, վրաններ, ածուխի վառարաններ: Ազատ ժամանակ սպաներով՝ թղթախաղ՝ ԱՉԿՈ: Մի կորեացի կապիտան շուլերություն արեց, բռնեցի: Վիճեցինք, փողերը ձեռքից առանք, կիսեցինք՝ իմ նախաձեռնությամբ:Կապիտանն ասաց՝ դեռ քեզ կտեսնես ու վրանից դուրս եկավ: Քիչ անց ես էլ դուրս եկա: Մի քանի րոպեից այլայլված ներս մտա իմ հսկայական արյունոտ դանակը ձեռքիս: Էս հայը կապիտանին մոռթել ա՝ վրա տվին տղեքը: Ի՜նչ մորթել: Դանակս տվել էի ընկերոջս, սա էլ տոմատով պահած էր բացել ու չէր մաքրել: Ես էլ ջղայնացած, որ դանակս կեղտոտել են ներս եմ մտել:
8. 9-րդ ՀՐԱՇԱԼԻՔ հեռուստախաղի նկարահանումների ժամանակ, հարցիս դահլիճից պատասխանեց մի տղա: Խոսափողը ձեռքիս մոտեցա, ասացի՝ ներկայացիր: Սա էլ, թե պարոն Սարգսյան, ինձ չե՞ք հիշում, դուք ինձ փրկել եք խեղդվելուց, Սևանում: Հա՝ ասացի ես, դու էն Կիրովականցի տղա՞ն ես: Չէ՝ ասաց, ես երևանցի եմ: Հիշեցի՝ էս տղուն փրկելուց քիչ էր մնում ես խեղդվեի՝ խմած էի: Իսկ կիովականցին ուրիշ դեպք էր:
9. Տարօրինակ երազներ շատ եմ տեսնում: Մի անգամ տեսել եմ, որ ես աղվես եմ, ունեմ 3 ձագ, ապրում եմ դաշտում ընկած մի խողովակի մեջ: Ամեն անգամ ականջիս հետևում կպած փայտե երկար ձողը խանգարում է խողովակ մտնել: Մի երազում ես ջրի կաթիլ էի, որ գետով Սևանից գալիս էի Երևան: Գրառել եմ մի քանի տասնյակ նման երազներ: Ամենաարտառոցն ու սարսափելին այն երազն էր, որտեղ ինձ ձեռնադրում էին սատանա:
10. Ընդանհուր հաշվով գրել եմ մոտ 100 գիրք և ուսումնական զանազան ձեռնարկներ՝ 10 դասագիրք, 10 գիտահանրամատչելի, 10 մանկական, 10 գեղարվեստական գիրք, մի քանի տասնյակ ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ, գիրք-տետրեր և այլն: