Ռաֆթինգը Հայաստանում նոր, բայց արագ զարգացող էքստերմալ մարզաձևերից է: Լոռու մարզի Դեբեդ համայնքում առաջին փորձարկումներն անելուց հետո «Լոռի թրեվլ» ընկերությունը էքստրեմալ հանգստի սիրահարներին առաջարկում է կանոնավոր ռաֆթինգային ծառայություններ: Ռաֆթինգի ողջ յուրահատկությունը հասկանալու համար հունիսի 9-ին «Ճամփորդի» թիմը Դեբեդ համայնքում էր: Գետի ուժգնությունն այդ օրը գնահատվում էր 4-5 բալ:
Նախ հրահանգիչները ներակայցնում են ճիշտ ռաֆթինգի կաննոները: Ռաֆթինգի դեպքում թիմային աշխատանքը և ոգին շատ կարևոր է, համախմբված թիավարումը ոչ միայն մաքսիամալ անվտանգ է դարձնում ռաֆթինգը, այլև օգնում առավելագույնս վայելել ադրենալինի ձեր չափաբաժինը:
Հրահանգիչի խորհուրդները «սերտած» համարելով՝ նստում ենք նավակ: Թեպետ ինչպես պարզվում է արդեն գետի վրա՝ ռաֆթինգը ոչ մի կապ չունի սովորական նավարկության հետ, բացի այն, որ երկուսն էլ ջրում են: Ռաֆթինգի դեպքում առաջին պլան է մղվում էքստրիմն ու ադրենալինը, ուստի այն վախեցողների համար չէ:
Ռաֆթինգի գնալիս պետք է պատրաստ լինել նաև ջրում հայտնվելու: Հնարավոր է ալիքներն այնքան ուժեղ լինեն, որ շրջեն ձեր նավակը: Ավելի լավ է սկզբից տրամադրվեք դրան, որպեսզի գետում հայտնվելիս անակնկալի չգաք, այլ միանգամից ճիշտ վարքագիծ դրսևորեք:
Ռաֆթինգի համար նախատեսված 12կմ հատվածն անցնում ենք 1 ժամ 20 րոպեում: Մեր նավակը, ցավոք սրտի թե հուրախություն մեզ, չի շրջվում: Բայց անգամ այդ դեպքում «ռաֆթինգի չոր դուրս գալ» չի ստացվում: Հատուկ սառած-թրջվածների համար ռաֆթինգից հետո մատուցվում է տաք թեյ:
Եվ ամենակարևոր խորհուրդը, ռաֆթինգի գնացեք մեծ թիմով: Այդ դեպքում կկարողանաք լսել ընկերների աղաղակները ողջ Դեբեդի երկայնքով:
Ռաֆթինգից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ 094 12 90 13, 096 12 90 13, կամ հետևել ֆեյսբուքյան էջին :
Ամբողջությամբ՝ champord.am