Հնդկական PR-ընկերություններից մեկը սկսել է զբաղվել Հնդկաստանում Հայաստանի գովազդով։ Հայաստանի տեսարժան վայրերը պատկերող վահանակներ են տեղադրվելու ամբողջ երկրում։
Հայաստանի բնությունը, լեռնային մաքուր օդը, Երևանի գեղեցիկ փողոցները, հիանալի խոհանոցն ու հայտնի «ախպեր ջանը» գրավել են Հնդկաստանի առաջատար PR-ընկերություններից մեկի ներկայացուցիչներին՝ Պոմի Դոկտորին (Pomi Doctor) ու Մումբայի ամենահայտնի ոճաբաններից մեկին՝ Դիշա Լոկարեին։
Պոմին ու Դիշան մի խումբ հնդիկների հետ Հայաստան են եկել՝ տեղացի մոդելների հետ աշխատելու համար։ Նրանք սարիներ հագած մոդելներին նկարել են հայկական մշակութային հուշարձանների ֆոնին` Հնդկաստանի առաջատար զբոսաշրջային ու գովազդային ամսագրի համար։
Հայ մոդելը` հնդկական ազգային հագուստով
Նրանց հետ Հայաստան է ժամանել նաև օպերատորների խումբը, որը պատրաստվում է հնդկական խոշոր հեռուստաալիքի համար վավերագրական ֆիլմ նկարահանել։
Մենք հանդիպեցինք PR ընկերության տնօրեն Պոմի Դոկտորի (Pomi Doctor) ու Մումբայի առաջատար ոճաբան Դիշա Լոկարեի (Disha Lokare) հետ երևանյան սրճարաններից մեկում։ Նրանք հենց նոր էին ճաշել ու ողջունելուց անմիջապես հետո սկսեցին գովել հայկական խոհանոցը։
«Ցավոք, մենք բուսակեր ենք, այդ պատճառով չկարողացանք գնահատել հայկական խոհանոցի ամբողջ բազմազանությունը։ Բայց մենք շատ հավանեցինք մանղալի վրա պատրաստած բանջարեղենային խորովածը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պոմին։
Խոսակցությանը միացավ Դիշան ու ասաց, որ Հայաստանում առաջին անգամ լավաշ է կերել, շատ է հավանել կանաչեղենով աղցանները։ Պոմիին ու Դիշային դուր է եկել նաև վրացական խաչապուրին։