Նիկոլն իր վերջին ֆեյսբուք լայվի ընթացքում նորից վրդովված ասում էր «ասում եմ անհնազանդության ակցիաները դադարեցրեք, քանի որ այսօր երկրում կա ժողովրդի իշխանությունը»: Կարճ ասած, ըստ Փաշինյանի, եթե «ժողովրդի իշխանությունն» է իշխանության, բողոքի ակցիաներ չպետք է լինեն, իսկ լինելու դեպքում մարդն ուղղակիրեն դա անվանում է ՍԱԲՈՏԱԺ (սաբոտաժ բառի իմաստային խեղաթյուրմանը դեռ կանդրադառնամ): ՈՒ հենց այս շատ կոնկրետ և Փաշինյանի համար այսքան զգայուն դարձած հարցն իր բովանդակությամբ լույս է սփռում ներկայումս մերերկրում առկա կառավարման համակարգի բնույթի վրա: Կհանդգնեմ ասել, որ մեր երկրում այսօր անգամ անցումային ժողովրդավարություն գոյություն չունի, իսկ, թե ինչու փորձեմ հիմնավորել ստորև:
Պատկերացրեք Արևմտյան կայացած ժողովրդավարություններից որևէ մեկը, որտեղ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ընտրություններով ընտրվում է իշխանություն: Օրինակ ԱՄՆ-ում Թրամփն ընտրվում է Նախագահ, իսկ երկրի ամենամեծ քաղաքներում տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր և հենց ընդդեմ Թրամփի: Ի՞նչ է անում Թրամփը. իր ֆեյսբուքյան էջով (բացառված է, որ բացի Սպիտակ Տան պաշտոնական էջից այլ էջով Թրամփին թույլատրեն լայվեր մտնել, կամ գոնե ունենալ նման էջեր մինչև նախագահական ժամկետի ավարտը) լայվ է մտնում և ասում «դադարեցրեք այդ բողոքի ակցիաները, քանի որ ես ժողովրդի թեկնածուն եմ և դուք հիմա սաբոտաժ եք անում ժողովրդի թեկնածուին»: Պարզ է չէ՞, որ նման կոչից հետո ժողովրդավարական համակարգն իր ներսից «կապամոնտաժի» ցանկացած «ժողովրդի թեկնածուի»: Կամ մեկ այլ Արևմտյան կայացած ժողովրդավարական երկրում պատկերացրեք նույն տարբերակը: Նման բան նշված երկրներում ուղղակիորեն բացառվում է, ինչո՞ւ, որովհետև ժողովրդավարությունը ենթադրում է բազմակարծություն, բողոքական էթիկա, ըմբոստություն և ոչ երբեք` «ժողովրդի թեկնածու», որի դեմ ոչ ոք իրավունք չունի բողոքելու, քանի որ դա «սաբոտաժ» է դիտարկվում:
Հիմա ոմանք կասեն, թե «անցումային շրջան է, այլ ելք չկա» (այս տողերով իսկ շատերն ինքնաբերաբար ընդունում են, որ ՀՀ-ում ժողովրդավարություն գոյություն չունի), բայց այստեղ էլ կան բազմաթիվ էմպիրիկ օրինակներ, որոնցից լավագույնը Իսպանիայի ժողովրդավարացման օրինակն է, երբ գեներալ Ֆրանկոյի մահից հետո Իսպանիայի առաջին Վարչապետ Ադոլֆո Սուարեսը ցրեց ֆրանկոյական Կորտեսն ու օրինականացրեց Կոմունիստական կուսակցության գործունեությունը: Այդ օրերի Իսպանիայում ևս չկար ամբողջական ժողովրդավարություն, բայց կար Ադոլֆո Սուարես, որն ուներ ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը և կային փողոցային լուրջ բողոքի միջոցառումներ, որոնք երբեմն անցկացվում էին ամենառադիկալ մեթոդներով: Ադոլֆոյի մտքի ծայրով անգամ չէր անցնի հրապարակային արտաբերել «մի խանգարեք ժողովրդի թեկնածուին» եզրույթն, ուր մնաց բողոքի ակցիաները համարեր սաբոտաժ:
Իսկ Ադոլֆոն դա չէր անի այն պատճառով, քանի որ Իսպանիայում իշխանության գալով նա մտադրված էր կառուցել կայուն ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, իսկ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ամեն հնարավոր ձևով փորձում կասեցնել բողոքի միջոցառումներն ու դրանք անվանում «սաբոտաժ ժողովրդի թեկնածուի դեմ», թողնում եմ ձեր ճաշակային հայեցողությանը: