Սրոհունդ
Advertisement 1000 x 90

Սրոհունդ

Սրոհունդ ծակոտկեն — սրոհունդազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի տեսակ է:

Աշխարհում հայտնի են մոտ 300 տեսակ, որոնցից Հայաստանում տարածված են 11-ը՝

  • Սրոհունդ անհարթ (Hypericum scabrum),
  • Սրոհունդ սրածայր (Hypericum acutum),
  • Սրոհունդ ալպիական (Hypericum alpestre) և այլն։

Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ամենուրեք` ժայռաճեղքերում, կիրճերում, անտառեզրերին, մարգագետիններում:
Հայկական տարանուններն են՝ արևքուրիկ, եզնածաղիկ դաշտի, թեյի ծաղիկ, հազարածաղիկ, հայֆարիզոն, հիպերիկոն, հոտմոտ, մկան աղիք, մշահամուկ, պոպղակ։

Բաղադրությունը և օգտակար հատկությունները

Սրոհունդի մեջ պարունակվում են եթերային յուղեր, օրգանական թթուներ, այն հարուստ է վիտամիններով, այդ թվում՝ ասկորբինաթթու (վիտ. C), վիտամին P, վիտամին A:

Այս հրաշք խոտաբույսը ունի արտահայտված բակտերիոսպան հատկություն, ինչի համար էլ այս բույսը թե՛ ժողովրդական, թե՛ ավանդական բժշկության մեջ օգտագործվում է որպես հակաբորբոքային և հակասեպտիկ միջոցներ, որոնք նպաստում են վերքերի շուտ ապաքինմանը:
Սրոհունդը (եփուկ, թուրմ), օգտագործվում է աղե-ստամոքսային համակարգի բորբոքային հիվանդությունների դեպքում, բերանի խոռոչի և բկանցքի բորբոքումների դեպքում
Դեղաբույսը կիրառվում է նաև արտաքին ծածկույթների բորբոքային հիվանդությունների դեպքում՝ մաշկի և լորձթաղանթների վնասումներ, թարախային բորբոքումներ և այլն:
Վերջերս հատկանշվում է նաև սրոհունդի հակադեպրեսանտ հատկությունը: Թուրմը արդյունավետ օգնում է սթրեսային իրավիճակներում և օգնում է հանգստացենլ նյարդային համակարգը:

Թրմելու և եփուկի պատրաստման եղանակներ

Եփուկի պատրաստման համար 10գ դեղաբույսի վրա ավելացնում են 1 թեյի բաժակ տաք ջուր և եռացնում 30 րոպե, որից հետո թողնում են սառչի 10 րոպե, որից հետո այն կարելի է կիրառել օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ, հատկապես աղե-ստամոքսային համակարգի բորբոքային հիվանդությունների դեպքում:

Թրմելու համար օգտագործում են 40%-ոց սպիրտ 1:5 հարաբերությամբ: Թուրմը հիմնականում կարող է օգտագործվել ողողումների եղանակով, հատկապես բերանի խոռոչի, այդ թվում և լնդերի բորբոքային հիվանդությունների դեպքում (30-40 կաթիլ կոս բաժակ ջրին):

Սրոհունդի թեյը – ունի դիմադրողականությունը բարձրացնող և նյարդային համակարգը հանգստացնող ազդեցություն: Այն ցուցված է հարբուխի, մրսածության և դիմադրողականության անկման, ինչպես նաև աղե-ստամոքսային խանգարումների դեպքում: Թեյն կարելի է օգտագործել նաև անքնությունների դեպքում: Թեյի պատրաստման համար բավական է 10գ խոտաբույսին ավելացնել 200 մլ եռման ջուր և թողնել մի քանի րոպե, որպեսզի թրմվի:

Հարկ է նշել նաև, որ սրոհունդը ունի նաև հակացուցումներ:

Խոտաբույսի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել արյունատար անոթների սպազմի և զարկերակային ճնշման բարձրացման, ինչի պատճառով հիպերտոնիկ հիվանդություն ունեցողներին անհրաժեշտ է չափավոր ընդունել այս դեղաբույսը:
Այս դեղաբույսը խորհուրդ չի տրվում հղի և կրծքով կերակրող կանանց: Սրոհունդը կարող է փոխել կրծքի կաթի համը՝ նրան տալով դառը համ:

Սրոհունդը հակացուցված է նաև հակաբիոտիկների ընդունման ժամանակ:

Դեղաբույսի մեջ պարունակվող որոշ նյութեր կարող են նվազեցնել հակաբեղմնավորիչ դեղորայքի արդյունավետությունը:
Սրոհունդի երկարատև անընդմեջ օգտագործումը կարող է հանգեցնել փորկապության և ախորժակի անկման:

mymed.am