Ռուբեն Շուխյանի գրառումը. «Հայաստանի անկախության առաջին տարիներին բնակչության ներգաղթի և արտագաղթի վերաբերյալ օրեր առաջ կարևոր թվեր հրապարակեց Հրանտ Բագրատյանը: Նա, 1993-1996 թթ. լինելով ՀՀ վարչապետ, միանշանակ տիրապետում է վիճակագրական ստույգ տվյալներին: Բագրատյանը մասնավորապես նշում է, որ 1989-1991 թթ. Ադրբեջանից Հայաստան էր եկել 400 հազար մարդ, իսկ հետագայում այդ 400 հազարից՝ 340 հազարը լքել էր Հայաստանը, քանի որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նրանց համար հատուկ ծրագրեր էին իրականացրել։
Փաստորեն ստացվում է, որ անկախության առաջին տարիներին հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետևանքով Ադրբեջանից Հայաստան ներգաղթած հայ ազգաբնակչության բացարձակ մեծամասնությունը արտագաղթել է: Սա կարևոր փաստ է, որի մասին թերևս քիչ է խոսվել, և եթե նոր կառավարությունը որդեգրում է Հայաստան ներգաղթ կազմակերպելու քաղաքականությունը, ապա բերված նախկին այդ տխուր վիճակագրությունից պետք է որ ճիշտ հետևություններ արվեն: Միայն մարդկանց Հայաստան հրավիրելու և տեղավորելու խնդիրը չէ այստեղ, սփյուռքից եկած հայերին առաջին հերթին նախ պետք է ինտեգրել մեր հայաստանյան իրականության մեջ, որը բազում խնդիրների հետ է կապված: Հավելենք, որ կարևոր գործոն է նաև մեզ մոտ գործածվող արևելահայերենի ուսուցանման կազմակերպումը:
Տեսեք, վերոնշված ժամանակահատվածում Հայաստան էին եկել փախստականներ Բաքվից, Կիրովաբադից (Գյանջա), Սումգայիթից և այլ տեղերից: Պատմականորեն այնպես էր ստացվել, և դա բնավ էլ իրենց մեղքը չէր, որ այդ մարդիկ հիմնականում կտրված էին եղել հայաստանյան իրականությունից, որոշ չափով նաև՝ հայկական մշակույթից, և կամ բոլորովին չէին տիրապետում հայերենին (նրանց մայրենին փաստացի ռուսերենն էր), կամ էլ չէին հասկանում մեզ մոտ գործածվող գրական հայերենը: Բացի դրանից՝ բացարձակ չէին ընկալում, թե ինչ է կատարվում Հայաստանում, և այդպես էլ, եկեք մինջև վերջ անկեղծ լինենք, չկարողացան Հայաստանն ընդունել որպես իրենց երկիր: Անգամ հիշում եմ Բաքվից տեղափոխվածների հայտնի աֆորիզմը՝ «բաքվեցին՝ դա ազգություն է»:
Մի խոսքով, երկրում խառնակ ու ծանր իրավիճակ էր՝ պատերազմ էր, շրջափակում, մութ ու ցուրտ տարիներ, և նրանց մեծ մասը գնաց Ռուսաստան, Ամերիկա ու Եվրոպա: Այնպես որ՝ իրոք որ խորհելու շատ բան կա հիմա, թե այսուհետ ինչպես պետք է ինտեգրել ու պահել Հայաստան մշտական բնակության եկած հայերին: Այստեղ միայն ռոմանտիզմով՝ հայրենասիրական խոսքերով ու զբոսաշրջային այցելություններ կազմակերպելով հնարավոր չէ առաջնորդվել: Ճիշտը նա է, որ խորությամբ ուսումնասիրվի այլ երկրների նմանատիպի փորձը, թեկուզ և որպես դասական օրինակ հենց Իսրայելի փորձը՝ թե ինչպես այդ անապատային փոքր հողակտորի վրա, լինելով թշնամական շրջափակման մեջ, ներգաղթի շնորհիվ հնարավոր եղավ երկրի բնակչությունը հասցնել մինջև ութ ու կես միլիոնի: Բայց նախքան այդ ամենը մենք դեռ ինքներս պետք է նախ վերջապես ՊԵՏՈՒԹՅՈՒՆ դառնանք»: