Հանդուրժողականության հեղափոխության ֆեյք ու պիղծ պահապանների կորպուսը
Advertisement 1000 x 90

Հանդուրժողականության հեղափոխության ֆեյք ու պիղծ պահապանների կորպուսը

Կոնստանտին Տեր-Նակալյանի հրապարակումը:

Ֆեյսբուքյան հանրության լայն շրջանակաների մոտ մի հոգեվիճակ եմ նկատում, ասես այս մարդկանց համար ամեն ինչ նոր է ու երկիրը արարվել է 2018 թվականի ապրիլ-մայիսին, իսկ դրանից առաջ քաոս էր ու ՀՀԿ-ական դևերով լցված դատարկություն։

Դա այդքան էլ այդպես չէ։ Նույն ֆեյսբուքը կար մինչև ապրիլ էլ, քաղաքական պրոցեսսներ էլ կային, դիմակայություններ էլ կային, տո ատելության խոսք ու քարոզ էլ կար։ Սակայն կարող ենք փաստել, որ նույնիսկ 2007-2008-ին չկար հասարակության այնպիսի ատոմիզացիա ու այնպիսի ատելություն, որ կա հիմա, իսկ ամենասարսափելին այն է, որ այդ ատելության հաղթարշավը ամենևին էլ սպոնտան չէ, ունի ինստիտուցիոնալ բնույթ ու կազմակերպված ռազամավարություն և մարտավարություն։
Իրավիճակի պարզեցում կլինի, եթե ասեմ, որ գործ ունենք միայն իշխանական ֆեյքերի բանակի հետ։ Խնդրի իրական մասշտաբների առհավատչյան նաև այն է, որ ունենք միանգամայն իրական օգտատերերի ուղղորված բազմություն, որոնք ոչ մի կարմիր գիծ, ոչ մի ներքին տաբու չունեն՝ «ախոյաններին» չեզոքացնելու և սևացնելու հարցում։ 

Եթե գնանք ֆեյսբուքյան միջին քոմենթչու սիրած տրամաբանական ալգորիթմով ու փորձենք խնդիրը դիտարկել «Բա Սերժի ժամանակ ավելի լա՞վ էր» թեզով, ապա կոնկրետ այս հարցում կարելի է մքուր խղճով ասել՝ այո՛, ավելի լավ էր։ Դիտարկենք մի քանի քաղաքական ճգնաժամային դրվագ, երբ նույն ֆեյքերը ու հին իշխանությունների կողմնակիցները ֆեյսբուքում տեղեկատվական պատերազմ էին վարում։ Արդեն ավարտված այդ վիրտուալ դիմակայություններում նույն ՀՀԿ-ի ու մերձիշխանական շրջանակաների ֆեյքերն ու ռեալ օգտատերները, իհարկե, կիրառում էին սև փիառ ու կեղտոտ հնարքներ, բայց այնուամենայիվ կային որոշակի կարմիր գծեր։ Օրինակ՝ ամենաոխերիմ թշնամուն հակազդելիս էլ նրա/նրանց ընտանիքին չէին խառնում։ Նման բան չի եղել ո՛չ Սասնա Ծռերի նկատմամբ, ո՛չ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի նկատմամբ, երբ 2014 թվականի դիմակայությունն էր, չի եղել նման բան նաև Նիկոլ Փաշինյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ 

Սա որևէ կերպ չի նշանակում, որ նախկին իշխանությունները հրեշտակների հոծ բազմություն էին, ոչ էլ ինդուլգենցիա է հանդիսանում այն բազմաթիվ սխալների, բացթողումների ու հանցագործությունների համար, որոք արվել են նախկինում։ Սակայն սա կոնկրետ նշանակում է, որ նոր իշխանությունները առանց այն էլ ոչ իդեալական մակադրակի նշաձողը ավելի են իջեցրել, ու այսուհետև մի իրականությունում ենք ապրում, երբ լրիվ նորմալ է դարձել ընդդիմախոսիդ նեղելու համար վիրավորես նրան, վիրավորես ու ճնշես նրա ընտանիքի անդամներին, որոնք երբևէ որևէ մասնակցություն չեն ունեցել քաղաքական զարգացումներին, նորմալ է դարձել նման պիղծ գործելաոճով հիանալն ու նման արարքներին ծափահարելը։ Նոր իրականությունում միակ աննորմալ բանը այս համատեքստում այն է, որ այդ լեգիտիմացվող հնարքները կիրառվեն իշխաական ու պռո-իշխանական դերակատարների նկատմամբ։ 

Սա իրոք մեծ խնդիր է, որովհետև, նախ, դեռ չի եղել այնպես, որ ատելության կուլտիվացիայով սեր ու հանդուրժողականություն կառուցվի հասարակություն մեջ։ Հետո էլ, որ ավելի վտանգավոր է, նման անհեռատես ու պիղծ ռազմավարության առանձնահատկությունն այն է, որ վիրտուալ դաշտը այդ ալիքի համար միայն ժամանակակվոր կացարան է ու վաղ թե ուշ ատելության ու անհանդուրժողականության կուտակված ալիքը կանալիզացման ուղիներ է փնտրելու ու դուրս է ցայտելու օֆլայն տիրույթ՝ փողոցներ, տներ, կոլլեկտիվներ: Ես գիտակցում եմ, որ մեր Դուչեն սպառնում էր ԱԱԾ-ով այսպիսի մտքերի համար, բայց հենց այսպիսի ալգորիթմերով ու ռազմավարությամբ են հասարակությունը հասցնում քաղաքացիական բախումերի ու քաղաքացիական պատերազմների, ուստի ի հեճուկս ԱԱԾ-ով սպառնալիքների՝ կոչ եմ անում սթափվել, կանգ առնել, լինել շրջահայաց ու հասկանալ, որ կանգ առնելու ժամանակն է։ Կարմիր գծեր պետք է լինեն, գոնե նախկինում եղած մինիմալ մակարդակով, որովհետև հակառակ սցենարից բխող բոլոր ռիսկերն ու զոհերը լիելու են իշխաությունների պատասխանատվության տիրույթում՝ անկախ նրանից, թե այդ իշխանությունը դիտավորյա՞լ էր ջնջում այդ կարմիր գծերը, թե՞ իր անգործությամբ էր խրախուսում, որպեսզի մարգինալիզացված ագրեսիվ խմբերը անեին դա։