Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է 41%-ով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:
Նա տեղեկացրել է, որ Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը ևս ընդլայնվել է։ «Նախորդ տարի Արցախը 95 երկրներից հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների. նրանց գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և եվրոպական այլ երկրներից ժամանածներն են։ 2017 թվականին առաջին անգամ զբոսաշրջիկներ ենք ունեցել նաև Կամերունից, Մոնղոլիայից, Բենինից, Սալվադորից»,- մանրամասնել է ոլորտի պատասխանատուն։
Զբոսաշրջիկներին հիմնականում հետաքրքրում են Արցախի գեղատեսիլ բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, որոնցից Արտակ Գրիգորյանն առանձացրել է Գանձասարի վանական համալիրը, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, Տիգրանակերտն ու Հունոտի կիրճ բնապատմական արգելոցը։
«Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շահագործումից հետո զբոսաշրջիկների մեծ հոսքեր են նկատվում նաև դեպի Դադիվանք վանական համալիր։ Որպես առանձին զբոսաշրջային կենտրոն կառաձնացնեի նաև Շուշի քաղաքը, որը վերջին տարիներին համալրվում է նոր զբոսաշրջային ենթակառուցվածքներով»,- նշել է Ա. Գրիգորյանը: