«Ատամներս սեղմելով լսեցի տեսանյութը ու…»
Advertisement 1000 x 90

«Ատամներս սեղմելով լսեցի տեսանյութը ու…»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան հրապարակումը. 

ԽՄԲԱԳՐՎԱԾ

Երբ լսեցի մարտի 1-ի գործով ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրության մասին ու կարդացի տեսանյութի շփոթեցնող ու ուղղորդող վերնագիրը, ուղղակի մտածեցի, որ վերջ՝ այդ պաշտոնյաները միջամտել են դատական արդարադատությանն ու պետք է հրաժարական տան: Ատամներս սեղմելով լսեցի տեսանյութը ու…

Փաստ 1: Ակնհայտ է, որ Վանեցյանը խոսում է ոչ Հայաստանից, ակնարկում է, որ ռուսները կզայրանան Խաչատուրովի պահով: Երկրորդ հեռախոսազրույցում առավել լավ է նկատվում, որ միայն մի կողմի՝ Վանեցյանի ձայնն է լսվում: Սա, կարծում եմ, խոսում է այն մասին, որ հեռախոսազրույցը որսացել-ձայնագրել են Ռուսաստանից:

Փաստ 2: Մինչ այժմ մտածում էի, թե ՀՀ իշխանությունները չեն հաշվարկել մարտի 1-ի գործի քաղաքական զգայնունակությունները, իրականում նկատելի է, որ դա արել են: Վանեցյանը մտահոգվում է Ռուսաստանի ռեակցիայով ու հորդորում Սասուն Խաչատրյանին քաղաքական ասպեկտի առումով խորհրդակցել Փաշինյանի հետ, Սասուն Խաչատրյանը խոսում է որպես զուտ իրավաբան՝ չկարևորելով այդ պահը, այսինքն առաջնորդվելով զուտ ձեռքբերված ապացույցներով:

Փաստ 3: Հեռախոսազրույցից ակնհայտ է երկու պաշտոնյայի ակնարկը, որ դատավորները և վկաները կաշկանդված են Քոչարյանի ու մյուսների ազատության մեջ մնալով, և դա թերևս լավագույնս բացատրում է, թե ինչու են գնացել կալանավորման տարբերակով:

Փաստ 4: Ինչպես և նկատելի էր հրապարակային դաշտում, ռուսական կողմի հիմնական խնդիրը Խաչատուրովն է ու ՀԱՊԿ-ը: Եթե ճիշտ է հասկացվել, մի պահ նույնիսկ Փաշինյանն է խորհուրդ տվել նրա նկատմամբ կալանքի որոշում չկայացնել: Բայց նկատելի է, որ քաղաքական ղեկավարությունն ու ԱԱԾ/ՀՔԾ ետ չեն կանգնել մեղադրանքից: Խափանման տվյալ միջոցից՝ միգուցե, ինչը ռուսական կողմի ցանկությունն է եղել: Հիշեցնեմ, որ չնայած այդ ամենին ԱԳՆ խոսնակն էլ վերջերս հայտարարեց, թե միևնույնն է նրա ետկանչով ինտենսիվ բանակցությունները շարունակվում են:

Փաստ 5: Ոչ մի արտառոց բան հեռախոսազրույցներում չկա, որոնք կխոսեն մեղադրանքների քաղաքական մոտիվացվածության մասին. եթե անգամ կա քաղաքական արձագանքների դիտարկում, ապա ոչ ամենևին քննությանը ուղղորդելու մասով, այլ Ռուսաստանի ռեակցիաները, վկաների ցուցմունք տալու կաշկանդվածության, մեղադրվող ու կասկածվող անձանցից դատավորների վախենալու ու անհանգստանալու մասով:

Փաստ 6: Թերևս ամոթալի է, որ ՀՀ ԱԱԾ պետը կարող է գաղտնալսվել, այն էլ դաշնակից երկրի տարածքում ու հասկանալի է՝ թե ում հատուկ ծառայությունների կողմից: Ու թերևս ՌԴ ԱԳ նախարարը, որ երկու անգամ մտահոգություն էր արտահայտում վենդետայի ու քաղաքական հետապնդման մասով, բայց ապացույց չէր ներկայացնում, լավագույնս տեղյակ է եղել այս հեռախոսազրույցի մասին: Պարզապես, որպես անօրինական ճանապարհով ձեռք բերված փաստ դա չէին կարող դնել Հայաստանի ղեկավարության սեղանին, ավելին՝ Լավրովի մտահոգությունները հաստատող փաստ հեռախոսազրույցում չկա: Կա երկու գերատեսչությունների ղեկավարների միջև խորհրդակցություն գործի քննության քաղաքակ ռիսկերի, հետևանքների մասին:

Չգիտեմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ որոշումներ կընդունի կադրային առումով, այսքանի հիման վրա ես չէի առաջարկի նրան ազատել նշված պաշտոնյաներին զբաղեցրած պաշտոններից, բայց որ լրջագույն քայլեր պետք է ձեռանրկվեն, որպեսզի ՀՀ ղեկավարները չգաղտնալսվեն օտար պետության հատուկ ծառայությունների կողմից, դա հաստատ է:

Ոչ այս պաշտոնյաների համար, այլ ընդհանրապես՝ պրոֆեսիոնալիզմը պարտադիր է ամեն առումներով՝ հեռախոսով խոսելիս, գործելիս թե ինչպես: Այդ դեպքում ձայնագրեն, թե չձայնագրեն, զուտ ուղղակի ազգային անվտանգության ու երկրի արժանապատվության հարց կլինի, բայց ոչ ամենևին կառավարության քայլերի օրինականության վիճարկման հարց:

Խմբգրում: Ինչպես ԱԱԾ պետը հայտնեց, հեռախոսազրույցի պահին եղել է Շվեյցարիայում:



Նման նյութեր