Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան վերլուծականը. «Ցանկալի է կարդալ նախորդ գրառման հետ կապի մեջ:
Քոչարյանի Մեդիամաքսին տված հարցազրույցի մյուս հատվածը՝ կապված 2018-ի դեպքերի նրա ընկալման հետ, էլ ավելի խոսուն է:
Նախ՝ նա չի ժխտում Սերժի դեմ ուղղված շարժման այսպես ասած լեգիտիմությունը, դրա հիմնավոր լինելը (ի տարբերություն, օրինակ, 2008)-ի:
Այսպես. «Այնպես որ, քանի որ գիտակցում էի հասարակության մեջ կուտակված դժգոհության աստիճանը, այս գարնան իրադարձություններն ինձ համար մեծ անակնկալ չեղան»:
Նրա համար, ուրեմն, անակընկալ չէր 2018-ը, այսինքն՝ կանխատեսելի էր: Քանի որ դա համապատասխանում էր հանրային դժգոհության աստիճանին: Ուրեմն, 2008-ին դժգոհությունը չկար, իսկ 18-ին կար: Սա նույնպես հոգեբանական ինքնախոստովանանք է, եթե ոչ ուղղակի աջակցության, ապա անուղղակի «բզբզոցի» կամ առնվազն՝ մեծ ցանկության: Հանրային դժգոհությունն, իհարկե կար, բայց դա կար 2008-ին ևս: Իսկ այստեղ խոսքը Քոչարյանի անձնական և իր միջավայրի «դժգոհության աստիճանի» մասին է, որը մի պահ համընկավ իրական հանրայինի հետ (այդ պահը շատ կարճ տևեց): Պատահական չէ այս առումով, որ մի շարք փոքր բայց ակտիվ խումբ, Սերժի վախտվա թունդ ընդդիմադիր խոսացողներ, ապրիլին՝ «հեղափոխականներ», այսօր ամենա կատաղի հականիկոլականներն են դարձել:
Երկրորդ՝ Քոչարյանը 2018-ի ակունքները տեսնում է 16-ին:
Այսպես.
«2016թ.-ին ոստիկանության գնդի գրավումից հետո ես ասել էի, որ դա «դեղին քարտ» էր Հայաստանի քաղաքական համակարգին: Ինձ ապշեցրել էր, որ հասարակության մի մասը, ըստ էության, դրական գնահատական տվեց ահաբեկչական գործողություններին: Զոհվեց երեք ոստիկան, բայց, չնայած դրան, հանցավոր գործողություններ կատարած մարդիկ բավական լայն հանրային աջակցություն ստացան: Այնպես որ, քանի որ գիտակցում էի հասարակության մեջ կուտակված դժգոհության աստիճանը, այս գարնան իրադարձություններն ինձ համար մեծ անակնկալ չեղան»:
Այսինքն՝ նա 18-ի հեղափոխությունն անուղղակիորեն բխեցնում է 16-ի հուլիսից, հիմքն այդտեղ է տեսնում: Այդ մասով տես նախորդ գրառումը:
Երրրորդ՝ Քոչարյանի համար անակընկալ էր ոչ թե 18-ի շարժումը, այլ՝ «Զարմացրեց այն, թե ինչպես դրանք այսպես կոչված «թավշյա հեղափոխության» վերաճեցին»: Եվ՝ «ինձ զարմացրեց այն, որ գործընթացի ղեկին կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող դաշինքի ղեկավարը: Կարծում եմ՝ նրանց հաջողվեց որսալ պահի «պատմականությունը», «ալիքը բռնել» ու ցնցող հաջողության հասնել»:
Եթե թարգմանենք պարզ մարդկայինի, ապա Քոչարյանն այստեղ ասում է, որ ինքն այլ հույսեր և հաշվարկներ է ունեցել հակասերժական շարժումից: Բուն հակասերժական շարժումը նրան չի զարմացրել, այսինքն՝ նա տեղյակ եղել է դրանից, եթե ոչ առնվազն անուղղակիորեն ներգրավված: Նա հիմնավոր ու արդար է համարում այդ շարժումը:
Բաց խնդիր ունի արդյունքի հետ, որովհետև արդյունքում իշխանությունը վերցրեց Նիկոլն, ով ուներ ընդամենը 9 պատգամավոր, այսինքն Քոչարյնի պես մարդկանց համար՝ «լակոտ էր»:
Ուրեմն, ըստ Քոչարյանի խնդիև ոչ թե հակասերժական շարժումն էր, և ոչ էլ Սերժի հեռացումը, այլ այն, թե ով վերցրեց իշխանությունը Սերժից հետո: Նա չէր հաշվարկել այն հնարավորությունը, որ դա կարող է լինել Նիկոլը: Ուրեմն, հաշվարկել էր ինչ որ այլ բան: Այնպիսի զարգացում, որի արդյունքում իշխանությունը հասնելու էր ոչ թե 9 պատգամավոր ունեցողին, այլ շատ ավելի «հզոր մեկին»: Թե ո՛ւմ, կարող եք մտածել ինքներդ:
Ամփոփում:
Քոչարյանը պարզ բացահայտում է Դավադրության տապալումը Հեղափոխությամբ: Ավելի պարզ հնարավոր չէ:
16-ի պատերազմից սկսած Հայաստանում գործել է Դավադրություն: 18-ի ապրիլին դավադիրների հույսերը թվում էր իրականանում են:
Բայց դրանք անսպասելիորեն ջրվեցին հեղափոխությամբ՝ այսինքն՝ Նիկոլով և Ժողովորդով:
Այսօր էլ, սակայն, նույն Դավադրությունը փորձում է գործել՝ արդեն փոփոխված կազմով, բայց նույն գծի մեջ:
Քոչարյանը ճիշտ է մի բանում: Պետք է սկսել 16 թվից:
Եվ հարցնել՝ ինչո՞ւ տեղի ունեցավ պատերազմ, ինչո՞ւ դրան հետևեց զինված գործողություն Երևանում, հետո՝ կառավարության փոփոխություն: Ով ո՛ր կողմից էր այդ ժամանակ:
Հ.Գ. Հաշվի առնելով, թե որքան նախկին սերժական է այսօր քոչարյանական, այսինքն՝ 16-ի Դավադրության խմբում, սկսում ես, կարծես, հասկանալ, թե ինչո՛ւ Սերժը գնաց այդքան հեշտ և ինչի ու ինչն էր Նիկոլի «ճիշտ, իսկ ես՝ սխալ»»: