ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, մեկնարկ է տալիս երկշաբաթյա հեծանվարշավի։
«Միշտ էլ հետաքրքրվել եմ հնագույն պատմությամբ, հատկապես հայոց պատմությամբ, և, ընդհանրապես, այս տարածաշրջանով։ Ու մտքովս անցավ, «Ինչու՞ հեծանվով չանցնեմ արևմուտքից արևելք կամ հակառակը։ Կարելի է ճամփորդել ամբողջ տարածաշրջանով և ընդգրկել այս բոլոր հետաքրքիր պատմական ու հնագիտական վայրերը…»,- ասում է Արիանա Կաոիլին։
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինն իր հեծանվային շրջագայությունը կսկսի Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, կանցնի Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու կավարտի հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։ Ճանապարհին Արիանան կանգառներ կանի Ադանա, Սիս, Այնթապ, Տարսոն, Ուրֆա, Դիարբեքիր, Վան, Բայազետ և Մակու բնակավայրերում: Մինչ այս Արիանան արդեն բարձրացել է Արարատ ու Դարամանդ լեռները, շատ հաճախ է ճամփորդում Հայաստանում և Արցախում, բայց սա առաջին անգամն է, երբ մենակով հեծանվարշավ կունենա։
Հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։ Հավաքվելիք 5,500 ԱՄՆ դոլարը կծառայի 6 գյուղերի սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։ Այս հեծանվարշավի օգնությամբ Արիանա Կաոիլին ուզում է նաև ուշադրություն հրավիրել կանանց ուժի և նպատակասլացության վրա՝ փորձելով կարծրատիպեր կոտրել։
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (ՔՈԱՖ) հոգեհարազատ է Արիանային, քանի որ հնարավորություն ա տալիս գյուղաբնակ երեխաներին բարձրացնել իրենց կյանքի որակը և մեծ նվաճումներ ունենալ։
Արիանայի հեծանվարշավը նկարահանվելու է GoPro շարժական համակարգով ու ակտիվորեն ներկայացնելու է ՔՈԱՖ-ի սոցիալական մեդիայի հարթակներում։ «Կոնվերս բանկը» հովանավորում է բարեգործական արշավին առնչվող որոշակի ծախսեր։
Ամբողջությամբ՝ champord.am