«Խիստ հայրենասեր հայերն ու իրենց երկրները ատող ու միայն վատը կամեցող այլ ազգերը»
Advertisement 1000 x 90

«Խիստ հայրենասեր հայերն ու իրենց երկրները ատող ու միայն վատը կամեցող այլ ազգերը»

Կոնստանտին Տեր-Նակալյանի հրապարակումը.

«Ոմանքդ ճանաչում եք լուսանկարներում պատկերված պատմական կերպարներին, ոմանքդ ճանաչում եք միայն 1-2-ին, բայց նրանց բոլորին միավորում է մի բան։ Գուցե երկուսը, եթե ընդունենք, որ բոլորն էլ բռնապետներ էին ու են, բայց խոսքը դրա մասին չէ։

Նրանք բոլորն էլ իրենց իշխանության սկզբանական փուլում ունեցել են բարձր, շա՜տ բարձր հանրային աջակցությունը։ Առնվազն՝ իշխանության սկզբում։ Նրանք բոլորն էլ առաջին իսկ քայլերով, այս կամ այն կերպ, չեզոքացրեցին իրենց ընդդիմությունը՝ հենվելով «ժողովրդի անվերապահ աջակցության վրա» (իրականում՝ ժողովրդի մեծամասնության, բայց ոչ ամբողջի)։ Եկեք հերթով անցնենք նրանց կենսագրություններով ու տեսնենք, թե ինչ արդյունքների բերեց «ժողովրդի անվերապահ աջակցությունը»։

Առաջին նկարի փափկասուն տիկնոջ անունը Աուն Սան Սու Ջի է։ Ժամանակին նա երևելի քաղբանտարկյալ ու մարդու իրավունքների ջատագով էր, անգամ Խաղաղության Նոբոլյան մրցանակ է ստացել։ Այս տիկինը, երկար պայքարից հետո, 2016 թվականին դարձավ Մյանմայի առաջնորդը՝ տապալելով ռազմական խունտան։ Գիտե՞ք, թե ինչով է հայտնի Մյանման այժմ․ ցեղասպանությամբ։ «ժողովրդի անվերապահ աջակցությունը» վայելող այս տիկինը, Նոբելյան մրցանակը դրեց սերվանտի մեջ ու սկսեց երկրի մահմեդական փոքրամասնության՝ ռոհինջաների անողոք ցեղասպանություն, որը շարունակվում է առ այսօր։

Երկրորդ լուսանկարում մենք տեսնում ենք տարօրինակ բեղերով մի սևամորթ ծերուկի։ Ռոբերտ Մուգաբեն է՝ Զիմբաբվեի արդեն նախկին առաջնորդը, որին իշխանությունից հեռացրեցին միայն անցած տարի՝ պալատական հեղաշրջման արդյունքում։ Մուգաբեն իշխում էր 1980 թվականից սկսած։ Նա Աֆրիկայի ամենահեղինակավոր ու երկարակյաց առաջնորդներից էր ու անկասկած վայելում էր «ժողովրդի անվերապահ աջակցությունը»՝ սկզբում՝ իսկապես, իսկ հետո՝ արդեն նկարելով, բայց ինքն էլ էր առաջին քայլերից մեկով չեզոքցրել իր ինստիտուցիոնալ ըննդիմությանը։ Վայելելով «ժողովրդի անվերապահ աջակցությունը»՝ Մուգաբեն հասցրեց երբեմնի ամենածաղկող աֆրիկյան պետություններից մեկի տնտեսությունը հիմնահատակ ավիրել, էլ չխոսենք այնպիսի մանր-մունր բաների մասին, ինչպեսիք էին էթնիկ զտումները, պատերազմները, կոռուպցիան, երկրի տոտալ հեղինակազարկումը և այլն։

Երրորդը «հին ու բարի» Ադոլֆ Ալոիզի Հիտլերն է՝ Գերմանիայի կանցլերը, որը միանգամայն ժողովրդավարական ճանապարհով եկավ իշխանության ու առնվազն մինչև 1942-1943 թվականները վայելում էր «ժողովրդի անվերապահ աջակցությունը»։ Իր առաջին քաղաքական ակցիաներից մեկը Ռայխսթագի հրդեհի կազմակերպումն էր ու այդ պատրվակով՝ ամենամեծ ներուժ ունեցող ըննդիմադիր ուժի՝ կոմունիստների չեզոքցումն էր։ Կարծում եմ՝ կարիք չկա նկարագրելու այն բոլոր աղետալի հետևանքները, որոնց առերեսվեց ոչ միայն Գերմանիայի, այլ ողջ մոլորակի բնակչություն, «ժողովրդի անվերապահ աջակցությունը» վայելող այս անհատի պատճառով։

Հաջորդ լուսանկարում պատկերված հաղթանդամ սևամորթ զինվորականը Իդի Ամինն է՝ Ուգանդայի առաջնորդը, ով իշխանության եկավ կրկնակի պետական հեղաշրջման արդունքում։ Էս ազիզ բալեն էլ, ինչպես արդեն հասկացաք, վայելում էր «ժողովրդի անվերապահ աջակցությունը»։ Հատկապես, երբ բռնագանձում էր Ուգանդայում ապրող ասիացիների և եվրոպացիների ունեցվածքը։ Բայց Ուգանդայի փրկչի ամենատպավորիչ մեծագործությունները բռնագանձումներն ու ռեպրեսսիաները չէին։ Ամինը հայտնի էր նրանով, որ սովորություն ուներ ուտելու իր քաղաքական հակառաորդներին, իսկ երբեմն էլ՝ ուղղակի հպատակներին։ Մարդակեր էր։ «Ժողովրդի անվերապահ աջակցությունը» վայելող այս մի ազգափրկչի իշխանության արդյունքն էլ եղավ Ուգանդայի տնտեսական, իսկ հետո նաև ռազմաքաղաքական կոլլապսը, որի արդյունքներից մինչև հիմա խելքի չեն գալիս։ Դե, գումարած նաև մինչև կես միլիոնի հասնող ռեպրեսսիաների զոհերի թիվը։

Այս տխուր ցուցակի վերջին հերոսը Կամբոջայի առաջնորդն է՝ Պոլ Պոտը։ Ինչպես արդեն հասկացաք, սա ևս վայելում էր «ժողովրդի անվերապահ աջակցությունը» ու նույնիսկ հանդիսանում էր երկրի Կոմունիստական կուսակցության առաջնորդը։ Ավելորդ է պատմել, որ սա էլ առաջին իսկ քայլերով ոչնչացրեց իր ընդդիմությունը, իսկ հետո լրիվ ծայրահեղության մեջ ընկավ՝ կազմակերպելով սեփական ազգաբնակչության ցանկացած այլախոհների մեթոդական ոչնչացում։ «Ժողովրդի անվերապահ աջակցությունը» Կամբոջայում արժեցավ 1-3 միլիոն կյանք, իսկ պետությունը հայտնվեց գրեթե միջնադարյան պայմաններում։

Այս պատմական էքսկուրսին ինձ ոգեշնչեցին մեր հարյուրավոր հայրենակիցները, ովքեր երեկվանից ամենամաքուր ատելության բենեֆիս էին կազմակերպել ֆեյսբուքում՝ կապված Նիկոլ Փաշինյանի անգլերենի իմացության «գերկարևոր» թեմայի հետ։ Ես խորապես վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը անգամ չի էլ կասկածում, որ անձամբ ինքը ու «հայ ժողովրդը» անգամներով ավելի խելացի, խոհեմ, հեռատես ու խորաթափանց են, քան մյանմացիները, զիմբաբվեցիք, ուգանդացիք, կհմերները ու հատկապես՝ գերմանացիները։

Վստահ եմ նաև, որ նրանք մեծ մասը չէ էլ զլանալու այսքանը կարդալ, բայց հույս կա, որ փոքր մասը կանի դա ու այդ փոքր մասից ինչ-որ տոկոս կկարողանա վերդառնալ բանականության դաշտ, իսկ այնտեղ՝ բանականության դաշտում, ակնհայտ է, որ չի կարող լինել լավ վաղվա օր մի պետությունում, որտեղ նման անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտ է տիրում ցանկացած տեսակի այլակարծության նկատմամբ, եթե այդ այլակարծությունը չի համընկնում «ժողովրդի անվերապահ աջակցությունը» վայելող հերթական Մեսսիայի կերպարի ընկալման հետ։ Եթե չեք հասկանում, թե ինչու չի կարող լավ վաղվա օր լինել, ապա նորից կարդացեք բերված օրինակները, իսկ եթե կարիքը կա, կարող եմ մի 10 հատ էլ այլ նման օրինակներ բերել նորագույն պատմությունից»։



Նման նյութեր