«Չսիրեցի Տաջիկստանը, մենակ պոպոկն էր համով»
Advertisement 1000 x 90

«Չսիրեցի Տաջիկստանը, մենակ պոպոկն էր համով»

Կարպիս Փաշոյանի հրապարակումը.

«Տաջիկստանն այն քիչ երկրներից է, որ ինձ ընդհանրապես դուր չի եկել: Ի դեպ բացասական տպավորությունն այս ձևավորվել է հենց ինքնաթիռի վայրեջքից սկսած, երբ վերևից նայում էի Դուշանբեի տների տանիքներին:

Ընդհանրապես տների կտուրները համակեցական կյանքի ու մշակութային միջավայրի ինքնատիպ բնութագրիչներն են: Չեք հավատում, նայեք Պետերբուրգի, Բուդապեշտի, Վիեննայի, Լվովի ու այլ քաղաքների կոկիկ տանիքներին ու դրանք, համեմատեք Մոսկվայի ու Կիևի թափթփվածության ու խառնիճաղանճության հետ:

Օրինակ, եթե որևէ բարձունքից նայեք Հայաստանի Գորիս քաղաքին, ապա չափազանց հետաքրքիր տեսարանի ականատես կլինեք՝ իրար կողք կամ էլ իրար վրա շարված միանման կարմիր կտուրների: Հա՛, Գորիսը կարմիր կտուրների քաղաք է, ու այդ տեսարանը յուրաքանչյուրին կարող է տպավորել:

Բայց Դուշանբեն այդ առումով նույնիսկ մեր հայկական Գորիսին է զիջում, քանի որ վերևից ոչ թե թափթփվածություն ես տեսնում՝ այլ ավերակներ ու փնթիություն, երբեմն էլ՝ ոսկեզօծ քաղքենի ճոխություն: Փաստորեն տաջիկները արևելյան բազարի գաղափարը վերակենդանացրել են կտուրների վրա:

Տաջիկստանում օդը կանգնած է և ոչ միայն այն պատճառով, որ անտանելի շոգ է, այլ ամեն քայլափոխի զգում ես դիկտատուրայի գարշահոտը:

Երևի քչերը գիտեն, բայց ես Դուշանբեում կորել էի, ավելի ճիշտ դուրս էի եկել ման գալու ու մի քանի թաղամաս անցնելուց հետո չգիտեի, թե ոնց վերադառնալ հյուրանոց: Տաջիկստանի քաղքենի չինովնիկները պետությունը ներկայացնելիս հազար ու մի բան կարող են ցույց տալ՝ ամենաանճաշակ հյուրասիրությունից մինչև ամենանողկալի հուշարձանը, բայց ինձ հետաքրքրող միակ բանն այն էր, թե ո՞ւր են Դուշանբեի կանայք, ախր ժամը 8-ն է, ո՞ւր են նրանք: Պարզապես Իսլամի ու ադաթների գերին դարձած հանրության մեջ այդ ուշ ժամին պարկեշտ կանայք տանից դուրս չեն գալիս՝ այն էլ մենակ: Քուչի լեզվով ասած՝ թեմա ա:

Լավ կանանց թողնենք հանգիստ, քանի դեռ կանանց իրավունքներով զբաղվողներն ինձ սեքսիզմի մեջ չեն մեղադրել, ու խոսենք մարդկանց հետ շփումների մասին: Առանց բացառության բոլորն ինձ հարցեր էին տալիս Թավշյա հեղափոխությունից ու չէին հավատում, որ իմ պես կառավարական մանր չինովնիկն ընդամենը մեկ ամիս առաջ պառկում էր ասֆալտներին: Դե եկեք ճշմարտությունից չխուսափենք ու փաստենք, որ արևելյան երկրներում մամուլի խոսնակները դիտարկվում են որպես խոսք տանող-բերող արքունական կռիսներ: Բայց նրանց զարմանքն այդքանով չսահմանափակվեց. մեր տաջիկ գործընկերները քիչ էր մնում ուշագնաց լինեին, երբ իմացան, որ այն եվրոպական արտաքինով կարևոր պաշտոնյան էլ է ասֆալտներին պառկել ու հեղափոխություն արել: Խոսքը ՀՀ առաջին փոխվարչապետի մասին է:

Բայց մարդիկ տխուր էին, մարդիկ աղքատ էին, մարդիկ խեղճ էին, մարդիկ… չգիտեմ էլ ինչ ասեմ նրանց դեմքերն ու հոգիները նկարագրելու համար: Նույնիսկ հյուրանոցի դռների մոտ կանգնող պարոնի երեսին կարելի էր նկատել ծանրագույն մի ընտրություն, ընտրություն՝ քաղաքացիական պատերազմի ու դիկտատորի միջև: Այդ մարդիկ կամովին համաձայնվել են ապրել ստրկության մեջՙ միայն թե պրծնեն իրենց ու իրենց երեխաներին լափող քաղաքացիական պատերազմից: Նրանք ստիպված են հանդուրժել, համակերպվել, ստիպված են խեղդված ապրել, լուռ տանել բոլոր զրկանքներն ու սպասումով ցնդել:

Տաջիկները միշտ վախով են նայում դեպի Աֆղանստանի կողմը: Դե գիտակցական վախ չէ, այլ՝ ենթագիտակցական, չնայած ենթագիտակցությունը կտրված է զգայություններից: Նրանք ամեն վայրկյան սպասում են ահաբեկիչների խելագար հրոսակների, որոնք չեն գալիս ռուս զինվորների շնորիվ: Նրանք շնորհակալ են ռուսներին, նրանք պարտք են ռուսներին, ու այդ պարտքի զգացողությունը դարձել է ինքնության կարևորագույն բաղադրիչը:

Վախենալու երկիր էր Տաջիկստանը, հատկապես վախենալու էին արևելյան ճոխ ու ոսկեզօծ պալատները, որոնք հեռու էին ժողովրդական տառապանքից, բայց տառապանքի ոգին ներկա էր բարձրաշխարհիկ շենքերի միջանցքներում:

Չսիրեցի Տաջիկստանը, մենակ պոպոկն էր համով»:



Նման նյութեր