Արայիկ Խանդոյանն ասել է… vnews.am
Advertisement 1000 x 90

Արայիկ Խանդոյանն ասել է… vnews.am

Ինձ համար ամենաթանկը, իմ ուրախությունը իմ երկիրն է, իմ հողն ու ջուրն է, իմ գյուղի ամեն մի բնակիչն է, իմ Ծաղկահովիտն է: Ինձ համար թանկ է իմ ազգը, ինձ համար նյութական ոչ մի արժեք չկա, միայն մարդկային արժեքներն են կարևոր:

Ազգս ոնց թելադրի, այդպես էլ լինելու է:

Կռվելու համար չէ՝ հաղթելու համար է այս ամենը: Մնք մեր ձեռքերով, մեր ուղեղով, մեր խելքով, մեր հայրենասիրությամբ, մեր նվիրվածությամբ մեր հայրենիքի նկատմամբ սիրով ենք հասնելու ամեն ինչի: Զենքը մենք մեր թշնամու դեմ ենք հանում, մեր ազգի դեմ չենք պատրաստվում զենք հանել:

Ղարաբաղն իմ ամեն ինչն է, Ղարաբաղը իմ էությունն է, և այսօր էլ, անկախ ամեն ինչից, ես ապրում ու շնչում եմ Ղարաբաղով:

Ես ոչ մի ափսոսանք չունեմ: Ես ոչ մի ափսոսալու բան չեմ արել, բայց ափսոսում եմ, որ հիվանդանոցներում եմ ժամանակ կորցրել, ափսոսում եմ, որ գործեր կային անելու, իսկ ես չեմ հասցրել անել, ափսոսում եմ, որ կարող էի օգնել մարդկանց, սակայն այսօր այլևս դրա հնարավորությունը չունեմ:

16- 17 տարեկան էինք, երբ շարժումը սկսվեց: Փոքր եղբորս ՝ 13-ամյա Արարատի հետ հավավում էինք ընկերներին և գալիս էինք մեր տուն: Տանը սկսում էինք շարժման համար պաստառներ, ցուցանակներ, լոզունգներ պատրաստել:

Ճիշտն ասած, հայրս միշտ մեզ համար Հայոց Պատմություն էր կարդում: Անընդհատ լսում էինք Չաուշի, Անդրանիկի մասին , ու որ հիշում եմ մանկությունս, անկախ ինձնից փշաքաղվում եմ, գիտակցում, թե ինչից է ամեն ինչ սկսվում: Տունս, դաստիարակությունս, ուսուցիչներս, սերս հայրենիքի նկատմամբ լրիվ խառնվեցին իրար և ինձ էլ ուրիշ պատմություններ չէին հետաքրքրում: Ինձ միայն իմ Հայոց Պատմությունն էր հուզում:  Հիշում եմ, երկրորդ դասարանում էի, երբ Րաֆֆու «Սամվելը» կարդացի:

Մորս ասում էի. «Այ Մեր, մենակ լաց մի՛ եղիր, խնդրում եմ: Միևնույն է մենք պետք է գնանք, ինչ ուզում ես արա, մենք գնացող ենք: Պետք չէ մեզ լացով ճանապարհես, կամ լացով դիմավորես: Դու գիտես, որ մենք հետ եկող ենք, մենք մնացող չենք, մենք հաստատ չենք մնա»: Մայրս չէր համակերպվում, ասում էր. «Այ բալա, գոնե չորսդ էլ մի գնացեք»: Ասում էի. «Ախր ո՞նց կլինի, Մամ ջան»:

Վիրահատության ժամանակ գլխիցս վիրավորվեցի. ոչինչ չէի տեսնում, չէի լսում:Դա էր իմ ամենածանր վիրավորվելը: Ես ինձ վատ էի զգում, որ այդպես ծանր վիրավորվեցի: Ճիշտ է  նախկինում վիրավորվել էի, բայց այդպես չէ: Ես պետք է կանգնեի, ես պետք է քայլեի: Մեկուկես ամիս բուժվեցի, մինչև աչքերս բացվեցին:

Ես հիմա թոշակով եմ ապրում, իմ զինվորական թոշակով, տնտեսություն էլ ունեմ: Բոլորս էլ ապավինել ենք Աստծո խնամքին, Աստծո հույսին. անձրև լինի, բերք կունենանք, չէ՝ չէ:

Սոցիալական խնդիրը խնդիր է, բայց հայրենիքը, երկիրը ամենակարևորն են: Ընկերներս էլ են ինձ նման. կարևոր չէ, թե ինչ նեղության մեջ եմ, կարևոր չէ, թե ինչքան նեղված կլինենք՝ ազգը, հողը, հայրենիքը մեզ համար համար մեկն են :

Ես հպարտանում եմ, որ մեր շարքերում այսքան թանկ երեխաներ կան: Շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ, որ այն հաղթանակը, որով մենք միշտ ուրախացել ենք, նաև դուք վայելեք և պահեք այն:

Եղբայրաբար մի խորհուրդ եմ ուզում տալ: Երբեք, երբեք չթողնեք ձեր ուսումը, ձեր ազգի հանդեպ ունեցած սերը,  չհենվեք ուսադրի, կոչման վրա: Հիշեք, թե դուք ում թոռներն ենք, ում երեխաներն եք: Հիշեք, որ դուք հայի զավակներ եք, իսկ հայը միշտ պայքարել է իր արդարության, իր ազատության համար: Դուք այսօրվա, վաղվա, մյուս օրվա մեր ապագան եք, ես ձեր ցավը տանեմ: Մենք հպարտանում ենք ձեզնով, մենք հպարտ ենք, որ դուք կաք:

Ցանկանում եմ, որ երբեք ներկա չլինեք այն ամենին, ինչին մենք ենք ներկա եղել, չապրեք մեր ապրած օրերի նման օրեր, միայն կարողանաք ձեռք բերել եղբայրներ, եղբայրներ, եղբայրներ:

vnews.am