Համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր և ալտահար Յուրի Բաշմետը երևանյան ճեպազրույցի ընթացքում պատմել է Հայաստանի հետ իր կապերի, երաժշտախմբի հետ աշխատանքի ու իր համերգների ծրագրի մասին: «Ալտի արքան» Հայաստանի մայրաքաղաք է ժամանել երկուշաբթի օրը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 19-րդ փառատոնի շրջանակներում բացառիկ համերգով հանդես գալու համար:
Հայաստանի հետ ունեցած արյունակցական կապը:
«Ես շատ ուրախ եմ գտնվել Երևանում, այստեղ ես շատ ընկերներ ունեմ: Բայց Հայաստանի հետ անմիջական կապ իմ թոռն ունի, ում երակներում հայկական արյուն է հոսում: Նրա անունը Հրանտ է»,- ասել է Բաշմետը:
Երաժշտի խոսքերով` իր դստեր որդին 11,5 տարեկան է, և նա արդեն ալտ է նվագում, թեպետ տարված է ֆուտբոլով:
«Նրա աչքերը փայլում են, երբ լսում է ֆուտբոլի մասին: Նա այն տարիքում է, որ արդեն պետք է ընտրի իր ապագա մասնագիտությունը: Իհարկե, նա արդեն երաժշտական գործիք նվագելու որոշակի հմտություններ ունի, բայց դժվար է ասել, թե կդառնա՞ նա արդյոք մենակատար»,- ասել է Բաշմետը:
Երաժշտի մասին:
Դարաշրջանի ֆենոմեն համարվող Բաշմետը դարձավ պատմության մեջ առաջին երաժիշտը, ով ապացուցեց, որ ալտը` որպես մենակատարային գործիք, բավականին լայն հնարավորություններ ունի, ու դարձավ ժամանակակից շատ կոմպոզիտորների ոգեշնչման աղբյուրը, ովքեր հատուկ նրա համար գրեցին շուրջ 6 տասնյակ համերգներ:
Ինքը` Յուրի Բաշմետը, ծնվել է 1953թ. հունվարի 24-ին, Դոնի-Ռոստովում: Արդեն 1971թ. Մոսկվայի կոնսերվատորիայում ալտի դասարանում սովորելու ժամանակ նրա մասին խոսում էին՝ որպես շատ օժտված արտիստի:
1972թ. Բաշմետը ձեռք բերեց 18-րդ դարի հայտնի իտալացի վարպետի ալտը, որով նվագում է բոլոր համերգների ժամանակ:
1972թ. սկսվեց Բաշմետի համերգային գործունեությունը: Նա հանդես է գալիս ոչ միայն Ռուսաստանում, այլև եվրոպական երկրներում. Հյուսիսային և Լատինական Ամերիկաներում, Ավստրալիայում ու Ճապոնիայում: Յուրի Բաշմետի համաշխարհային ճանաչումն ու բացառիկ ալտիստի հեղինակությունը սահմաններ չեն ճանաչում, իսկ սկսած 1985թ.-ից` նա հանդես է գալիս նաև՝ որպես դիրիժոր:
Բաշմետը մոսկովյան «Դեկտեմբերյան երեկոներ» փառատոնի ղեկավարն է, «Մոսկվայի մենակատարներ» կամերային համույթի հիմնադիրն ու տնօրենը, ղեկավարում է «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախումբը:
Ինքը` Յուրի Բաշմետը, հանդես է գալիս՝ ինչպես միայնակ, այնպես էլ՝ աշխարհի առաջատար նվագախմբերի հետ: Բաշմետի կողմից որոշ դասական ստեղծագործությունների մեկնաբանություններ համարվել են ականավոր: Նա նաև դասավանդում է մոսկովյան կոնսերվատորիայում ու վարպետաց դասեր է անցկացնում ողջ աշխարհով մեկ, զբաղված է լուսավորչական ու բարեգործական գործունեությամբ, հանդիսանում է աշխարհի զանազան երաժշտական փառատոների մասնակիցը:
Բաշմետը նաև Ռուսաստանում անցկացվող առաջին և միակ ալտահարների միջազգային մրցույթի հիմնադիրն ու ժյուրիի նախագահն է, որը տեղի է ունենում Մոսկվայում, Անգլիայում Լ. Թերթիսի անվան ալտահարների միջազգային մրցույթի նախագահը, նախագահում է նաև շատ այլ երաժշտական մրցույթներ:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը