Նշանավոր գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանն իր բազմազավակ ընտանիքով 1909թ-ին բնակություն է հաստատել թիֆլիսյան տանը և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջ։ Պատմում են, որ գրողը դուրս է եկել սանդղահարթակ և անձամբ ճանապարհել յուրաքանչուր հյուրին։
Sputnik Գրուզիայի սյունակագիր Եկատերինա Միկարիձեն պատմում է Թիֆլիսում գտնվող գեղեցիկ առանձնատան մասին, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը` անդրադառնալով նաև մեծանուն բանաստեղծի ընտանիքի դաժան ճակատագրին։
Այս տունը չես շփոթի ոչ մի ուրիշ տան հետ, քանի որ տարբերվող դետալ կա՝ հովարը։ Ամբողջովին պաճուճավոր՝ անվան սկզբնատառերով, ուռուցիկ, մի խոսքով, դժվար է չնկատել։ Առաջին տիրոջ անվան սկզբնատառերն էլ կան դռան վրա։ Տառերը միանգամից չնկատեցի, դրանք թաքնված էին դռների ժանյակների մեջ՝ Ի․ և Շ․՝ տանտեր Իոսիֆ Շանշինյանի անվան և ազգանվան սկզբնատառերը։
Իոսիֆ Շանշինյանի անվան և ազգանվան սկզբնատառերը երևում են ճաղերի մեջտեղում
Նրա մասին հայտնի է միայն այն, որ հասարակական գործիչ է եղել։ Փոխարենը վարձով տան բնակիչների մասին տեղեկությունները շատ են։ Հատկապես նրանցից մեկի՝ Հովհաննես Թումանյանի մասին։ Հայ բանաստեղծն իր բազմազավակ ընտանիքի հետ բնակություն է հաստատել այս տանը 1909թ-ին և ապրել ընդհուպ մինչև մահը՝ 1923թ-ը։ Ընտանիքն այս տանը մնացել է մինչև 40-ականների վերջը, իսկ հետո տեղափոխվել է Երևան։
— Հրե՛ք դուռը, — մեջքիս հետևից լսում եմ երիտասարդ կնոջ ձայնը։ Հրում եմ։ Դիմաց բացվում է փոքրիկ շքամուտքը։ Ոտքերիս տակ հին սալահատակն է, վերևում՝ պաճուճավոր բազրիքներով սանղուղքը։ Դանդաղ բարձրանում եմ վերև։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վերջին՝ երրորդ հարկում է։ Սեղմում եմ դռան զանգը և հայտնվում տուն-թանգարանի նախասենյակում։
Թումանյանի ընտանիքի՝ Երևան տեղափոխվելուց որոշ ժամանակ անց տանը բացվել է Հովհաննես Թումանյանի անվան գրադարան, որը տևական ժամանակ գործել է։ Փակվել է կա՛մ 2007թ-ին, կա՛մ մեկ տարի անց։ Ասում են` գրքերից շատերը դեն են նետել, որովհետև պետք էր շտապ ազատել շենքը։ Շինությունը հայտնվել է մասնավոր ձեռքերում։ 2015թ-ին շենքը գնել են և վերանորոգել։ Վերանորոգումը տևել է երկու տարի։
Տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը
– Գնանք,- ներս է հրավիրում տուն-թանգարանի զբոսավար Գոհար Մխիթարյան-Մազմանյանը։ Գոհարը շատ հետաքրքիր է պատմում։ Ավելի ուշ պարզվում է, որ նա էլ է լրագրող, 24 տարի աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Երբ նրան առաջարկել են աշխատել թանգարանում, երկար ժամանակ տատանվել է։ Ընտրությունը բարդ է եղել` մնալ աշխատավայրում, որին նվիրել է կյանքի 24 տարիները, կամ ավելի հանգիստ վայր ընտրել՝ սիրելի գրողի տուն-թանգարանը։ Գրականության նկատմամբ սերը հաղթել է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am