Դերասանուհի Օդրի Հեփբյոռնը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սերտ կապ է ունեցել Դիմադրության նիդեռլանդական շարժման հետ: Այդ մասին հաղորդվում է գրող Ռոբերտ Մաթցենի Dutch Girl: Audrey Hepburn and World War II (,Նիդեռլանդուհին. Օդրի Հեփբյոռնը և Երկրորդ համաշխարհային պատերազմը») գրքում: Տեղեկացնում է New York Post-ը: Նշվում է, որ արտիստուհին ուղղակիորեն աշխատել է Դիմադրության առաջնորդների հետ: Մաթցենն իր գրքում մեջբերումներ է անում Հեփբյոռնի հորեղբոր՝ կոմս Օտտո վան Լիմբուրգ Շտիրումի 188-էջանոց օրագրից: Նացիստներն այդ մարդուն չորս ամիս կալանքի տակ են պահել, ինչից հետո նրան գնդակահարել՝ մեղադրելով պարտիզաններին աջակցելու մեջ:
Մաթցենի գիրքը վաճառքի կհանվի 2019 թվականի ապրիլին: Երբ սկսվեց պատերազմը, Օդրի Հեփբյոռնը տասը տարեկան էր: 1939 թվականին նրա մայրը դստերը Մեծ Բրիտանիայից, որտեղ սկսնակ արտիստուհին զբաղվում էր բալետով, տարել է Նիդեռլանդներ, հույս ունենալով, որ այնտեղ իրենք անվտանգ կլինեն: Երկիրը 1940 թվականին բռնազավթվեց նացիստական Գերմանիայի կողմից: Օկուպացման ընթացքում Հեփբյոռնը միջոցներ էր հավաքում պարտիզանների համար՝ կատարելով բալետային համարներ, գրել է The Telegraph-ը:
Կարծիք կար, որ դա միակ միջոցը չէր, որով դեռատիի արտիստուհին աջակցում էր Դիմադրությանը, սակայն 2016 թվականին Հարթենշթայն նիդեռլանդական թանգարանի աշխատակիցները հայտարարել են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում Հեփբյոռնի ընդհատակյա գործունեությունը ոչ մի հաստատում չունի:
Օդրի Հեփբյոռնը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ «Նախաճաշ՝ Թիֆանիի մոտ», «Հռոմեական արձակուրդներ» և «Սաբրինա» կինոնկարները: Նա, Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի վարկածով, երրորդ տեղն է զբաղեցնում Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիների ցուցակում:
Հեփբյոռնը վախճանվել է 1993 թվականին, 63 տարեկան հասակում: