Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Չինաստանը հանգստի համար առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրը կդառնա աշխարհում ժամանող եւ մեկնող ճանապարհորդների թվով: Այդ մասին հայտնել Է The Guardian-ը՝ վկայակոչելով Euromonitor International ընկերության ուսումնասիրությունը:
Փորձագետների կարծիքով՝ մինչեւ 2030 թվականը Չինաստանը առաջ կանցնի Ֆրանսիայից եւ կդառնա առավել մեծ ժողովրդականություն ունեցող երկիրն աշխարհում, ինչպես նաեւ առաջատարների դիրքերից ԱՄՆ-ին ու Գերմանիային հետ կմղի արտասահման մեկնող ճանապարհորդների թվով:
Հետազոտության հեղինակները հայտարարում են, որ Չինաստանին առաջնությունն ապահովելուն կօգնեն ասիական երկրներից, այդ թվում՝ Թայվանից եւ Հոնկոնգից ժամանող զբոսաշրջիկները, որոնց համար այցագրերի ստացման ընթացակարգը ներկայում պարզեցված Է:
Սպասվում Է, որ մինչեւ 2023 թվականը Չինաստանում կաճի նաեւ ներքին զբոսաշրջությունը. երկրի բնակիչները կկատարեն 6,7 մլրդ ուղեւորություն, ինչը 42,5 տոկոսով ավելի Է, քան 2018 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: