Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխվել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։
Բալկոնում Բուն TV-ի համահիմնադիր, գրող Գեմաֆին Գասպարյանն է։
Գեմաֆին Գասպարյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)
Ինքը միջանցքում է ու անընդհատ. տարբեր մարդկանց մեջ «մերոնքական» է, բայց ոչ մի խմբի մեջ էլ սզբունքորեն «մերոնքականը» չի․ ինքը միջանցքում է ու կոմֆորտ չի զգում։
Հիմա ինքը ո՞վ է․․․ Ամուսին է, զույգ տղաների հայր, մեդիաոլորտի աշխատող։ Ինքը գրող է, բայց ոչ նրա համար, որ գրում է, այլ որ երազում է աշխարհ ստեղծել։ Այս իմաստով էլ շատ ամբիցիոզ է, որը չի արտահայտվում այն ամբիցիաներով, որոնցով հիմնականում որակում է տրվում ամբիցիոզին։
Ինքն ընտրել է իր տունը․ դա ուղղակի չի ստացվել․․․
Չէ, լարվել եմ, որովհետեւ մտածում եմ։ Առհասարակ, երբ ինքը խնդրի առաջ է կանգնած, շարժվում է կամ քայլում․․․ Իսկ մեծ խնդրի դեպքում՝ քնում է։ Ինքը հիմա քնելու կարիք ունի (ծիծաղում է)։
Ասացիր՝ ֆրագմենտար աշխարհը հավաք(վ)ելու կարիք ունի։
Հա, հավաքելու․․․ Հիմա եւ ասում եմ, եւ մտածում, որ ասածս շատ կոնկրետ է ստացվում, բայց միտք է, որը մտածելու առիթ է տալիս․ աշխարհն ինքն իրեն ձեւակերպելու, հավաքելու կարիք ունի, հետո այս աշխարհում ապրող մարդը՝ իրեն հավաքելու ու ձեւակերպելու կարիք ունի։ Գուցե պետք չի, որ մարդը ձեւակերպվի, բայց հաստատ դրա ձգտումը կա։
Լավ, հերիք է․ շատ սկսեցի փիլիսոփայել…
Ինչու՞ ես այդպես մտածում։
Դե, թվում է՝ ինչ-որ «խելոք» բաներ եմ ասում, բայց չեմ հասկանում՝ ինչ կարիք կա խելոք բաներ ասելու։
Քո ու Հայաստանի հարաբերությունների մասին ասա։
Ո՞ր դիտանկյունից․․․
Կարող եմ ասել հանրապետության հետ հարաբերությունդ, հայրենիքի հետ հարաբերությունդ, բայց սահմանափակում չեն դնում․ ինքդ որոշիր՝ որ դիտանկյունից ես պատասխանում։
Այլ տեղերում լինելու փորձառութուն ունեմ, բայց ոչ մի տեղ ինձ այսքան լավ չեմ զգում, ինչքան այստեղ՝ իր բոլոր վատ զգալու պայմաններով հանդերձ։ Իմ տունն է․․․
Ընտանիքս 2005 թվականից Հայաստանում չի․․․ Ես չեմ գնացել, եւ, դա մեծ հաշվով իմ որոշումն է եղել։ Երբ քույրս ու եղբայրս ասում են` «տուն ենք գնում», նկատի ունեն Լոս-Անջելեսի մեր տունը, երբ ես եմ ասում, նկատի ունեմ Սարի թաղի իմ տունը։ Եվ միաժամանակ, երբ ասում եմ, որ այդ հարաբերությունը տուն ունենալու զգացողության հետ է կապվում, չեմ խոսում միայն Սարի թաղի իմ տան մասին։
Ամբողջությամբ՝ hetq.am