Տեխնոլոգիաների և մեծ քաղաքների դարում դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է հաջողակ տնտեսագետը գյուղ տեղափոխվել և ֆերմերությամբ զբաղվել։ 2012 թվականին նման որոշում կայացրեց Միքայելյանների ընտանիքը։ Ընտանիքի հայրը` Արման Միքայելյանը, ինչպես ինքն է ասում` սիրում է հոսքին հակառակ ուղղությամբ լողալ, ինչն էլ արտահայտվել է նաև ընտրած գործի վրա։
Ի տարբերություն Գեղարքունիքի մարզում ձկնորսությամբ կամ հողագործությամբ զբաղվող մի շարք գյուղացիների, նրանց ընտանիքը պանրի բացառիկ տեսակներ է արտադրում` «Առոմա դել վինո» (գինով պանիր) և «Կոնյակ թրադիշնս» (կոնյակով պանիր)։ Զբոսաշրջային սեզոնին նրանց են այցելում հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից։
Ամուսինները բաժանել են պարտականությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրի հնարավորություններն ու մասնագիտությունը։ Արմանը տնտեսագետ է։ Նա զբաղվում է մարքեթինգով և պանրի առաքմամբ։ Մարինեն կենսաքիմիկոս է։ Նա բաղադրատոմսեր է հորինում և պանիր պատրաստում։ Երկու բացառիկ բաղադրատոմսերն էլ հանպատրաստից են ստեղծվել։ Մտահղացումն Արմանինն էր, սակայն այն կյանքի է կոչել նրա կինը։
«Մի օր ինձ գինով եվրոպական պանիր հյուրասիրեցին։ Համը հավանեցի և որոշեցի, որ պետք է սրա հայկական տարբերակը լինի։ Մի փոքր փորձարկումներ արեցինք և մեզ հաջողվեց ստանալ այն։ Սրա համը էապես տարբերվում է եվրոպականից։ Այնուհետև ինձ կոնյակով, դարչինով և ծովի աղով պատրաստված կոկտեյլ հյուրասիրեցին։ Այն ինձ նույնպես դուր եկավ, սկսեցի Մարինեի հետ քննարկել, թե ինչպես կարելի է նման հետաքրքիր համ ստանալ հայկական կոնյակի օգտագործմամբ։ Նրան հաջողվեց ստանալ պատրաստման տեխնոլոգիան», – պատմեց Արմանը Sputnik Արմենիային։
Ամեն օր ընտանիքի մայրն իջնում է սառը նկուղը, որտեղ հատուկ պայմաններում պահվում են պանիրները և դրանց գլուխները պատում կոնյակից պատրաստված կոկտեյլով։ Այս ըմպելիքի շնորհիվ պանիրները համեղ կեղև են ստանում, որի տակ այն «եփվում» և հետաքրքիր համ է ձեռք բերում։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց թվում քիչ չեն նաև տոհմական պանրագործներ, այնքան են հետաքրքրված այս պանրի պատրաստման տեխնոլոգիայով, որ հաճախ նրանից բաղադրատոմս են խնդրում։ Թեև Մարինեն տրամադրում է բաղադրատոմսը, բայց իր գաղտնիքները մինչև վերջ չի բացահայտում։