Դոնալդ Թրամփին երբեք չեմ ների իր այդ քայլի համար. Միշել Օբամա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դոնալդ Թրամփին երբեք չեմ ների իր այդ քայլի համար. Միշել Օբամա

Ամերիկայի նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի «Becoming» գիրքը դարձել է 2018 թվականի ամենավաճառված գիրքը:

Հրտարակվելուց 2 շաբաթ անց Միշել Օբամայի գիրքը վաճառվել է ավելի քան 2.000.000 օրինակով: «Becoming» հուշագրությունը թարգմանվել է 31 լեզուներով և դարձել բեսթսելլեր՝ միանգամից 11 երկրներում: Միշել Օբաման Օփրա Ուինֆրիի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է Սպիտակ Տնից հեռանալու, Դոնալդ Թրամփի և առաջին անգամ թոսթ պատրաստելու մասին:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Չեմ կարող չասել. ոչինչ այնքան հաճելի չէ, որքան հաճելի ընթերցվող գիրքը: Երբ իմացա, որ գիրք ես գրում, ինքս իմ մեջ սկսեցի հպարտանալ: Դու արեցիր դա, գրեցիր հզոր, բայց միևնույն ժամանակ նուրբ ու ազդեցիկ գիրք:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Շնորհակալ եմ:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Ինչո՞ւ «Դառնալով»:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Տարբերակները շատ էին, այնքան շատ, որ եթե բոլորը քննարկեինք այդպես էլ տեղ չէինք հասնի: «Դառնալով» տարբերակը մի տեսակ ամեն ինչ ի մի է բերում: «Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս»՝ ամենավատ հարցը, որ ծնողները հաճախ իրենց երեխաներին են տալիս: Ասես մեծանալը սահմանափակվում է: Հասնում ես ինչ-որ մի կետի ու վերջ, ամեն ինչ վերջանում է:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Մեծանալով մարդիկ փոխվում են:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Ես չգիտեմ թե ինչ կլինի հետո: Բոլորին միշտ սա եմ ասում: Գիտես, կարծում եմ բոլոր կանայք էլ մտքում ունեն որոշած մի տարիք, որին հասնելուց հետո իրենց կսկսեն մեծ զգալ: Եթե ընդհանուր նայենք, ապա շատերի մոտ այդ տարիքը գալիս է այն ժամանակ, երբ այլևս ստիպված չես մայրիկիդ լսել: Ես շարունակում եմ մեծանալ ու ամեն անգամ նոր մարդ եմ դառնում: Սա իմ կյանքի ճանապարհորդության պատմությունն է:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Գրքում բազմաթիվ բացահայտումներ կային: Ինչպիսի՞ զգացողություն ունեիր, երբ գրում էիր անձնական կյանքիդ մասին: Վախենո՞ւմ էիր:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Եթե անկեղծ, ապա՝ ոչ: Ահա թե ինչու: Մարդիկ ինձ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ ես այդքան պարզ, ինչպե՞ս են մարդիկ այդքան հեշտ շփվում քո հետ: Հասկացա, որ պատճառն այն է, որ ես ինձ ընդունում և սիրում եմ այսպես: Ես սիրում եմ իմ պատմությունն իր բոլոր վայրիվերումներով: Կարծում եմ հենց սա է ինձ դարձնում յուրահատուկ՝ ինքս իմ առաջ: Երբեք ոչինչ չեմ թաքցրել իմ ընկերներից: Գիտես Օփրա, մենք ուզենք դա թե ոչ, ես ու Բարաքը օրինակ ենք ծառայում մարդկանց:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Համամիտ եմ:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Ատում եմ, երբ այն մարդիկ, որոնք ինչ-որ չափով հանրային են, խուսափում են հասարակությունից, հետ են քաշվում և ասում՝ չէ, չէ, ես չեմ կարող օրինակ ծառայել, ինձ պետք չէ ավելորդ պատասխանատվություն: Բայց ուշ է արդեն: Երիտասարդները նայում են քեզ ու սովորում: Չեմ ուզում, որ նայեն ինձ ու մտածեն, որ ես երբեք վախեր չեմ ունեցել, փորձություններ չեմ հաղթահարել:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Գիրքն ընթերցելուց հետո վստահ եմ, ոչ ոք այդպես չի մտածի: Մտքներովս էլ չի անցնի:

[ծիծաղում են]

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Միլիոնավոր մարդկանց հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է ձեր կյանքը փոխվել Սպիտակ Տնից հեռանալուց հետո: 

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Գրքիս նախաբանը գրել եմ Սպիտակ Տնից տեղափոխվելուց շաբաթներ հետո: Վաշինգտոնի մեր ներկայիս տունը՝ Սպիտակ Տնից մի քանի կիլոմետր է հեռու: Գեղեցիկ տուն է: 8 տարվա մեջ առաջին տունը, որն ունի սովորական դուռ և զանգի կոճակ:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Իրոք որ 8 տարի: Միշել, ուզում եմ, որ այն թոսթի պատմությունը պատմես:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Այդ պատմությունը ծնվեց այն ժամանակ, երբ մի օր տանը մենակ մնացի: Երեխաներս տանը չէին, Բարաքը, եթե չեմ սխալվում, շրջագայությունների էր գնացել, ու ես առաջին անգամ տանը մենակ էի մնացել: Առաջին տիկնոջ պարագայում դու ուզես էլ չես կարող մենակ մնալ: Տանը միշտ մարդիկ կան՝ անվտանգության աշխատակիցներ: Նրանք չեն թույլատրում անգամ պատուհան բացել, ուր մնաց դուրս գալ տնից և մի փոքր զբոսնել այգում:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Թույլ չէի՞ն տալիս պատուհան բացել:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Ոչ: Չես կարող: Մի անգամ Սաշան՝ աղջիկս, փորձեց ու միանգամից զանգեցին՝ արագ փակեք այդ պատուհանը:

[ծիծաղում են]

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Ու ահա ես իմ նոր տանն եմ մեր շների՝ Բոյի ու Սաննիի հետ: Հանգիստ իջնում եմ իմ խոհանոց ու ինչ ուզում պատրաստում եմ, այնինչ, Սպիտակ Տանն անհնար էր: Այնտեղ միշտ խոհարարներ կային, որ թույլ չէին տալիս որևէ գործ ինքդ անես, անընդհատ հարցնում էին՝ ի՞նչ է պետք,  ի՞նչ եք ուզում: Ու ես առաջին անգամ ինձ համար ինքնուրույն թոսթ պատրաստեցի: Պանրով թոսթ: Ուտելով դուրս եկա բակ ու նստեցի աստիճաններին: Ականջիս շների հաչոցներ էին հասում ու այդտեղ մի պահ մտածեցի ու հասկացա, որ Բոն ու Սաննին ախր երբեք ուրիշ շների հաչոցներ չեն լսել: Նրանց դեմքին նայելիս կարելի էր եզրակացնել, որ նման մի բան են մտածում՝ այս ի՞նչ ձայներ են: Ու ես նրանց ասում եմ՝ այո սիրելիներս, դուք իսկական աշխարհում եք հիմա:

[ծիծաղում են]

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Հիմա ավելի շատ ժամանակ ունեմ մտածելու և վերջին 8 տարիները վերլուծելու համար: Հիմա եմ հասկանում, որ Սպիտակ Տանն ապրած տարիներին երբեք ժամանակ չեմ ունեցել այդ մասին մտածելու: Ես ու Բարաքը միշտ զբաղված էինք: Երեքշաբթի օրը մոռանում էի թե ինչ էր եղել երկուշաբթի: Անգամ մոռացել էի, թե որ երկրներն եմ այցելել: Մի անգամ ասացի, որ ուզում եմ մի օր Պրագա այցելել: Մելիսան ասաց, որ մի անգամ արդեն եղել եմ Պրագայում: Իսկ ես պնդում էի, որ ոչ մի անգամ այնտեղ չեմ եղել:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Երբ կարդում էի գիրքը, զգում էի, որ քո կյանքի յուրաքանչյուր իրադարձություն ասես նախապատրաստել է քեզ ապագային: Նմանատիպ զգացում ունեցա:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Եթե ինքդ քեզ կարևոր մարդ ես համարում, յուրաքանչյուր որոշում իր ազդեցությունն է ունենում քո ապագա ես-ի վրա:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Հաստատ: Դպրոցական տարիքում միշտ գերազանցիկ ես եղել: Ստացել ես ամենաբարձր գնահատականները և մի բան էլ ավել:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Մայրիկս միշտ ասում էր, որ ամենաբարձրից էլ բարձր էի ստանում:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Փաստորեն, այդ փոքրիկ ոսկեգույն աստղիկներն իրենց դերն ունեցան քո կյանքում:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Իհարկե: Հիմա, երբ հետ եմ նայում, ավելի լավ եմ հասկանում, որ ծնողներս մեզ տվել են մտքի և գաղափարների ազատություն:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Նրանք թույլ էին տալիս, որպեսզի դու ու եղբայրդ՝ Քրեյգը ամեն ինչից ինքնուրո՞ւյն գլուխ հանեք:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Օ՜, Աստված իմ: Այո: Ես հասկացա, որ ձեռքբերումները մեծ դեր ունեն: Երեխաներն այդ տարիքում հաճախ են կոտրվում, և եթե ուժեղ կամք չդրսևորես, ապա մարդիկ քեզ միանգամից կգամեն անհաջողակների սյունին՝ հատկապես, եթե սևամորթ ես: Չէի ուզում, որ մարդիկ մտածեն ես աշխատասեր երեխա չեմ: Չէի ուզում, որ ինձ պիտակավորեին՝ «սա էլ է նրանց նման»: Վատ երեխաներ: Չկան վատ երեխաներ, կան վատ հանգամանքներ:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Գրքում գրել ես, որ Բարաքի հետ շատ եք վիճում:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Այո, այո: Երբեմն, ես կրակի պես շիկանում են: Դա ապացուցված բան է: Բարաքը միշտ փորձում է ամեն ինչ բացատրել ու արդարանալ: Նա ստիպված եղավ սովորել ինձ ժամանակ հատկացնել, երբ ես բարկացած եմ՝ անգամ մինչև մեկ ժամ: Եվ նա ստիպված էր ընդունել, որ բարկությունս մեղմացնելու համար ինձ պետք չէր համոզել:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Գրել էիր, որ ամեն անգամ, երբ Բարաքին ինչ-որ բան են խնդրում ասում է՝ դա ընտանիքիս որոշումն է, ինչն իրականում նշանակում էր՝ եթե Միշելը թույլ տա, ուրեմն՝ այո:

[ծիծաղում են]

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Ինչպե՞ս նրան «թույլ տվեցիր» առաջադրվել նախագահի պաշտոնում:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Պատկերացրու թե ինչ բեռ է: Կարող է, հնարավոր է, պետք է: Սկզբում նա ցանկանում էր սենատոր դառնալ, հետո որոշեց մտնել Կոնգրես, հետո, այնուամենայնիվ մասնակցեց սենատի ընտրություններին: Ես գիտեմ, որ Բարաքը քաղաքավարի ու խելացի մարդ է: Բայց քաղաքականությունը նույնքան կեղտոտ ու զզվելի է: Ես չէի ուզում տեսնել նրան այդ ամենի մեջ: Բայց չէի կարող թույլ չտալ: Ես հանեցի կնոջ գլխարկը և դրեցի քաղաքացու գլխարկը:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Ուզում եմ հարցնել: Երբ երկրի ամբողջ բեռն ամուսնուդ ուսերին էր, իսկ այդ ուսերի տեղում դու էիր, ինչպե՞ս էիր հաղթահարում այդ ծանրությունը:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Փորձում էի հանգիստ լինել: Երեկոյան ընթրիք ընտանիքի անդամների հետ: Ահա թե ինչ նորամուծություն բերեցի Սպիտակ Տուն: Դա նշանակում էր՝ «Ուզես, թե չուզես, երեկոյան պետք է միասին ընթրենք, սիրելիս: Էնպես, որ տեղիցդ շարժվիր ու արի երեխաներիդ հետ շփվելու»:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Երեխաներն իրոք օգնում են կտրվել ամեն ինչից: Գրքում գրում ես նաև Դոնալդ Թրամփի մասին, և անդրադարձել ես Թրամփի այն կարծիքին, որ Բարաքն Ամերիկայում չի ծնվել: Գրել ես՝ «Դոնալդ Թրամփն իր չմտածված ու բարձրագոչ արտահայտություններով իմ ընտանիքի անվտանգությունը ռիսկի տակ է դնում: Ես նրան երբեք չեմ ների այդ քայլի համար»: Ինչո՞ւ որոշեցիր հիմա այս մասին խոսել: 

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Գիտեմ, որ չի գիտակցում իր արարքները: Նրա համար այս ամենը խաղ է: Երբ, որպես ղեկավար առերեսվում ես բոլոր սպառնալիքներին և տեսնում ես անվտանգության ռիսկերը՝ թե երկրում, և թե երկրից դուրս, հասկանում ես, որ ամեն ինչ իրական է: Քո երեխաները ռիսկի տակ են հայտնվում: Եվ մտածել, որ ինչ-որ խելագարի մտքով կարող է անցնել, որ իմ ամուսինը կարող է սպառնալիք հանդիսանալ երկրի համար՝ լավ իմանալով, որ իմ երեխաներն ամեն օր դպրոց են հաճախում: Նրան պետք է քոլեջ գնան, ֆուտբոլ խաղան, խնջույքների մասնակցեն, ճանապարհորդեն, ընդունվեն համալսարան: Նրա մտքով էլ չի, անցնում, որ այս ամենը խաղ չէ: Ես սա եմ ուզում, որ մարդիկ հասկանան: Դա չմտածված քայլ էր, որը վտանգում է իմ ընտանիքի անվտանգությունը: Դա ճիշտ չէ: Նա էլ գիտի, որ դա ճիշտ չէ:
Սպիտակ տանը մեր վրա կրակել էին Դեղին կլոր սենյակում: Մի խելագար եկել ու կրակել էր փողոցի կողմից: Փամփուշտը դիպավ պատուհանի ձախ անկյունին: Մինչև հիմա հիշում եմ այդ պահը: Այդտեղ կարող էր իմ ընտանիքի անդամներից որևէ մեկը նստած լինել:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Գրքի վերջում դու գրում ես մնայուն արժեքների մասին: Նշում ես, որ լավատեսությունն ամենուր քեզ հետ է: Զգո՞ւմ ես այդ նույն լավատեսությունը երկրի հանդեպ:

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Զգում եմ: Այո: Մենք պետք է լավատես լինենք: Առաջին հերթին մեր երեխաների համար: Մենք նրանց համար սեղան ենք գցում, բայց չենք կարող զզվելի ուտելիք մատուցել: Մենք պետք է նրանց հույս ներշնչենք: Եթե վախենում ես՝ երբեք արդյունքի չես հասնի: Մենք պետք է մեր վրա վերցնենք լավատես լինելու պատասխանատվությունը և փոխենք աշխարհը:

ՕՓՐԱ ՈՒԻՆՖՐԻ – Պետք է լավատես լինել:

[հուզվում է]

ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱ – Մենք պարտավոր ենք լավատես լինել:

bestseller.am