Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 1 մլն 275 հազար՝ 8.8 տոկոսով ավել նախորդ տարվա ցուցանիշից: Հիմնական այցելությունները եղել են Ռուսաստանից, եվրոպական մի շարք երկրներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
«Այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 275 հազար: Դա 8.8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հուսով եմ, որ տարեկան աճի ցուցանիշը կլինի մոտ 10 տոկոս։ Հեղափոխությունից հետո Հայաստանի ճանաչելիության բարձրացման արդյունքները, սակայն տեսնելու ենք հաջորդ տարի: Այս տարվա վրա դա մեծ ազդեցություն չէր կարող ունենալ»,-ասաց Ապրեսյանը:
Նա նկատեց՝ այցելությունների աճի տեմպն այնքան էլ մեծ չէ: Ապրեսյանը դա մեկնաբանեց հետևյալ կերպ՝ ապրիլ-հունիս ամիսներին զբոսաշրջիկները որքան էլ տեսնում էին, որ երկիրն անվտանգ է, միևնույն է նման երթերի ժամանակ հնարավոր է, որ չգային: Նրա կարծիքով՝ նաև շատերը սպասում էին խորհրդարանական ընտրություններին՝ տեսնելու, թե ինչ է լինելու:
Զբոսաշրջային այցելությունների աճը պայմանավորվող հիմնական երկրները եղել են Ռուսաստանը, եվրոպական մի շարք երկրներ: Մեծ հոսք է եղել նաև Չինաստանից, Հնդկաստանից: Աճն այս երկրներից գրեթե կրկնակի է: Ապրեսյանը նկատեց, որ այցերի նոր դինամիկա է նկատվում ծոցի արաբական երկրներից: «Այս տարի զբոսաշրջիկների հոսքի նվազում է եղել Իրանից: Դա կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ: Իրանից այցելությունների նվազումը նույնպես անդրադարձել է այդ տարվա աճի տեմպի նվազման վրա»,-նշեց Ապրեսյանը:
Այս տարի ուրջ 20 տոկոսով ավելացել է նաև ԱՄՆ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: