Առաջ գնանք առանց աղտոտելու
Advertisement 1000 x 90

Առաջ գնանք առանց աղտոտելու

Ֆրանսիացի լուսանկարիչ Յան Արտուս-Բերտրանը շատ խիստ և զուսպ մարդ է, իսկական պրոֆեսիոնալ: Սակայն իր ստեղծած պատկերները ծնում են էմոցիոնալ և անմիջական խոհեր: 30 տարի առաջ նա գնաց Քենիա՝ իր կնոջ մոտ, որն Աֆրիկայում արդեն երեք տարի ուսումնասիրում էր առյուծների կյանքը: Երեք տարի, օր ու գիշեր գիտնականների խումբը հետևում էր առյուծների մեկ ընտանիքի՝ պրայդի վարքագծին՝ նրանց կյանքի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Ուսումնասիրության ընթացքում բազմաթիվ լուսանկարներ արվեցին: «Ես հասկացա, որ ֆոտոն իր մեջ ավելի շատ ինֆորմացիա է պարունակում, քան տեքստը: Եվ որոշեցի լուսանկարչությամբ զբաղվել, որովհետև ֆոտոյով կարելի է շատ բան բացատրել»,- ասում է Յան Արտուս-Բերտրանը, ով մի քանի օր առաջ Երևան էր այցելել: Լինելով ուղղաթիռի օդաչու և տեսնելով երկնքի և երկրի հայացքների տարբերությունը, նա միաձուլեց ֆոտոխցիկն ու օդանավը: Եվ ստեղծեց տագնապալի գեղեցկությամբ հագեցած հազարավոր պատկերներ:

– Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ Ֆրանսիա վերադարձա, քանի որ իմ երեխաները պետք է դպրոց հաճախեին, ես շարունակեցի ուղղաթիռից լուսանկարել: 1992 թվականին Ռիո դը Ժանեյրոյում էկոլոգիայի խնդիրներին նվիրված կոնֆերանս էր բացվել, և հարյուրավոր երկրներ քննարկում էին իրենց էկոլոգիական վիճակը: Այդ կոնֆերանսից հետո ես հասկացա` ինչ վտանգի տակ է մեր մոլորակը: Օզոնային շերտն է քայքայվում, գետեր են չորանում և շատ այլ արհավիրքներ են կատարվում: Այդ բոլոր խնդիրները ես սրտիս շատ մոտ ընդունեցի: Աշխարհը պաշտպանելու համար պետք էր խոշոր գործ նախաձեռնել, և ես սկսեցի լուսանկարել աշխարհը երկնքից: Երկինքը իմ սերն է: Իսկ երկնքից նետած հայացքն ավելի խորն է, քանի որ տեսադաշտն է մեծանում: Վերևից նայելով, կարողանում ես ավելի խոր մտածել այն վտանգի մասին, որը բոլորիս է սպառնում:

– Ձեր լուսանկարներում քիչ են մարդիկ: Արդյո՞ք մարդու դիմանկարը երկրորդական է: 

– Իմ ֆոտոներում մարդիկ շատ կան, ավելի ճիշտ, շատ են մարդկանց կողմից թողնված հետքերն ու հետևանքները: Մարդկության հետքերն իրենց կառուցած տներն են, մեքենաները և այլ բաներ: Լուսանկարների մեծամասնության մեջ երևում է մարդու ներկայությունը: Եվ հետո, ես ոչինչ չեմ սարքում, լուսանկարում եմ այն, ինչ տեսնում եմ: Այսինքն, մեր հողը:

– Կարծում եք, բոլոր պրոբլեմները մարդո՞ւ պատճառով են ի հայտ գալիս:

– Այո, դրանում երկու կարծիք լինել չի կարող:

– Հայաստանում ի՞նչ առաջնահերթ էկոլոգիական խնդիր տեսաք:

pizap.com14715849188351

– Վստահ եմ, որ Հայաստանն ունի նույն այն խնդիրները, որոնք ամբողջ աշխարհում կան: Ես չեմ եկել այստեղ` Հայաստանի խնդիրները ցույց տալու համար: Իմ նպատակը յուրաքանչյուր մարդու ուշադրությունը ներկա պահի վրա ուղղելն է: Հենց հիմա, այսօր մեզ վտանգ է սպառնում, և այդ վտանգի մասին մտածելը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Շատ քիչ մարդ է գիտակցում այդ վտանգի մասին, նույնիսկ իմ շատ մտերիմ ընկերները չեն ուզում անգամ տեսնել այդ վտանգի իրական լինելը: Ֆրանսիայում մենք համագործակցում ենք 65 դպրոցների հետ և ցանկանում ենք, որ երեխաները դեռ մանուկ հասակից հետաքրքրվեն մեր աշխարհի ապագայով: Ես ուզում եմ, որ նրանց տեսահորիզոնը լայն լինի:

– Երևանյան Ձեր ցուցադրության ընթացքում հասցրե՞լ եք շփվել հայ հանդիսատեսի հետ:

– Մի քիչ: Եվ տեսա, որ հայերի մոտ նացիոնալիստական գծերը շատ են զարգացած:

– Կարծում եմ, ֆրանսիացիներն էլ են նացիոնալիստ:

0_64d73_7a80f970_XXL

vi

vi1

vi5

– Մեր նացիոնալիզմն ուրիշ է: Բայց, ամեն դեպքում, բոլորը պետք է մտածեն` թե ի՞նչ կարող են անել ուրիշին օգնելու համար: Աշխարհում և հարուստներ, և աղքատներ կան: Դա աշխարհի անարդարության դրսևորումներից մեկն է: Աշխարհում հավասարություն չկա: Մենք չենք կարող փոխել այդ կարգը, բայց պետք է իմանանք դրա մասին և ընդունենք, որ դա արդար չէ: Մեր աշխարհը զարգանում է երկայնության վրա: Պետք է առաջ գնալ առանց փչացնելու, առանց աղտոտելու: Լուսանկարը միայն միջոց է այդպիսի զարգացման անհրաժեշտությունը հասկանալու համար: Իմ նպատակն էկոլոգիական պայքարն է, առանց որի զարգացումը թերի է:

– Այդ պայքարը շարունակող այլ նախագծեր ունե՞ք:

– Հիմա աշխատում եմ մի նախագծի վրա, որը կոչվում է «6 միլիարդ ուրիշներ»: 6 մլրդ մարդու նույն հարցն եք տալու և նկարահանելու եք նրանց պատասխանները: Մեկ հարցին տված պատասխանները վիդեոֆիլմի տեսքով 2008 թվականին ցուցադրվելու է Փարիզի «Պոմպիդու» արվեստի կենտրոնում: Մենք կիմանանք, թե ի՞նչ են մտածում մոլորակի բնակիչները: Եվ, ինչպես յուրաքանչյուր իմ նախագիծ, դա էլ է անվճար ցուցադրվելու:

wi1

– Երևանում ցուցադրված «Երկիրը՝ երկնքից» նախագիծը տարբերվո՞ւմ էր այլ երկրների ցուցադրություններից:

– Իմ լուսանկարները ցուցադրելու համար միջոցներ են պետք, այդ պատճառով Հայաստանի ցուցադրությունը ոչ ամբողջական ստացվեց: Այլ երկրներում ցուցադրությունը բացօթյա է լինում, և ավելի մեծ ուշադրություն է դարձվում գրություն-լեգենդներին: Սակայն լուսանկարների այս նույն երևանյան ցուցահանդեսը տեսել է 60 մլն մարդ՝ հարյուրից ավելի երկրներում: Եվ ինչպես էլ լինի, շատերը կհետաքրքրվեն այդ տեսածով: Մարդկանց մտածելակերպը փոխելն իմ խնդիրը չէ, բայց հույս ունեմ, որ կփոխվի նրանց վերաբերմունքը: Ինձ համար շատ կարևոր է Հայաստանի նման փոքր երկրներ այցելելը, հիմա ես պիտի Տաջիկիստան մեկնեմ: Փոքր երկրներում մարդիկ հաճախ ճամփորդելու միջոցներ չունեն և այս ցուցահանդեսը տեսնելով` նրանք իմանում են իրենց հեռու ու մոտ հարևանների կյանքի մասին: Տեսնում են ու հասկանում, որ նույն աշխարհին են պատկանում: Եվ եթե աշխարհի մի անկյունն ավերվում է, ուրեմն անպայման դրա ազդեցությունն իրենք էլ են զգալու. մի տեղը փչանում է և փչացնում է մյուսը:

Նունե Հախվերդյան

«168.am»